Կայացավ ԼԳԲՏԻ անձանց հիմնախնդիրներին առնչվող «Բազմազանություն և հավասարություն 2015» լրագրողական մրցանակաբաշխությունը
16:13, March 24, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն 2016 թ.-ի մարտի 21-ին կազմակերպել էր «Լրագրողների և քաղաքացիական հասարակության համագործակցության կարևորությունը Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության համար» թեմայով քննարկում, որի ժամանակ տեղի ունեցավ նաև «ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ վերաբերմունքը, ատելության խոսքի դրսևորումները ու նրանց իրավունքների ոտնահարումները ՀՀ առցանց տիրույթում» և «Տրանսգենդեր անձանց սեռափոխության կարիքների գնահատում» զեկույցների շնորհանդեսը և «Բազմազանություն և հավասարություն 2015» լրագրողական մրցանակաբաշխությունը:
Քննարկման կազմակերպիչները նպատակ ունեին լրագրողներին և հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին երկխոսության հրավիրելու միջոցով բարձրաձայնել մարդու իրավունքների խախտման դեպքում հանրային լրագրության և քաղաքացիների ներգրավվածության կարևորության և ԼԳԲՏԻ անձանց իրավունքների խախտման դեպքերը էթիկապես ճիշտ ու հավասարակշռված լուսաբանելու կարևորության մասին:
Քննարկման բանախոսներն էին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, «Մարդու իրավունքները Հայաստանում» կայքի խմբագիր Մերի Ալեքսանյանը, «Բեկում» ՀԿ-ի նախագահ Արթուր Մինասյանը, «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի նախագահ Հասմիկ Մխիթարյանը և «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի «Ինչպես դու» ամսագրի լրագրող Հովհաննես Իշխանյանը:
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Սերգեյ Գաբրիելյանը բացման խոսքում, ներկայացնելով քննարկվող թեմայի շրջանակներում ՀԿ-ի ծրագրի ձեռքբերումներն ու ապագա անելիքները, կարևորեց այն լրատվամիջոցներին խրախուսելու կարևորությունը, որոնք ոչ խտրական մոտեցում են ցուցաբերել ԼԳԲՏԻ անձանց առնչվող խնդիրները լուսաբանելիս և մատչելի ու անաչառ տեղեկատվություն են տրամադրել հասարակությանը: Ս. Գաբրիելյանի դիտարկմամբ ԼԳԲՏԻ անձանց խնդիրները ներկայացնելիս հիմնական խնդիրն այն է, որ ԶԼՄ-ները օբյեկտիվ տեղեկատվություն չեն ներկայացնում, իսկ լրատվամիջոցների աշխատակիցները տերմինաբանությանը և թեմային չեն տիրապետում, մյուս խնդիրն էլ այն է, որ հասարակությունը ևս թեմայի մասին տեղեկացված չէ:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Քաղաքացիական հասարակության դերը լրագրողների հետ համագործակցելիս» թեման ներկայացնելու ժամանակ անդրադարձավ մի քանի էական խնդիրների՝ բազմակարծության բացակայություն, իմացության, տեղեկատվության և հետևողական աշխատանքի պակաս: «Խիզախություն և համարձակություն է պետք՝ ասելու այն, ինչ մտածում ես հատկապես մեզ նման ավտորիտար երկրներում, որտեղ բազմակարծությունը՝ որպես մշակույթ, գոյություն չունի: Բազմազանությունը կյանքի գոյության ի սկզբանե տրված բնական ձևն է: Այն ժխտելուն, հերքելուն ուղղված որևէ դրսևորում պետք է անտարբերության չմատնենք, և այս մոտեցումը պետք է ամրագրված լինի դպրոցից սկսած»,-նշեց փորձագետը: Ա. Սաքունցի դիտարկմամբ խնդիր է նաև այն, թե ԼԳԲՏԻ խնդիրներին առնչվող թեմաների լուսաբանումը որքանով է առաջնահերթ լրատվական միջոցների համար: Օրինակ՝ զինված ուժերում ԼԳԲՏԻ անձանց ծառայության հարցերին վերաբերող հատուկենտ հոդվածներ կան, և լրագրողները չեն տիրապետում այդ հարցը լուսաբանելուն. «ԶԼՄ-ներն էլ քաղաքականությունն ունեն, և այս տեսակետից ունենք շահերի հակասություն, շարժառիթների անհամապատասխանություն, և պոպուլիզմը, մակերեսային մոտեցումները կարող են որոշակի սահմանափակող գործոն հանդիսանալ»-եզրափակեց բանախոսը:
«Մարդու իրավունքները Հայաստանում» կայքի խմբագիր Մերի Ալեքսանյանը առանձնացրեց երկու կարևոր խնդիր՝ իրազեկվածության պակաս և խտրական վերաբերմունք, որոնք համատարած են և չեն առնչվում միայն ԼԳԲՏԻ անձանց խնդիրներին: Մ. Ալեքսանյանի դիտարկմամբ խնդիր է նաև այն, որ լրագրողների կողմից խոսքի ազատության իրավունքը դիտարկվում է որպես բացարձակ իրավունք. «Լրագրողները չեն հասկանում, թե որտեղ է ավարտվում խոսքի ազատությունը և սկսվում իրավունքի ոտնահարումը: Պետք է հասկանանք, որ այդ իրավունքը բացարձակ չէ, և ունի սահմանափակումներ: Այդ սահմանափակումներից մեկն առնչվում է խտրականության և ատելության խոսքի քարոզին»:
«Բեկում» ՀԿ-ի նախագահ և լրագրող Արթուր Մինասյանը ներկայացրեց «Լրագրողական էթիկան և գրագիտությունը խոցելի խմբերի հիմնախնդիրները լուսաբանելիս» թեման: Բանախոսի կարծիքով առկա խնդիրներն են չորրորդ իշխանության չկայացվածությունն ու խոսքի ազատության սահմանափակումները, որոնք համակարգային են: Սակայն խնդիր է նաև այն, որ լրագրողը կամ խմբագիրը հոմոֆոբ չեն, սակայն բավանակաչափ գրագետ չեն, այսինքն՝ չեն տիրապետում թեմային թեկուզ տերմինների մակարդակով, թեև բանախոսի դիտարկմամբ հոմոֆոբիայի հետևանքով առաջացած անգրագիտությունն էլ լրջագույն պրոբլեմ է: Լրագրողական էթիկայի առումով Ա. Մինասյանը կարևորեց այն, որ լրագրողն իր գործունեության ընթացքում չպետք է խախտի մարդու իրավունքների հռչակագրի տրամաբանությունը: «Կան խոցելի խմբերի խնդիրների լուսաբանման հետ կապված ՄԻԵԴ վճիռներ, որոնք Հայաստանի համար պարտադիր են, և որոնց հղում կատարելով կարելի է լրագրողներից և լրատվամիջոցներից պահանջել, որ նրանք չտարածեն խտրականություն»,-եզրափակեց բանախոսը:
Վերոնշյալ թեմային անդրադարձավ նաև «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի նախագահ Հասմիկ Մխիթարյանը: Ի հավելումն լրագրողական էթիկային և գրագիտությանն առնչվող մի շարք խնդիրների՝ նա առաջարկեց կրթել լրագրողներին, մասնավորապես խմբագիրներին՝ խոցելի խմբերի խնդիրները գրագետ լուսաբանելու համար:
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի «Ինչպես դու» ամսագրի լրագրող Հովհաննես Իշխանյանը անդրադարձավ «Խոցելի խմբերի, մասնավորապես ԼԳԲՏԻ անձանց իրավունքների խախտման դեպքերի լուսաբանման խնդիրները» թեմային: Հ. Իշխանյանը խոսեց մամուլում աղմուկ հանած մի քանի լրագրողական նյութերի մասին՝ շեշտելով այն, որ լրագրողները ԼԳԲՏԻ անձանց խնդիրներին վերաբերող հարցազրույց են ունենում ոչ կոմպետենտ մարդկանց հետ, որոնց արտահայտած կարծիքները կարևոր են նրանով, որ հայտնվում են նյութերի վերնագրում: Հ. Իշխանյանի կարծիքով մի կողմից լրագրողը չի տիրապետում թեմային, մյուս կողմից էլ սա նաև խմբագրությունների խնդիրն է, քանի որ աշխատանքի են ընդունում նման լրագրողների:
«ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ վերաբերմունքը, ատելության խոսքի դրսևորումները ու նրանց իրավունքների ոտնահարումները ՀՀ առցանց տիրույթում» և «Տրանսգենդեր անձանց սեռափոխության կարիքների գնահատում» զեկույցների շնորհանդեսներից հետո «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի բազմազանության խթանման ծրագրերի համակարգողԱրման Սահակյանը ներկայացրեց ԼԳԲՏԻ անձանց հիմնախնդիրներին առնչվող «Բազմազանություն և հավասարություն 2015» լրագրողական մրցանակաբաշխության արդյունքները: Մրցանակաբաշխությունը, ինչպես նշեց Ա. Սահակյանը, նպատակ ուներ միավորել Երևանի և մարզերի ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներուժը ԼԳԲՏԻ անձանց հիմնախնդիրների լուսաբանման շուրջ և խրախուսել ոլորտի հիմնահարցերը բարձրաձայնող լրագրողներին: Լավագույն լրագրողական նյութի գնահատման հանձնաժողովում ընդգրկված են եղել Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, «Բեկում» ՀԿ-ի նախագահ և լրագրող Արթուր Մինասյանը, «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի նախագահ Հասմիկ Մխիթարյանը և սոցիոլոգ-հետազոտող Նանե Բագրատունին: Լավագույն լրագրողական նյութը գնահատվել է հետևյալ չափանիշներով՝ անաչառություն, թեմայի հրատապություն, մատուցման ձև, գրագիտություն, բազմակողմանիություն, հանգամանալից ներկայացում, լրագրողական էթիկա, նորարարություն, բովանդակություն:
Արդյունքում լավագույն լրագրողական նյութ է ճանաչվել Արման Ղարիբյանի «Սեռական շահագործում եւ «կեղտոտ աշխատանք». նույնասեռական դատապարտյալները «դժոխքում» են ապրում» հոդվածը, որը հրապարակվել է 2015 թ.-ի հուլիսի 20-ին Մեդիալաբ լրատվական կայքում: Հոդվածի հեղինակը, որ մրցանակաբաշխությանը միացավ սկայպ-զանգի միջոցով, շնորհակալություն հայտնեց և Մեդիալաբին՝ թեման առաջարկելու համար, և «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ին՝ նման մրցանակաբաշխություն ստեղծելու համար, ինչը խրախուսում է ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պրոֆեսիոնալ և օբյեկտիվ լուսաբանումը: «Ցավոք սրտի ամբողջ լրատվական դաշտի մեծամասնությունը զբաղեցված է հոմոֆոբիկ ու կարծրատիպերի վրա հիմնված տեղեկատվությամբ, և նման նյութերը իրականում շատ մարգինալ բնույթ են կրում: Ձեռքի մատների վրա կարող եմ հաշվել այն խմբագիրներին, որոնք խրախուսում են խնդրի պրոֆեսիոնալ լուսաբանումը»,-նշեց Ա. Ղարիբյանը:
Խրախուսական մրցանակների են արժանացել Հովհաննես Իշխանյանի«Ինքնատելություն. թաքնված նույնասեռական հոմոֆոբները» հոդվածը և Ռոբերտ Անանյանի «Իմ տրանսվեստիտ, տրանսգենդեր ընկերները վարում են շատ դաժան կյանք» տեսանյութը: