Ցուցարար Նաիրա Բադալյանի ներկայացուցիչը միջնորդեց մասնակի կարճել գործի վարույթը
11:30, February 24, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Հավաքների և միավորումների ազատություն2017 թ. փետրվարի 22-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Ս. Հովակիմյանի, շարունակվեց անցած տարվա մարտին Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքի մասնակից Նաիրա Բադալյանին ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերով վարչական պատասխանատվության ենթարկելու՝ Ոստիկանության հայցի քննությունը: Դրա շրջանակներում Ն. Բադալյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը հակընդդեմ հայց է ներկայացրել՝ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով:
Նախնական դատական նիստին ներկայացել էր միայն Ն. Բադալյանի ներկայացուցիչը: Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը դիմում էր ներկայացրել՝ դատականն նիստն իր բացակայությամբ անցկացնելու խնդրանքով:
Տ. Սիրադեղյանը ներկայացրեց հակընդդեմ հայցի առարկան ու հիմքերը՝ նշելով, որ հավաքը ցրելու, Ն. Բադալյանին ձերբակալելու, նրան չներկայանալու, ֆիզիկական ուժ գործադրելու՝ ոստիկանության գործողությունները հանգեցրել են Ն. Բադալյանի՝ հավաքների ազատության, կարծիքի ազատ արտահայտման, անձնական ազատության և անձեռնմխելիության ու ազատ տեղաշարժի, խոշտանգումներից, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքների խախտմանը: Տ. Սիրադեղյանը հակիրճ ներկայացրեց նաև հայցի փաստական և իրավական հիմքերը, կիրառման ենթակա իրավական ակտերի շրջանակը:
Վերջինս նաև միջնորդեց ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ մասով կարճել գործի վարույթը, քանի որ ՀՀ Ոստիկանության կողմից չի կազմվել և դատարան չի ներկայացվել այդ արարքի կատարման հիմքով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Սրա առնչությամբ դատարանն անհրաժեշտ համարեց պարզել նաև հայցվոր կողմի դիրքորոշումը, ապա նշեց, որ դատարանը կարող է իր դիրքորոշումն արտահայտել նաև վերջնական դատական ակտով, և գործը համարելով դատաքննության նախապատրաստված՝ այն նշանակեց դատաքննության:
Հաջորդ նիստի մասին կողմերը լրացուցիչ կծանուցվեն: