ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը Արթուր Սարգսյանի (Հաց Բերողի) մահվան կապակցությամբ
12:05, March 24, 2017 | Համատեղ, ՀայտարարություններԱրեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը խորը ցավով արձանագրում է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների հերթական կոպիտ խախտումը, որի հետեւանքով 2017 թվականի մարտի 16-ին մահացել է «Սասնա Ծռեր» զինված խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը (Հաց Բերողը)։
Վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը, առողջական ծանր խնդիրներ ունենալու հանգամանքի անտեսումն ու կալանավորումը, այնուհետեւ, կարճատեւ ազատ արձակումից հետո, խեղաթյուրված առողջական եզրակացության հիման վրա կրկին կալանավորումը հիմք են տալիս մեզ պնդելու, որ Արթուր Սարգսյանը խղճի հալածյալ է եւ հետապնդվել է քաղաքական դրդապատճառներով:
Նման դեպքերը ավելի են խորացնում երկրի ապագայի հանդեպ ժողովրդի հուսահատ տրամադրությունները, հատկապես նախընտրական քարոզչության այս շրջանում, երբ ամենուր հնչում են ժողովրդավարական պետություն կառուցելու եւ մարդու իրավունքները պաշտպանելու մասին բարձրագոչ հայտարարություններ:
Հայաստանի Հանրապետությունում արդարադատության ճգնաժամի հաղթահարման համար ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը պահանջում է՝
– ՀՀ արդարադատության նախարարի, ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի հրաժարականը,
– աշխատանքից ազատել կալանքը որպես խափանման միջոց կիրառած դատավորներին՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյանին, ինչպես նաեւ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու որոշումը կայացրած քննիչին եւ վերահսկող դատախազին,
– անհապաղ քննություն սկսել Արթուր Սարգսյանի կրկնակի դատաբժշկական փորձաքննության մասնակից եւ եզրակացություն կազմած դատաբժիշկների նկատմամբ՝ չսահմանափակվելով միայն «Արմենիա» ԲԿ-ի բժիշկներով,
– քննության ամբողջ ընթացքի եւ արդյունքների առնչությամբ ապահովել հանրային վերահսկողություն:
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը վերահաստատում է 2016 թվականի նոյեմբերի 29-ին Բրյուսելում կայացած Արեւելյան գորընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 8-րդ տարեկան համաժողովի կողմից ընդունված բանաձեւի պահանջը. «Անհապաղ եւ առանց որեւէ պայմանականության ազատ արձակել Հայաստանի Հանրապետությունում իրենց արտահայտվելու ազատության, խաղաղ հավաքի իրավունքի իրացման համար ազատազրկված բոլոր բանտարկյալներին»։
23 մարտի, 2017թ