Ռուսական կողմը Պերմյակովի գործով առնվազն 6 հատոր չի փոխանցել հայկական կողմին
13:26, January 24, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ավետիսյանների ընտանիքԳյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով լիարժեք դատաքննություն հնարավոր չէ իրականացնել, քանի դեռ ռուսական կողմից գործի բոլոր հատորները չեն փոխանցվել հայկական կողմին: Այս կարծիքին են Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները, ովքեր հունվարի 22-ին ռուսական ռազմաբազայի տարածքում անցկացված դատական նիստի ժամանակ նման միջնորդությամբ հանդես եկան:
«Ռուսական կողմն ընդամենը ընդհանուր քրեական գործից 9 հատորն է փոխանցել հայկական կողմին: Մենք տեղյակ չենք, թե մնացած առնվազն 6 հատորներում ինչ փաստական հանգամանքներ կան ներառված, որոնք կարևոր նշանակություն կարող են ունենալ հենց այս գործի քննության համար: Կարևոր մի հանգամանքն էլ այն է, որ ռուսական կողմի մոտ մնացած քրեական գործի նյութերը վերաբերում են հենց հանցագործության գործիքին, որի դուրս բերումը ռուսական բազայից ու դրա հանգամանքները էական նշանակություն կարող են ունենալ դատաքննության ընթացքի վրա»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նիստը նախագահող դատավորը երեկ հետաձգեց այս միջնորդության լուծումը, այնինչ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները պահանջում են, որ սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից դասալքության, զենքը վերցնելու և բազայի տարածքից զենքով դուրս գալու նյութերը փոխանցվեն հայկական կողմին ու կցվեն սպանության գործին:
Սաքունցի խոսքով՝ այն հանգամանքները, որոնք հանգեցրել են Պերմյակովի կողմից ռուսական բազայից զենքի ապօրինի դուրսբերմանը, էական նշանակություն ունեն սպանության հանգամանքների հետ, այդ թվում՝ դրդապատճառների հետ, որովհետև դա նույն զենքն է: Այսինքն՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործիքը նույն այն զենքն է, որը Պերմյակովը դուրս է բերել ռուսական բազայից: Նա չի բացառում, որ եթե գործի այդ նյութերը տրամադրվեն հայկական կողմին, կարող է մեղավորների ցանկի ընդլայնում լինել:
«Ըստ էության դատավորը, առանց որևէ տրամաբանական ու իրավական հիմնավորման, հետաձգեց այդ միջնորդության լուծումը, բայց կարծում եմ, որ դա ի սկզբանե սխալ մոտեցում էր»,-ասաց նա:
Իրավապաշտպանի խոսքով՝ սպանության գործի քննության վրա ռուսական կողմի ազդեցությունն ակնհայտ է: «Ակնհայտ է, որ Պերմյակովը շարունակում է մնալ ռուսական բազայի տարածքում, միանշանակ է, որ Պերմյակովի նկատմամբ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից իրավական վերահսկողության որևէ մեխանիզմ առկա չէ: Միանշանակ է, որ միջնորդությունների այն մասը, որը վերաբերում է հենց դատաքննությանը և հենց ռուսական կողմից վերահսկողության գործիքներին, դրանք կամ մերժվում են, կամ լուծում չեն ստանում: Սրանով է հիմնավորվում, որ դատավորը կարծես թե հանդես է գալիս հենց այդ շահագրիգիռ կողմի ներկայացուցիչը, ոչ թե դատավարության նորմալ իրավական ընթացքը ապահովողը»,- ընդգծեց Սաքունցը: