Դադարեցրեք ապօրինի ազատազրկումը. Սաքունց
23:36, February 24, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Մենք գիտենք հետևյալը, որ Վարդգես Գասպարիի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին, գիտենք, որ Գասպարին ինքն իր վերաբերմունքն է արտահայտել դատարանին՝ պաշտպանից հրաժարվելու հետ կապված, գիտենք նաև, որ ամենավերջին անգամ նրան շտապօգնության մեքենայով էին տնից տարել դատարան, բայց որևէ փաստ չունենք, որ ստորագրությունով չհեռանալու այդ խափանման միջոցը խախտվել է»,- Վարդգես Գասպարիի կալանավորման մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և հավելեց.«Դատարանը եթե նրա հայտարարությունները համարեր անհարգելի վերաբերմունք, ապա առավելագույնը կարող էր կիրառել վարչական պատասխանատվություն՝ տուգանք: Բացարձակապես այդ որոշումն ունի պատժելու բնույթ. մարդուն պահել անազատության մեջ՝ միայն հնազանդեցնելու միտումով: Դա ակնհայտորեն ունի նաև քաղաքական դրդապատճառ, որովհետև Վարդգես Գասպարին որևէ բռնի գործողություն, որևէ անձի նկատմամբ չի իրականացրել»:
Արթուր Սաքունցի խոսքով՝ կլինեն արձագանքներ նաև այն կառույցների կողմից, որոնց ՀՀ-ն, թեկուզ ձևական անդամակցում է.«Առաջին հերթին միջազգային արձագանքներ պետք է լինեն, բայց մինչև դա հենց մենք ենք պահանջում՝ դադարեցրեք այդ ապօրինի ազատազրկումը»:
Մյուս բանախոս «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի ղեկավար Արման Դանիելյանն էլ նշեց.«Ստացվում է, որ դու համ մարդուն կալանավորում ես, ինքը գտնվում է անազատության մեջ, համ էլ՝տուգանում ես: Սա օրենսդրական խնդիր է ու պարզ չէ, թե ինչի է այդպես:
Գասպարին մարտի 1-ի գործերով ևս դատապարտված էր, պատիժ էր կրում ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու համար, և չեմ կարծում, որ նրան պետք է կալանավորել հնազանդեցնելու համար: Ակնհայտ շինծու գործով կալանավորել էին այն ժամանակ, դատապարտել էր այս դատական համակարգը, ցուցմունքները տվել էր այս ոստիկանությունը և եկեք չզարմանանք, որ Վարդգես Գասպարին ունի իր դիրքորոշումը դատական համակարգի արժանապատվության և այլ ոլորտների վերաբերյալ»:
Տես նաև՝ www.haynews.am