Վանաձորում վենդետան անխուսափելի է. ընտրություններից հետո քրեական խմորումները շարունակվում են
00:07, August 24, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՎանաձորում հնչած վերջին կրակոցները, Լոլոյի Էդոյի՝ Էդմոն Հարությունյանի սպանության փորձը պարզապես հերթական կրիմինալ դեպքը չէ: Այս ամենն անմիջականորեն կապված է խորհրդարանական ընտրությունների հետ, հետընտրական զարգացումներ են, որոնք դեռ երկար են շարունակվելու: Համենայնդեպս, վանաձորցիները խոսում են, որ կրակոցներ դեռևս հնչելու են: Վենդետան անխուսափելի է:
Վանաձորում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Լոլոյի Էդոն խորհրդարանական ընտրություններին աշխատել է Հանրապետականի համար, «վիզ է դրել» ՀՀԿ-ի համար ձայներ բերելու գործում, իսկ նրա սպանության մեջ կասկածվող Արման Շահինյանը, ով Վանաձորում ավելի հայտնի է Յոժ մականունով, ԲՀԿ-ական է, Ծառուկյանի շրջապատից: Յոժի եղբայրը՝ Գևորգ Շահինյանը, ժամանակին Վանաձորի ավագանու անդամ էր, սակայն վերջին ընտրություններին նա չընտրվեց: Վանաձորցիները, սակայն, Գևորգ Շահինյանին, ի տարբերություն Յոժի, բնութագրում են որպես հանգիստ, բարեկիրթ, հարգված անձնավորություն ու ճանաչված սպորտսմեն, որը կրիմինալի հետ ոչ մի առնչություն չունի: Մինչդեռ Յոժը քրեական անցյալ ունի և Ծառուկյանի շրջապատից է: Յոժի ու Էդոյի հարաբերությունները դեռևս նախընտրական շրջանում են վատացել: Նրանք չպարզված հաշիվներ են ունեցել, որին նախորդել են մի քանի այլ հանցագործություններ, ապա նաև Էդոյի սպանությունը:
Իրականում Լոլոյի Էդոյի սպանության փորձը առանձին դեպք չէ: Այն դիտարկվում է նախընտրական, ապա նաև հետընտրական շրջանում Վանաձորում հնչած կրակոցների ու սպանությունների շղթայում: Էդոյի սպանությունը անմիջականորեն կապված է նաև ընտրություններից առաջ Վանաձորում Նեգր մականունով քրեական հեղինակության մասնակցությամբ կրակոցների դեպքի հետ:
Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Վանաձորի «Ֆուլ հաուս» կոչվող սրճարանի մոտ կրակոցներ էին հնչել, որի հետևանքով 27-ամյա Դավիթ Քոչարյանը պարանոցի շրջանում ստացած հրազենային վիրավորումով տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչությունում հարուցվել էր քրեական գործ։ Այս դեպքից հետո էլ տուժողի հարազատների կողմից պայթեցվել էր Նեգրին պատկանող «Վիպ մարկետ» մթերային խանութը։
Քրեական գործի շրջանակներում Նեգրը ներկայացել էր վարույթ իրականացնող մարմին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112 հոդվածի առաջին մասով, կալանավորվել էր, սակայն շատ կարճ ժամանակ անց հայտնվել ազատության մեջ՝ գրավի դիմաց: Այդ ժամանակ մամուլը գրեց, որ Նեգրի համար գրավը վճարել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով խորհրդարանական ընտրություններին ռեյտինգաjին ցուցակով առաջադրվել էր Վանաձորում և մրցակցում էր իր կուսակիցներ Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադի, և Տաշիրի Կարեն Կարապետյանի հետ: Վահրամ Բաղդասարյանը իր միլիոնատեր կուսակիցների հետ փողի լեզվով մրցակցել չկարողանալով՝ գործին խառնել էր քրեական հեղինակություններին: Եվ պատահական չէր, որ Նեգրը ազատ արձակվելուց հետո, թեև կրակել էր երիտասարդ տղայի պարանոցին, անմիջապես լծվել էր Վահրամ Բաղդասարյանի շտաբային աշխատանքներին ու ձայներ էր հավաքում նրա համար: Վահրամ Բաղդասարյանի համար աշխատում էին նաև այլ քրեական տարրեր, այդ թվում՝ Էդոն:
