Դատարանը մերժեց փետրվարի 26-ին կայանալիք շուրջօրյա հավաքի նկատմամբ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ հայցը
11:17, February 24, 20162015 թ. փետրվարի 15-ին Վարուժան Ավետիսյանը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ, հայցադիմում էր ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետարանի կողմից 2016 թ. փետրվարի 26-ին Ազատության հրապարակում կայանալիք շուրջօրյա հավաքի նկատմամբ կիրառված ժամային սահմանափակումը վերացնելու և հավաքի ժամանակ որպես առարկա վրան օգտագործելու մերժումը վերացնելու պահանջով:
Հավաքը 00:00-24:00-ն անցկացնելու նկատմամբ Երևանի քաղաքապետարանի կողմից կիրառված սահմանափակումը պայմանավորվել էր ՀՀ Ոստիկանության կողմից գրությամբ հայտնված այն տեղեկությամբ, որ շուրջօրյա հավաքների ընթացքում մասնակիցների կողմից գիշերային ժամերին դրսևորվել է հակահասարակական վարքագիծ, ինչպես նաև ոստիկանությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ նմանօրինակ դրսևորումները կրելու են շարունակական բնույթ: Բացի դրանից ՀՀ Ոստիկանությունը հայտնել էր նաև, որ հատկապես գիշերային ժամերին հավաքի մասնակիցների հնարավոր համանման հակահասարակական դրսևորումները նախականխելու, այլ անձանց սահմանադրական իրավունքները և հանրության շահերը պաշտպանելու, հավաքի խաղաղ և բնականոն ընթացքն ապահովելու գործառույթները ոստիկանության կողմից լիարժեք և պատշաճ իրականացնել հնարավոր չէ: Ինչ վերաբերում է վրանի օգտագործման մերժմանը, ապա հավաքի վերաբերյալ իրազեկումը քննարկող լիազոր մարմինը հղում էր կատարել ՀՀ Մշակույթի նախարարության հայտնած գրավոր կարծիքին, ըստ որի՝ հուշարձանների օգտագործման հիմնական նպատակների հետ անհամատեղելի նկատառումներով հավաքի ընթացքում վրանների տեղադրումն անթույլատրելի է համարվել:
Դատարան ներկայացված հայցադիմումում հիմնավորումներ էին ներկայացվել այն մասին, որ հավաքի նկատմամբ ժամանակի, եղանակի կամ վայրի սահմանափակումներ կարող են կիրառվել միայն այն դեպքում, երբ դրանք գերակայում են հավաքի ազատության իրավունքի նկատմամբ, մինչդեռ Երևանի քաղաքապետարանը որևէ փաստական հիմք չէր ներկայացրել այդ մասին՝ արդյունքում կայացնելով չպատճառաբանված ու անհիմն որոշում: Վրանի օգտագործման մերժման ոչ իրավաչափությունը հիմնավորվել էր նախ այն հիմքով, որ լիազոր մարմինը հղում էր կատարել դեռևս դեկտեմբերի 14-ին ներկայացված գրավոր կարծիքին, մինչդեռ հավաքի վերաբերյալ իրազեկումը Վ. Ավետիսյանը ներկայացրել էր 2016 թ. հունվարի 29-ին: Հայցադիմումում հղում էր կատարվել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի այն դրույթին, որի ուժով լիազոր մարմինը պարտավոր էր հավաքի վերաբերյալ իրազեկումն ստանալուց հետո դիմել ՀՀ Մշակույթի նախարարություն՝ կարծիք ստանալու համար: Բացի դրանից՝ հիմնավորումներ էին ներկայացվել նաև այն մասին, որ ՀՀ Մշակույթի նախարարությունը կարող է կարծիք հայտնել հավաքի անցկացման վերաբերյալ ընդհանրապես և ոչ՝ հավաքի ընթացքում կոնկրետ առարկաների օգտագործման վերաբերյալ:
Հայցադիմումի քննությունը տեղի ունեցավ հատուկ վարույթի կարգով՝ 2016 թվականի փետրվարի 22-ին կոլեգիալ կազմով, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, մասնակությամբ՝ դատավորներ Մ. Մելքումյանի և Կ. Զարիկյանի:
Հայցադիմումի քննությանը ներկա էին հայցվոր Վ. Ավետիսյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տ. Սիրադեղյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետրանի ներկայացուցիչ Հ. Մարգարյանը:
Հայցվոր կողմը, պնդելով իր կողմից ներկայացված հիմնավորումները, ելնելով հայցվորի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով ամրագրված հավաքների ազատության իրավունքից, խնդրեց մասնակիորեն՝ 2016 թ. փետրվարի 26-ին կայանալիք հավաքի նկատմամբ կիրառված ժամանակի սահմանափակման և հավաքի ընթացքում վրան օգտագործելը մերժելու մասով, անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչ Գ. Բաղդասարյանի՝ 2016 թվականի փետրվարի 3-ին ընդունված որոշումը:
Հայցադիմումի դեմ իր առարկությունները ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Հ. Մարգարյանը: Վերջինս նշեց, որ կայացված վարչական ակտն իրավաչափ է, բխում է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթներից, միաժամանակ, նշեց, որ հայցվոր կողմը խախտել է հայցադիմում ներկայացնելու ժամկետը, քանի որ այն պետք է ներկայացվեր որոշումը հրապարակելու պահից: Միաժամանակ, Հ. Մարգարյանը դատարան ներկայացրեց վարչական վարույթի նյութերը:
Հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ հայցվոր կողմն առաջնորդվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթներով, ըստ որի՝ վարչական ակտն ուժի մեջ է մտնում անձին իրազեկելուն հաջորդ օրը, այդպիսով գտնելով, որ հայցադիմումը դատարան ներկայացնելու ժամկետի խախտում թույլ չի տրվել:
Դատարանը որոշ հարցեր ուղղեց կողմերին, կողմերը նույնպես որոշ հարցեր ուղղեցին միմյանց, որից հետո, հետազոտելով գործում առկա ապացույցները, դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին:
Հայցվոր կողմը պնդեց իր կողմից ներկայացված հայցը, որից հետո դատարանը, դատաքննությունը համարելով ավարտված, հայտարարեց որոշման հրապարակման օրը:
2016 թ. փետրվարի 19-ին հրապարակված վճռով դատարանը մերժեց ներկայացված հայցը: Սույն վճռով դատարանը եզրակացրել է, որ վիճարկվող որոշմամբ կիրառված միջամտության եղանակներն անհրաժեշտ են այլ անձանց իրավունքները պաշտպանելու համար, պիտանի են այդ նպատակներին հասնելու համար, չափավոր են և չեն հանգեցնում հավաքի իմաստազրկմանը: Դատարանն արձանագրել է, որ կիրառված սահմանափակումների համատեքստում հետապնդվող շահը տվյալ դեպքում գերակայում է խաղաղ հավաքների ազատության նկատմամբ: