Հովհ. Մոսյանի հիվանդության դեպքում կիրառելի հոդվածի պարզման համար նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն
16:19, February 24, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ2017 թ. փետրվարի 23-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Կ. Բաղդասարյանի, շարունակվեց Հովհաննես Մոսյանի առողջական վիճակի մասին ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը վերացնելու վերաբերյալ հայցադիմումի քննությունը:
Հիշեցնենք, որ 2016 թ. օգոստոսի 18-ին նշանակված էր վճռի հրապարակման օր, սակայն Դատարանը հայտարարեց դատաքննությունը վերսկսելու մասին՝ պայմանավորված ապացույցները լրացուցիչ հետազոտելու ու գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը շարունակելու անհրաժեշտությամբ:
2017 թ. փետրվարի 23-ին դատական նիստին մասնակցում էին Հովհ. Մոսյանի ներկայացուցիչներ Գոհար Մոսյանը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Նախագահող դատավոր Կ. Բաղդասարյանը պարզաբանեց, որ Հովհ. Մոսյանի մոտ ախտորոշված հիվանդության պայմաններում ՀՀ պաշտպանության նախարարի 2013 թվականի ապրիլի 8-ի թիվ 410-Ն հրամանով կիրառելի հոդվածի պարզման համար անհրաժեշտ են մասնագիտական գիտելիքներ, ուստի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն է առաջացել:
Փորձաքննության կատարումը հանձնարարվեց «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին, իսկ հայցվոր կողմին տրամադրվեց եռօրյա ժամկետ՝ հնարավոր հարցերը ձևակերպելու և դատարան ներկայացնելու համար:
Այսպիսով՝ փորձաքննություն նշանակելու հիմքով գործի վարույթը կասեցվեց:
Հիշեցնենք՝ հայցադիմումի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ ՀՀ կենտրոնական բժշկական հանձնաժողովի արձանագրությամբ Հովհաննես Մոսյանին ՀՀ պաշտպանության նախարարի 2013 թվականի ապրիլի 8-ի թիվ 410-Ն հրամանի 5-րդ հոդվածի գ կետի առաջին սյունակի պահանջի հիման վրա տրամադրվել է 10 ամիս ժամկետով տարկետում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից, մինչդեռ հայցվորի հիվանդության առկայության պայմաններում պետք է կիրառվեին հիշյալ հրամանի այլ հոդվածի դրույթներ, որով տարկետում է տրամադրվում 3 տարի ժամկետով: