Գյումրիի սպանությունը կարող է սադրանք լինել՝ Հայաստանի դեմ քայլերի համար
16:57, April 24, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո Գյումրիում տեղակայված ռուսական բազան անընդհատ հանրության ուշադրության կենտրոնում է։ Օրերս ռուս զինծառայող էր անհետացել, հիմա էլ ռազմաբազայի զինծառայող է սպանվել։ Իրավիճակը հնարավո՞ր է նորից սրվի։
Սկսենք Ավետիսյանների ընտանիքի սպանությունից։ Սպանության փաստով քրեական գործի շրջանակներում մեզ հասանելի նյութերի հիման վրա մենք արձանագրեցինք, որ այդ ընտանիքի սպանության հետ կապված կան հանգամանքներ, որոնք պայմանավորված էին ռուսական ռազմակայանում տիրող իրավիճակով։ Ցավոք սրտի, սպանության հանգամանքների, դրանց բացահայտման ուղղությամբ պատշաճ քննչական գործողություններ չիրականացվեցին։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է թե ռուսական բազայի հրամանատարի հարցաքննությանը, թե Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո ռուսական բազայի հրամանատարի՝ թիկունքի գծով տեղակալի պաշտոնից հեռացմանը։ Ի դեպ, հրամանատարը չհարցաքննվեց, որովհետև նրան էլ անմիջապես տեղափոխեցին։ Ըստ տեղեկությունների՝ նա հայտնվեց արևելյան Ուկրաինայում։ Պերմյակովի անմիջական հրամանատարները ևս դատաքննության ժամանակ չկանչվեցին։ Կա խնդիրների մի ամբողջ շարք, որոնք կապված են այն հարցի հետ, թե ինչն էր բուն պատճառը, որը հանգեցրեց Պերմյակովի՝ ռազմաբազայի տարածքը թողնելուն։ Պաշտոնական այն վարկածը, որ իբր նա բազայի տարածքը թողել է գումար հայթայթելու և Թուրքիայի տարածքով Ռուսաստան տեղափոխվելու համար, ընդհանրապես ոչ միայն ողջամիտ չէ, այլև որևէ այլ ցուցմունքով չհաստատվեց։Ուզում եմ նաև քրեական գործի հետ կապված հանգամանքները հիշատակել, որ հայկական կողմն այդպես էլ չհամարձակվեց լիարժեք, բազմակողմանի քննություն իրականացնել, քանի որ ռուսական կողմից նման պայմաններ չապահովվեցին, ավելին, ռուսական կողմի պահվածքը խոչընդոտեց, սահմանափակեց նման քննության իրականացմանը։ Անհրաժեշտ եմ համարում հիշատակել, որ սահմանափակման հիմնավորումն այն էր, որ ռուսական կողմն առանց որևէ իրավական հիմքի, չունենալով նման իրավասություն, քրեական գործ հարուցեց Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստով։
Ըստ էության՝ այդպես էլ մեզ հասանելի չեղան այդ քրեական գործի նյութերը, որոնք վերաբերում էին ռուսական բազայի տարածքը թողնելուն և զենքն ապօրինի դուրս բերելուն, դատարանն էլ չբավարարեց տուժողների իրավահաջորդների միջնորդությունը՝ այդ քրեական գործի նյութերը պահանջելու մասով։
Մի քանի օր առաջ ռուսական բազայի պայմանագրային ռուս զինծառայողի անհետացման, ապա նրա հայտնաբերման հետ կապված ևս շատ հարցերի պատասխաններ չստացանք։ Ռուսական կողմը միայն երկու օր հետո է հայտնում զինծառայողի անհետացման լուրը, որ որոշել էր մի երկու օր էլ բացակայել, նոր վերադառնալ ծառայության, և մենք այդպես էլ հստակ չիմացանք՝ նա անհետացել էր ռուսական բազայի տարածքը թողնելուց հետո՞, թե իր տնից դուրս էր եկել և իրեն չէին գտնում։ Բացի այդ, շատ ուշագրավ պարզաբանում է տալիս անհետացած և հայտնաբերված զինծառայողը, որ որոշել էր մի երկու օր էլ բացակայել, ժամանակ անցկացներ և նոր վերադառնար ծառայության։ Հարց եմ տալիս. ի՞նչն էր պատճառը, որ պայմանագրային զինծառայողն այդպես խուսափում էր զինծառայողության վայր գնալուց։ Նա շատ լավ գիտեր, թե որքան ժամանակից հետո պետք է հայտնվի զինծառայության վայրում և անցնի իր զինվորական պարտականությունների կատարմանը։ Պատճառաբանությունը, որ նա ժամանակը անցկացնելու նպատակով է բացակայել, տվյալ դեպքում չի համապատասխանում իմ հնչեցրած հարցին։ Այսինքն, հարցը վերստին հանգում է ռուսական ռազմակայանում տիրող իրավիճակին։
Եվ վերջին փաստը, որ ռուսական բազայի զինծառայողի սպանություն է կատարվել, ըստ նախնական վարկածի, Գյումրիի բնակչի կողմից, նշվում է, որ դրա պատճառը ինչ-որ կենցաղային հարցեր են։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ ռուսական բազայում տիրող իրավիճակի, մասնավորապես զինվորական կարգապահության, զինծառայության պայմանների, զինծառայողների նկատմամբ հրամանատարների վերաբերմունքի հետ կապված հարցեր կան։ Դրանց վերաբերյալ առնվազն ՀՀ քաղաքացիները պատշաճ իրազեկված չեն։ Մենք չգիտեինք, թե ինչ է տիրում ռազմաբազայի պատերից ներս։ Եվ երկրորդ, այդ ինչ կենցաղային հարաբերություններ պետք է ծագեն զինծառայողի և բնակչի միջև, որ հանգեցնի նման ծայրահեղ դրսևորման՝ սպանության։
Այստեղ խնդիրն այն է, որ զինծառայողների պահվածքը և դրա հետևանքով նաև զինծառայողների նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը մտահոգիչ աստիճանի են հասել։ Ես ցավում եմ, բայց որևէ վստահություն չունեմ, որ ռուսական բազայի զինծառայողների հետ կապված միջադեպերով պատշաճ քննություն կիրականացվի, և մենք կիմանանք ողջ ճշմարտությունը։ Ավետիսյանների ընտանիքի սպանության քրեական գործը ցույց տվեց, որ Հայաստանի իրավապահ և քննչական մարմինները չունեն այդ համարձակությունը՝ ՀՀ քրեական օրենսդրությամբ սահմանված բոլոր նորմերն իրականացնելու։ Այսինքն այս բոլոր գործերում ակնհայտորեն կա քաղաքական գործոնը, որը պայմանավորված է Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի իշխանությունների վարքագծով, մյուս կողմից՝ ՌԴ-ի իշխանությունների ակնհայտ սյուզերենի դիրքերից հանդես գալու վերաբերմունքով։ Սա չի կարող նպաստել օբյեկտիվ քննության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։ Խնդիրը նաև այն է, որ մենք միշտ հարց ենք դրել, որ հայ-ռուսական պայմանագրով որևէ հստակ մեխանիզմ, որը կկարգավորեր ռուսական բազայում տիրող իրավիճակի նկատմամբ Հայաստանի կողմից մշտադիտարկման իրականացումը, չկա, բացակայում է։
Հնարավո՞ր է՝ երկկողմ հարաբերությունները վերանայվեն, ի վերջո հայկական կողմը ինչ-որ պահանջներ դնի ռուսական կողմի առաջ։
Երբ հայկական կողմը ռուսական կողմից ընկալվեր որպես հավասար կողմ, և հայկական կողմը ռուսական կողմի նկատմամբ վերաբերեր որպես հավասար կողմի։ Քանի դեռ այդ քաղաքական հարաբերություններում գոյություն չունի իրավահավասարություն, նրանց մի սեղանի շուրջ նստելն ընդհանրապես անիմաստ է։ Մի բան պարզ է, որ ռուսական բազան արդեն իսկ իմ նշած մի քանի փաստերով, ռուսական բազայում ծառայողների գործողությունների և հնարավոր ռիսկերի առումով անկանխատեսելիությունը մեծանում է։ Սրա պատասանատվությունն, առաջին հերթին, կրում է հայկական կողմը, որ ինքը պահանջներ չի կարողանում ներկայացնել։ ՀՀ քաղաքացիների անվտանգության, նրանց իրավունքների պաշտպանության և այդ տեսակետից ռուսական բազայի նկատմամբ պահանջներ ներկայացնելու առաջին պատասխանատուն ՀՀ իշխանություններն են, ՀՀ դատախազությունն ու ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Ես հիշում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազն այդպես էլ նույնիսկ պատասխան չստացավ, չհամարձակվեց պատասխան ստանալ ռուսական դատախազությունից։ Սա լուրջ մտահոգիչ իրավիճակ է և, ցավոք, չէինք էլ կարող այլ բան սպասել, որովհետև այն վիճակը, ինչ տիրում է ՌԴ զինված ուժերում՝ կոռուպցիա, մարդու իրավունքների խախտումներ և այլն, դա չի կարող չդրսևորվել ռուսական բանակի մի ստորաբաժանման վրա, ինչպիսին Գյումրիում գտնվող 102-րդ ռազմակայանն է։ Այսինքն՝ արտասահմանում գտնվող զինվորական ստորաբաժանումները և դրանցում ծառայողները շատ ավելի մեծ պատասխանատվությամբ պետք է մոտենան թե իրենց ծառայությանը, թե իրենց ծառայության վայրում գտնվող պետության քաղաքացիների և պետության իշխանությունների հանդեպ։ Մենք տեսնում ենք նաև այս անպատասխանատվության վարքագիծը։ Սա է ամբողջ իրավիճակը և կարծում եմ՝ այս առումով օրակարգային է ռուսական բազայի պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որը հանդես է գալիս որպես անվտանգության երաշխավոր, բայց իրականում իր վարքագծով շատ ավելի մտահոգում է որպես Հայաստանի անվտանգության մարտահրավեր։ Այսինքն, ռուսական բազան փոխանակ լուծի անվտանգության խնդիրներ, ինքը անվտանգության սպառնալիք է հանդիսանում։
Մեկ այլ կարևոր հանգամանք ևս ուզում եմ նշել, այն է՝ ՌԴ իշխանությունների հնարավոր սադրանքների կազմակերպումը, որը մենք տեսնում ենք տարբեր երկրների նկատմամբ։ Մենք շատ լավ գիտենք, որ Ռուսաստանի իշխանությունները որոշակի մտահոգություն ունեն Հայաստանում աճող հակառուսական տրամադրությունների հետ կապված, և շատ լավ գիտակցում են, որ ռուսական բազայում տիրող իրավիճակը հանդիսանում է իրական պատճառներից մեկը։ Եվ որպեսզի հակառուսական տրամադրությունները տրանսֆորմացվեն, և հանրության ուշադրությունը սևեռվի բոլորվին այլ ուղղությամբ, չեմ բացառում, որ տեղի ունեցածը նաև սադրանք լինի։ Որի հիման վրա էլ կարող է կառուցվել ռուսական կողմի շատ ավելի ակտիվ ներկայությունը, մասնակցությունը և միջամտությունը ՀՀ ներքին գործերին։ Այսպիսի սադրանքներ նրանք անում են Գերմանիայում, մերձբալթյան երկրներում, ընդհուպ հասել են նաև Ֆրանսիա։