Խցակիցները Գասպարիին «պարբերաբար ծեծում և նվաստացնում են»
17:40, February 24, 2016Ըստ փաստաբան Տիգրան Եգորյանի, իր պաշտպանյալի վրա նաև ժամանակ առ ժամանակ սառը ջուր են լցնում:
Կալանված ըննդդիմադիր ակտիվիստ Վարդգես Գասպարին պնդում է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում խցակիցների կողմից պարբերաբար ծեծի և նվաստացումների է ենթարկվում: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Գասպարիի փաստաբան Տիգրան Եգորյանը:
Փաստաբանը նաև հավելեց, որ ծեծելուց բացի, իր պաշտպանյալի վրա ժամանակ առ ժամանակ սառը ջուր են լցնում: Գասպարին, ըստ Եգորյանի, արդեն 2 օր է՝ հրաժարվում է սնունդ և ջուր ընդունել:
Դատարանի որոշմամբ, ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր տեղափոխվել է «Նորք» հոգեբուժարան՝ դատահոգեբանական փորձաքննության։ Այդ մասին «Ազատության»-ն ասաց արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։
Գասպարիի կինը՝ Անահիտ Այվազին «Ազատության»-ն ասաց, որ առավոտյան է տեղեկացել ամուսնու՝ հոգեբուժարան տեղափոխելու մասին։ «Երեկ ինձ թույլ չտվեցին տեսակցել նրան՝ ասելով, որ իրավունք չունեմ։ Այսօր առավոտյան թույլատրեցին, բայց նշեցին, որ Գասպարին այնտեղ չէ, տեղափոխվել է հոգեբուժարան», – ասաց Անահիտ Այվազին։
«Ազատության»-ը հաջողվեց հոգեբուժարանում հանդիպել Գասպարիին։ Նա միայն մեկ նախադասություն հասցրեց ասել. «Ես լավ չեմ»։ Ոստիկանները չթույլատրեցին շարունակել նրա հետ զրույցը։
Վարդգես Գասպարիին, հիշեցնենք, կալանավորվել է փետրվարի 19-ին։ Նա մեղադրվում է ոստիկանին վիրավորելու, դատական նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու մեջ։