Մարդուն հոգեբուժարան տանելը խորհրդային «լավագույն» ավանդույթն է. Մարուքյանը վարչապետին
17:18, February 24, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ՔաղբանտարկյալներԱզգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին հորդորելով վերջինիս հետաքրքրվել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի վիճակով:
Ինչպես տեղեկացրել էինք՝ այսօր Գասպարիին տեղափոխել են «Նորքի» հոգեբուժարան՝ հոգեբուժական փորձաքննության:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որը գտնվում է «Նորքի» հոգեբուժարանում, armtimes.com-ին հայտնել էր, որ իր հարցին պատասխանելով Գասպարին ասել է, որ լավ չի զգում: «Գասպարին մի փոքր վատ զգաց, ընկնում էր, բռնեցին, որ կարողանա ոտքի վրա մնալ»,-ասել էր Սաքունցը:
«Օգտվելով առիթից, պարոն վարչապետ, ես առաջարկում եմ ձեզ, նաեւ կառավարության անդամներին հետաքրքրվել ակտիվիստ Վարդգես Գասպարիի առողջությամբ, մամուլում լուրեր կան, որ նա վատ վիճակում է գտնվում: Իրապես, սա այն դեպքն է, որ ես կարծում եմ, որ նրան կալանավորելու դատարանի որոշումը անհիմն է եւ անօրինական, եւ մեր երկրին որեւէ կերպ պատիվ չի բերում: Նաեւ նման դեպքերում մարդուն հոգեբուժարան տանելը եւ հոգեկան վիճակը ստուգելը հուշում է խորհրդային տարիների «լավագույն» ավանդույթները: Ես հույս ունեմ, որ կառավարության անդամները եւ վարչապետը միջոցներ կձեռնարկեն, որ Գասպարին ազատ արձակվի»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետին եւ կառավարության անդամենրին ասաց պատգամավոր Մարուքյանը: