Ապրիլյան պատերազմում զինվորների մահվան պատճառները
17:45, November 23, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր«Փամփուշտներն են վերջացել, զինտեխնիկան է անսարք վիճակում եղել…»
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, ելնելով պետության կողմից իր քաղաքացիների կյանքի, առողջության եւ անվտանգության ապահովման եւ դրանց վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկման պարտականությունից, իրականացրել է 2016 թ-ի ապրիլի 2-5-ը ժամանակահատվածում պատերազմական գործողությունների (մինչեւ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության Գլխավոր շտաբերի պետերի կողմից հրադադարի հաստատումը) եւ դրանից հետո շարունակվող լարվածության հետեւանքով մահացության դեպքերի, հանգամանքների վերլուծություն:
«Ասպարեզ» օրաթերթն այս թեմայի շուրջ զրուցել է 2016 թ. ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի մասին պատրաստած զեկույցի հեղինակ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանի հետ:
-Տիկին Սադիկյան, ո՞րն էր զեկույցը պատարաստելու հիմնական նպատակը:
-Ամբողջ խնդիրն այն էր, որ պատերազմական գործողությունների եւ հրադադարի ժամանակ զոհված զինծառայողների մահվան մասին հստակ տեղեկատվություն չունեինք: Կենտրոնական զինվորական դատախազությունից եւ պաշտպանության նախարարությունից ստացված պաշտոնական թվերի միջեւ տարբերություններ կային մահացությունների թվերի հետ կապված: Հիմնական նպատակը հանգամանքների բացահայտումն է, այն բոլոր խախտումների, թերությունների, որոնք տեղի են ունեցել այդ ժամանակահատվածում:
-Զեկույցում նշել եք բազմաթիվ խախտումների մասին: Տեղեկությունները ինչպե՞ս եք ձեռք բերել:
-Մենք կարողացել ենք հանդիպել պատերազմում զոհված 65 զինծառայողի ընտանիքների հետ, որոնցից 53-ն է, որ հրադադարի ընթացքում կամ պատերազմական գործողությունների հետեւանքով է մահացել: Մենք տեղեկությունները ձեռք ենք բերել զոհվածների ծնողներից, ովքեր դրանք ձեռք են բերել տարբեր անձանցից կամ ականատեսն են եղել:
-Իսկ որո՞նք են եղել զինվորի կամ սպայի մահվան պատճառները:
-Զինվորների մոտ պատերազմական գործողությունների ժամանակ փամփուշտներն են վերջացել, զինտեխնիկան է անսարք վիճակում եղել կամ անհատական պաշտպանական միջոցներն են թերի եղել: Սրանք բոլորը թերություններ են, որոնք կարիք ունեն բացահայտման, իսկ համապատասխան անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Կարծիք հայտնողներ կան, որ հետախուզական տվյալներն են ուշ հասել կամ ընդհանրապես չեն տրամադրվել զինվորներին: Աջակցող ուժերի կարիք է եղել, որոնք ուշ են հասել կամ ընդհանրապես չեն գնացել: Պատերազմական գործողությունների ժամանակ եղել են նաեւ առողջական վիճակի հետեւանքով մահացածներ: Այսինքն, վիրավորվել են պատերազմական գործողությունների հետեւանքով, բայց երկար ժամանակ վիրավոր են եղել եւ պատճառն այն է, որ ժամանակին պատշաճ բժշկական օգնություն չեն ստացել: Մենք ունենք մի զինծառայող, որն առաջին օրն է մահացել` ապրիլի մեկին եւ նրան վիրավոր ժամանակ տեղափոխող մեքենան մի քանի անգամ փչացել է: Այդ պատճառով նրա մոտ ներքին արյունահոսություն է առաջացել: Հետաքննությունը պետք է պարզի. հնարավոր է, որ այդ անձը փրկվեր, եթե տեխնիկական խնդիրներ չլինեին: Այս ամենը վկայում է ռեսուրսների քիչ լինելու կամ բացակայության մասին:
-Ուզում եք ասել, որ պաշտոնական աղբյուրներն իրական պատճառները չե՞ն ներկայացնում հանրությանը:
-Մեր հանդիպումների ընթացքում ծնողներից տեղեկացել ենք, որ նրանք իրենց երեխաներին պարբերաբար սնունդ են ուղարկում, հագուստ են ուղարկում, ներքնազգեստ են ուղարկում, կոշիկ են ուղարկում: Եթե հավատանք պաշտոնական տեղեկատվությանը,ապա մեր երկրում ամեն ինչ հրաշալի է: Սա փաստ է, որին բոլորս ենք վկա եւ ամեն օր:
-Անդրադարձել եք նաեւ սոցիալական վիճակին: Ֆինանսական ի՞նչ խնդիրներ ունեն զոհվածների ընտանիքները:
-Ուսումնասիրել ենք բնակարանային պայմանները եւ եկամտի աղբյուրները: Մեծ թվով ընտանիքներ աշխատանք չունեն: Հարցման ենթարկված 65 ընտանիքից 15-ը արտագնա աշխատանքի հույսին են: Ընտանիքներ կան, որ տանը ունեն հաշմանդամության կամ ծերության թոշակ ստացող ընտանիքի անդամ եւ միակ ապրուստի միջոցը դա է: Տների մի մասը խարխուլ է, զուրկ են տարրական կենցաղային պայմաններից:
-Պետությունը նրանց չի՞ աջակցում:
-Օրենքով սահմանված կարգով զոհված զինծառայողների ընտանիքներին տրվում են որոշակի գումարներ: Այդ գործընթացը հստակեցված չէր: Նույն կարգավիճակում գտնվող անձինք տարբեր գումարներ էին ստանում: Հիմնականում գումարը տրվել է զոհվածի գերեզմանի շինարարական աշխատանքների համար, բայց տարբեր չափի են եղել:
Ա. Սադիկյանի լուսանկարը` ֆեյսբուքյան էջից. մյուսները` Ֆոտոլուրի