Արթուր Սաքունց. Պերմյակովի՝ ՌԴ իրավապահների հսկողության տակ գտնվելու հանգամանքը բացասական ազդեցություն ունի նախաքննության արդյունավետության վրա
10:35, February 24, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը եւ գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործում ներգրավվել են որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ: Արթուր Սաքունցը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ քննիչն իրենց ներկայացրել է քննչական մարմնի կատարած այն գործողությունները, որոնց կարող էին ծանոթանալ տուժողի իրավահաջորդը եւ նրա ներկայացուցիչները. «Խոսքը քրեական գործ հարուցելու եւ մեղադրանք առաջադրելու որոշումների մասին է: Նաեւ մոտ 43 փորձաքննությունների հետ ենք ծանոթացել: Երբ տուժողի իրավահաջորդների եւ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի հետ մասնակցում էինք ընդհանուր հանդիպմանը, այդ ժամանակ գրավոր հրապարակել ենք մեր հարցերը, որոնք ուղղված էին նախաքննության մարմնին, լրացուցիչ հարցեր էինք ուզում ճշտել: Խոսքը Հայաստանի պետական սահմանի խախտման կամ խախտման փորձի հիմքով քրեական գործի մասին տեղեկություն ստանալու եւ Պերմյակովի՝ որպես այս պահին միակ մեղադրվողի կողմից ինքնաձիգի կիրառման արգասիքների բացահայտման ուղղությամբ փորձաքննության իրականացման մասին է»: Հարցին, թե ինչպես է նա գնահատո՞ւմ մինչեւ այդ տեղի ունեցած գործողությունները, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Հաշվի առնելով նյութերի այն ծավալը կամ հնարավորության այն սահմանը, որն ունի Քննչական կոմիտեն, այդ տեսանկյունից անհրաժեշտ բոլոր փորձաքննությունները կատարված են: Բայց հաշվի առնելով՝ որ ինքը՝ հիմնական կասկածյալը, եւ նրա հետ կապված շատ-շատ հարցեր գտնվում են քննչական մարմնի իրավասությունից դուրս, այդ մասով նույն բովանդակությամբ՝ ոչ: Այս պահին մենք արձանագրում ենք՝ Պերմյակովի՝ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների հսկողության տակ գտնվելու հանգամանքը էական բացասական ազդեցություն ունի նախաքննության արդյունավետության, օբյեկտիվության եւ բազմակողմանի իրականացման վրա»:
Աղբյուրը՝ aravot.am