Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզվածի՝ թմրամոլ լինելու մասին հրապարակելը եւս բժշկական գաղտնիքի բացահայտում է
10:51, January 24, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱրաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր պետք է քններ 2016 թ. հուլիսի 30-ին Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանի գործով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքը:
Հիշեցնենք, որ քննչական մարմինը հանցակազմի բացակայության հիմքով մերժել էր Քաջիկ Գրիգորյանի վերաբերյալ «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի»՝ խարան առաջացնող որակումների առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը:
Բողոքը դատարանում ներկայացվել է, սակայն առարկությունները չեն լսվել: Նիստը հետաձգվել է, քանի որ դահլիճում մեկ այլ գործի դատաքննություն է նշանակված եղել:
Aravot.am-ի հետ զրույցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Տաթեւիկ Սիրադեղյանը (ուղղում՝ Տաթևիկ Սիրադեղյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան է) բողոքի առնչությամբ հայտնեց. «ԶԼՄ-ներում հրապարակվել էր Նորայր Դավիդյանի հարցազրույցը, որում նա Քաջիկ Գրիգորյանի վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկություններ էր հրապարակել, որ նա ՁԻԱՀ-ով հիվանդ է: Մեզ դիմել էր Քաջիկ Գրիգորյանի քույրը, որի դիմումի հիման վրա էլ հաղորդում էինք ներկայացրել: Սակայն վարույթն իրականացնող մարմինը մերժել էր քրեական գործի հարուցումը՝ գտնելով, որ Քաջիկ Գրիգորյանի մասին տեղեկությունները հրապարակվել են մասնագիտական եւ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, այսինքն՝ Քաջիկ Գրիգորյանը ՄԻԱՎ վարակակիր է եղել, նրա հետ շփում ունեցածները կարող էին վարակվել»:
Ըստ փաստաբանի՝ բացի այդ, վարույթ իրականացնող մարմնի որոշման մեջ խոսք չկա Գրիգորյանի՝ թմրամոլ լինելու մասին, մինչդեռ թմրամոլությունը ՀՀ օրենսդրությամբ համարվում է հիվանդություն, եւ այդ մասին տեղեկության հրապարակումը եւս նշանակում է բժշկական գաղտնիքի բացահայտում:
Հավելենք, որ բողոքի քննությունը նշանակվել է փետրվարի 9-ին՝ ժամը 16:30-ին:
Տես նաև՝ hcav.am