«Բերանները ջուր առած նստած են, իսկ դա կոչվում է հովանավորչություն»
18:11, June 24, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Քաղաքացիական վերահսկողությունԷլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության երեկվա գործողություններին պետք է հստակ իրավական գնահատական տրվի: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ ոստիկանության երեկվա գործողությունները միանշանակ ապրօրինի են՝ սկզբից մինչև վերջ: Սաքունցը նշեց, որ ոստիկանության բաժանմունք բերման ենթարկվածները պահվել են երեք ժամից ավելի, նրանց նկատմամբ բռնություններ են գործադրվել:
«Պետք է իրավական գնահատական տրվի այս ամենին, բայց ո՞վ է այդ գնահատական տվողը: Ինչո՞ւ պետք է ոստիկանության քննչական մարմինները այդ հարցով զբաղվեն և ոչ թե Հատուկ քննչական ծառայությունը կամ Գլխավոր դատախազությունը: Գլխավոր դատախազը ճամարտակում է, օրենքից ու իրավունքի գերակայությունից է խոսում, բայց ծպտուն չի հանում երեկվա դեպքերի մասին»,- ասաց Արթուր Սաքունցը:
Նա կարծում է, որ տվյալ դեպքում Հատուկ քննչական ծառայությունը պետք է քննի ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված ապօրինությունները:
Սաքունցի խոսքով՝ Գլխավոր դատախազն է վերահսկում պետական մարմինների գործողությունների օրինականությունն ու վերահսկումը, հետևաբար այս երկու մարմինները պետք է անմիջապես զբաղվեն երեկվա դեպքերի քննությամբ: «Բայց բերանները ջուր առած նստած են, իսկ դա կոչվում է հովանավորչություն, հանցագործություն, ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված ապօրինությունները հովանավորվում են»,- ասաց նա:
Իրավապաշտպանը նկատում է, որ չնայած ոստիկանության ղեկավարության հավստիացումներին, թե համակարգի աշխատակիցների համար թրեյնինգներ են կազմակերպվում, որպեսզի նրանք իրենց օրենքի շրջանակներում պահեն հրապարակային միջոցառումների կամ բողոքի ցույցերի ժամանակ, ոստիկանությունն իր վարքագիծը չի փոխում: Այս պայմաններում հարց է ծագում՝ արդյոք իմաստ ունի շարունակել ուսուցանման ծրագրեր իրականացնել համակարգում:
Արթուր Սաքունցի խոսքով՝ երեկվա բողոքի ակցիայի մասնակիցների թիվը չէր գերազանցում 100-ը, հետևաբար այն լիովին տեղավորվում էր շտապ հավաքի տրամաբանության մեջ: «Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի այն հայտարարությունը, թե հավաքն անօրինական է, որևէ հիմք չունի: Շտապ հավաքի իմաստը արձագանքելն է այն երևույթին, որը տվյալ դեպքում տեղի է ունենում»,- ասաց նա:
Սաքունցի խոսքով՝ ոստիկանների կողմից ակցիայի մասնակիցների ազատ տեղաշարժը խոչընդոտելը որևէ իրավական հիմք չունի, ոստիկաններն այդպես էլ որևէ հիմնավորում չներկայացրեցին: Ի սկզբանե արգելվեց մարդկանց տեղաշարժը դեպի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենք, բայց հիմնավորում չներկայացվեց:
«Ոստիկանության կողմից որևէ հրապարակային պահանջ նույնիսկ չհնչեց էլ, թե ինչ խախտումներ են արել ցուցարարները, որոնք են ոստիկանության պահանջները: Ավելին, ես ոստիկանության գործողությունները որակում եմ որպես հրահրող, պրովոկացիոն, նրանք իրենց գործողություններով խոչընդոտեցին ոչ միայն բողոքի ակցիայի մասնակիցների, այլև մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը: Ստացվում է, որ ոստիկանությունն ստեղծեց այնպիսի մի իրավիճակ, որ խախտեց բոլոր օրենքներն ու ակնհայտ բռնի ու ապօրինի գործողություններ իրականացրեց»,- ընդգծեց իրավապաշտպանը:
Արթուր Սաքունցի կարծիքով՝ այս գործողությունների դրդապատճառն այն է, որ իշխանությունները, որոնց պահապանն է հանդիսանում ոստիկանությունը, քաղաքացիական ցանկացած անհնազանդությունից վախեցած են:
«Ցանկացած բողոքի ակցիա փորձում են լռեցնել: Իմաստը քաղաքացիների ակցիան խափանելն էր, իսկ բռնություն գործադրողները մնում են անպատիժ: Իրենք հրահրում են, բորբոքում են քաղաքացիներին, հետո ձևակերպում, թե իբր բորբոքված քաղաքացիները խախտել են կարգը, կեղծ հիմքեր են ստեղծում, նրանց բերման են ենթարկում: Սա է նրանց շատ պարզ ու պրիմիտիվ մոտեցումը: Մարդիկ երեկ ընդամենն ասում էին՝ բացեք ճանապարհը, իսկ ոստիկանները նրանց վերցրեցին ու տարան»,- ասաց նա:
Ստեղծված իրավիճակն, ըստ նրա, անպատժելիության մթնոլորտի հետևանք է: Արթուր Սաքունցը հիշեցնում է, որ Կենտրոնի ոստիկանության աշխատակից Վարդան Գևորգյանը, ով երեկ շատ ակտիվ բռնի գործողություններ էր իրականացնում Սարյան փողոցում, նախկինում էլ աչքի է ընկել նման պահվածքով ու չի պատժվել:
«Նախկինում լրագրողի նկատմամբ բռնի գործողություն կատարած ոստիկանության այս աշխատակցի աշխատանքային լիազորությունները պետք է դադարեցվեին, գնահատական տրվեր նրա արարքին: Բայց նա շարունակում է իր լիազորությունները կատարել և ավելի լկտի ձևով: Այսինքն՝ անպատժելիությունը հանգեցնում է նոր բռնարարքների»,- ասաց նա:
Աղբյուրը՝ www.lragir.am