Ընտրություններից հետո մի քանի այլ կրակոցներ էլ հնչեցին, դրանք իրավապահ մարմինների կողմից մնացին անարձագանք, և բանը հասավ Լոլոյի Էդոյի սպանության փորձը, որը վերջինը չի լինելու: Ե՛վ Էդոյի, և՛ Յոժի հարազատները սարսափած են հնարավոր վենդետայից, քանի որ շատ հավանական է, որ Լոլոյի Էդոյի որդին փորձի լուծել հոր վրեժը և վնասի Յոժի ընտանիքին: «Վենդետան անխուսափելի է»,- նշեցին մեր զրուցակից վանաձորցիները:
Ի դեպ, Լոլոյի Էդոյի սպանության վրեժը լուծել և մեղավորին սեփական ուժերով գտնել ու պատժել ցանկանում է ոչ միայն նրա որդին, այլև Էդոյի կողմնակիցները, ովքեր անհայտ մարդիկ չեն: Նրանք փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի փեսան ու նրա հարազատներն են, որոնք այս օրերին զինված անարգել շրջում են Վանաձորի փողոցներով, հաշիվ պարզելու կանչում հնարավոր կասկածյալներին:
Ինչ վերաբերում է քրեական գործերին, ապա լոռեցիների համար այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչպես է ստացվում, որ ցանկացած կրիմինալ դեպքից հետո ոստիկանությանը հաջողվում է շատ արագ բռնել հանցագործին, հիմնավորել նրա մեղքը, սակայն երբ գործը հասնում է քննչական կոմիտեին, ապա մեղավորները նույն արագությամբ դառնում են անմեղ և ազատ են արձակվում, թեև մեղադրվում են ծանրագույն հանցագործությունների մեջ: Ինչպես, օրինակ, եղավ Նեգրի դեպքում:
«Կլինի Վանաձորը, Ջրառատը, Երևանը կամ Սյունիքը, որտեղ որ քրեական օլիգարխիայի կամ դրա հետ անմիջական կապակցված անձ կա, որը իր կերպարով, վարքագծով հաբրգածի մեկն է, նրանք միշտ էլ անպատիժ են մնալու: Նրանք ոչ միայն անպատիժ են մնալու, այլև մշտապես ներգրավված են լինելու տարբեր քրեական ռազբորկաների մեջ՝ որպես հրահրող, մասնակից կամ կատարող»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գնահատելով Վանաձորում ստեղծված վիճակը՝ կարծիք հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ հավելելով. «Եվ նրանց թվում ոչ միայն Երանոսյան Լյովան է, որը ընդամենը ոստիկանապետի տեղակալն է, այլև նույն ոստիկանապետը, Սերժ Սարգսյանը, որը նույն քրեական հեղինակությունների հետ է նստում-վեր կենում, նույն Սաշիկ Սարգսյանը, Մանվել Գրիգորյանը, Սարո Սարոյանը, Լիսկան, Թոխմախի Մհերը, Գագիկ Ծառուկյանը: Այս պահին խոսում ենք Երանոսյանի մասին, բայց ամբողջ երկիրն է կրիմինալի մեջ: Կա անպատժելիների կաստա, որոնք մտածում են, որ իրենց ամեն ինչ կարելի է»:
Իրավապաշտպանի խոսքով՝ եթե ապօրինի զենքի կիրառմամբ մի քաղաքացու բռնեին, միանգամից կդատեին ամենամեծ պատժաչափով: Սամվել Բաբայանին «Իգլայի» խողովակի համար են բռնել, դատում, բայց Ջրառատում ապօրինի զենքի կիրառում էր եղել, կրակահերթ, բայց այդ անձին պայմանական պատիժ տվեցին, և անհայտ է, թե հետո ինչ եղավ:
«Անպատժելիությունը գալիս է հենց վերևից՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Նրա ցույց տված ամենավառ օրինակը ընտրություններն են, որը կազմակերպված մասսայական հանցագործություն է՝ բռնություններով ուղեկցված»,- նկատեց Սաքունցը՝ ընդգծելով. «Իշխանությունները և այս անձինք պետք է շատ լավ հասկանան, որ հնարավոր է մեկ տարի համբերել, երկու տարի համբերել, բայց իրենց ծայրահեղ գործողությունները ստեղծում են այնպիսի իրավիճակ, որի պատասխանը ծայրահեղ գործողություններով են տրվում: Իրենց ծայրահեղ գործողությունները նոր «Սասնա ծռեր» են հրահրում»,- եզրափակեց իրավապաշտպանը: