Գայանե Առուստամյանի գործով դատարանի որոշումը կհրապարկվի մարտի 14-ին
17:36, February 24, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Տեղաշարժի ազատություն2017 թ. փետրվարի 23-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, շարունակվեց Գայանե Առուստամյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով ՀՀ Ոստիկանության հայցի և ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով Գայանե Առուստամյանի հակընդդեմ հայցի քննությունը:
Դատական նիստին ներկայացել էին ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանն ու Գ. Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Նախագահող դատավոր Հ. Այվազյանը նշեց, որ Ս. Մելիքյանի կողմից դատարան է ներկայացվել ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումն ու դրա ուժի մեջ մտնելու մասին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի գրությունը:
Միաժամանակ Ս. Մելիքյանը նշեց, որ որոշումը ներկայացնում է որպես լրացուցիչ ապացույց և խնդրեց այն գնահատման առարկա դարձնել դատական ակտ կայացնելիս:
Գ. Առուստամյանի ներկայացչի հարցին ի պատասխան՝ պարզաբանեց, որ դա վկայում է ոստիկանության աշխատակիցների գործողությունների իրավաչափ լինելու մասին:
Դատարանը, հետազոտված համարելով գործով ձեռք բերված ապացույցները, անցավ ամփոփիչ ճառերի ներկայացման փուլին:
Ոստիկանության ներկայացուցիչը պնդեց հայցը՝ համոզմունք հայտնելով, որ ապացուցվել է Գ. Առուստամյանի կողմից ոստիկանության ծառայողին վիրավորելու փաստը, և վկայակոչեց իրավախախտման վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի կողմից քննված այլ գործեր, որոնց շրջանակներում կայացված և օրինական ուժ ստացած դատական ակտերով անձինք ենթարկվել էին վարչական պատասխանատվության: Միաժամանակ, Ս. Մելիքյանը նշեց, որ բացակայում են հակընդդեմ հայցը բավարարելու հիմքերը, ուստի խնդրեց ամբողջությամբ բավարարել ՀՀ Ոստիկանության հայցը և ամբողջությամբ մերժել Գ. Առուստամյանի հակընդդեմ հայցը:
Տ. Սիրադեղյանն իր ամփոփիչ ճառում ներկայացրեց Գ. Առուստամյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքերի բացակայության վերաբերյալ պնդումներ: Ընդգծեց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը օրենքի խախտմամբ կազմելու հանգամանքը, քանզի դրանում նշված չէ այն արարքի էությունը, որը կատարել է Գ. Առուստամյանը: Բացի դրանից՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածը հնարավորություն չի տալիս հասկանալու, թե որ գործողությունն է վիրավորել համարվում և այս պարագայում պատասխանողի գործողություններն ընդգրկվել են ազատ գործելու իրավունքի շրջանակներում, ինչից բխում է, որ բացակայում է Գ. Առուստամյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքը:
Տ. Սիրադեղյանը հիմնավորումներ ներկայացրեց նաև Գ. Առուստամյանի կողմից արարքը դիտավորությամբ չկատարելու մասին, նշելով, որ վերջինս չի իմացել, որ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունների կատարման մեջ գտնվող կոնկրետ ոստիկանության ծառայողի կամ ոստիկանության զինծառայողի հասցեին է հնչեցնում այդ արտահայտությունը:
Հակընդդեմ հայցի առնչությամբ Տ. Սիրադեղյանը նշեց, որ հակընդդեմ պատասխանողը, կրելով ապացուցման բեռը, ոստիկանության գործողությունների իրավաչափությունը հիմնավորող բավարար հիմքեր և ապացույցներ չներկայացրեց:
Իսկ ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման վերաբերյալ նշեց, որ այն չի կարող դիտարկվել որպես ապացուցման կարիք չունեցող, ավելին, դրա հիմքում դրված է վարույթն իրականացնող մարմնի ներքին համոզմունքը, որը չի կարող նույնացվել դատարանի ներքին համոզմունքին: Ավելին՝ կողմը գրավոր ապացույցը պետք է ներկայացնի կոնկրետ փաստի հաստատման համար, իսկ այս դեպքում այն ներկայացվել է գործողությունների իրավաչափությունը հիմնավորելու համար:
Այդպիսով, Տ. Սիրադեղյանը միջնորդեց ամբողջությամբ մերժել Գայանե Առուստամյանին վարչական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ Ոստիկանության հայցը և ամբողջությամբ բավարարել Գայանե Առուստամյանի՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով հայցը:
Դատարանը գործի դատաքննությունը համարեց ավարտված և դատական ակտի հրապարակման օր նշանակեց 2017 թ. մարտի 14-ը՝ ժամը 17:30: