Դատարանը քննել և բավարարել է հարկադիր կատարողի միջնորդությունը՝ օրենքի դրույթների կոպիտ խախտմամբ
15:36, February 24, 2017 | Նորություններ, Սեփական լրատվությունՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է պաշտպանել ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների ապօրինի գործողություններից տուժած Անուշ Պողոսյանի իրավունքները:
Հիշեցնենք, որ Ա. Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանի՝ դատարանի որոշմամբ արգելադրված շարժական գույքի օգտագործման փաստն ստուգելու նպատակով ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները փորձել էին ներխուժել նրա բնակարան և հանդիպելով դիմադրության՝ Ա. Պողոսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմել դատարան, ապա հրաժարվել հայցից:
Միաժամանակ, ՀՀ ԴԱՀԿ Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կ. Պարոնյանի՝ 2016 թվականի հունվարի 22-ի կատարողական վարույթները վերսկսելու իրավահարաբերության բացակայության ճանաչման պահանջով Ա. Պողոսյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ դիմել էր ՀՀ Վարչական դատարան: Ա. Պողոսյանի հայցը վարույթ ընդունելու հիմքով հարկադիր կատարողը կասեցրել էր կատարողական վարույթները:
Չնայած որ հարկադիր կատարողը կասեցված վարույթի շրջանակում որևէ գործողություն կատարելու լիազորություն չունի՝ Կ. Պարոնյանը 2016 թ. հոկտեմբերի 21-ին դիմել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Ա. Պողոսյանի բնակարան մուտք գործելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ, ինչը հակասում է «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքին:
Համաձայն դրա՝ հարկադիր կատարողը պարտապանի բնակարան մուտք գործելու միջնորդությամբ դատարան կարող է դիմել միայն այն դեպքում, երբ բնակարան մուտք գործելու անհամաձայնություն է հայտնում կատարողական վարույթի մասնակից չհանդիսացող անձ, ինչն այս դեպքում բացակայում է, և դատարանը միջնորդությունը քննել ու բավարարել է օրենքի դրույթների կոպիտ խախտմամբ:
Նշենք, որ Ա. Պողոսյանը միջնորդել էր կարճել գործի վարույթը՝ վկայակոչելով այն քննելու հիմքերի բացակայությունը, սակայն դրանից օրեր անց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Ներսիսյանի կողմից կայացվել էր վերոնշյալ ապօրինի որոշումը: