«Ս. Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՀՔԾ-ին Մարտի 1-ը կոծկելու համար»
10:53, October 23, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«ՀՔԾ-ն իրավական գնահատական Մարտի 1-ի դեպքերին այդպես էլ չտվեց, ինչը հիմք ընդունելով՝ կարող ենք տալ ՀՔԾ-ի իրական գնահատականը, որն անբավարար է։ Գոհունակություն հայտնել անբավարար աշխատանքի համար՝ դա նշանակում է գոհ լինել, որ ՀՔԾ-ն չի բացահայտել Մարտի 1-ի հանցագործությունն ու իրավական գնահատական չի տվել»։
ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն, այցելելով ՀՔԾ-ին հատկացված նոր մասնաշենքի բացմանը, դրական է գնահատել վերջինիս կատարած աշխատանքը։
Մարտի 1-ի դեպքերի հետ կապված ՀՔԾ-ի գործունեությանն անդրադառնալով՝ իրավապաշտպանը տեսակետ հայտնեց․ «Խնդիրն այն է, որ ՀՀ-ում տասը մարդ հրապարակային սպանվել են, և այդ տասը սպանությունները մինչ այժմ բացահայտված չեն։ Ավելին, այդ տասը քաղաքացիների սպանության հանգեցրած գործողություններն այնքան հրապարակային են եղել, որ պատասխանատու անձինք հայտնի էին։ Այսինքն այս տարիների ընթացքում թե զեկույցները հիմք ընդունելով, թե լրատվական այս ինֆորմացիոն դաշտի նյութերը հաշվի առնելով՝ հիմնավոր, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացնելու համար բոլոր պայմանները կային, որպեսզի այդ հանցագործությունը ստանար իրավական գնահատական և հարցը տեղափոխվեր դատական ատյաններ։ ՀՔԾ-ն միայն սա պետք է աներ, թե դրա արդյունքում ինչ պետք է լիներ, ինչ պետք է արվեր, դա արդեն ՀՔԾ-ին չի վերաբերում։ Դա կառույց է, որը պետք է շարժվեր ոչ թե քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, այլ արդարադատության շահերից ելնելով»։
Իրավապաշտպանը ապա շարունակեց. «Իհարկե Սերժ Սարգսյանը պետք է շնորհակալություն հայտնի ՀՔԾ-ին, որ նրանք 6 տարի շարունակ հետևողականորեն կոծկում են Մարտի 1-ը, և ավելին, քննության չի կանչում Սերժ Սարգսյանին, ով այն ժամանակ վարչապետն էր, և Ռոբերտ Քոչարյանին։ Սերժ Սարգսյանի ՀՔԾ-ին տված դրական գնահատականը հենց այդ երևույթին է վերաբերում, և իրավամբ դրա համար նա կարող է շնորհակալություն հայտնի։ Սա մեզ հետ կապ չունի. ինքը ստեղծում է, ինքն այցելում է, նոր շենք է բացում և այլն»։
Աղբյուրը՝ galatv.am