Գրիշա Խաչատրյանի գործով նշանակվեց ևս մեկ դատական նիստ
14:37, October 24, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Կյանքի իրավունք2015 թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Եղեգնաձորի նստավայրում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Պետրոսյանի, շարունակվեց զինծառայող Գրիշա Խաչատրյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդ Մուրադ Խաչատրյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի կողմից ներկայացված բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր վարույթն իրականացնող մարմնի կողմից Ա. Սաքունցի բողոքի և բողոքի լրացման վերաբերյալ դիրքորոշում հայտնելու նպատակով:
Բողոքի քննությանը մասնակցում էին տուժողի իրավահաջորդ Մ. Խաչատրյանի ներկայացուցիչներ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը և նույն գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը, վարույթն իրականացրած ՀՀ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ Լևոն Եղոյանը, կայազորի զինվորական դատախազի տեղակալ Անուշավան Հարությունյանը:
Լ. Եղոյանը, անդրադառնալով բողոքաբերի կողմից բերված փաստարկներին, նշեց, որ բողոքում իրավացիորեն երկու կարևոր հարց է բարձրացվել՝ նախաքննության ընթացքում չի հերքվել ուրիշի կողմից Գ. Խաչատրյանին սպանելու վարկածը, և չի հիմնավորվել անզգուշության հետևանքով ինքն իրեն հրազենային վնասվածքներ հասցնելու վարկածը՝ հավելելով, որ մյուս դիտորդ Մարտուն Հարությունյանի կողմից Գ. Խաչատրյանին սպանելու վարկածը հերքվել է վկաների ցուցմունքներով և փորձագետի եզրակացությամբ՝ միաժամանակ նշելով, որ փորձագետները չեն կարողացել հստակ պատասխաններ տալ դրան վերաբերող հարցերին:
Քննիչը նշեց, որ հրազենը կրակահերթ ռեժիմի վրա գտնվելու մասին վկայել է միայն հենակետի ավագ Վարդան Կիրակոսյանի ցուցմունքը՝ միաժամանակ բացառելով կապը հենակետի ավագի օգնական Արամայիս Գրիգորյանի կողմից իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման և Գ. Խաչատրյանի մահվան միջև, միաժամանակ հայտնեց, որ նույն ժամանակահատվածում երկու այլ զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մի շարք պաշտոնատար անձանց թվում պատասխանատվության է ենթարկվել նաև զորամասի հրամանատարը:
Դատարանը հարցերով փորձեց հստակեցնել քննիչի կողմից նշված փաստերն ու հանգամանքները:
Ա. Սաքունցն անդրադարձավ այն հանգամանքին, որ քննիչ Լ. Եղոյանն իր խոսքում չանդրադարձավ մարտական հերթապահության ժամանակ տիրող կարգապահական բարձիթողի վիճակին: Ապա կարծիք հայտնեց այն մասին, որ զենքը կրակահերթի վրա դնելը չի կարող անզգուշության արդյունք լինել, քանզի այն պահանջում է ֆիզիկական ուժի գործադրում: Տուժող Գ. Խաչատրյանի ներկայացուցիչներ Ա. Սաքունցն ու Տ. Սիրադեղյանը միջնորդություն ներկայացրին՝ տրամադրելու ծառայողական քննության այն մասին նյութերը, որոնք վերաբերում են Գ. Խաչատրյանի մահվան դեպքին:
Ի պատասխան՝ գործով վերահսկող դատախազ Ա. Հարությունյանը նշեց, որ ծառայողական քննության նյութերը գաղտնի են, սակայն ներկայացված միջնորդության դեմ առարկություններ չներկայացրեց:
Դատարանը, քննության առնելով միջնորդությունը, որոշեց դրա քննարկումը հետաձգել՝ մինչև միջնորդության համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզելը:
Դատախազ Ա. Հարությունյանը գտավ, որ բողոքաբերի կողմից բարձրացված հարցադրումները պատճառական կապի մեջ չեն գտնվում Գ. Խաչատրյանի մահվան հետ:
Չնայած նրան, որ տուժողի իրավահաջորդ Մ. Խաչատրյանի ներկայացուցիչները հայտնեցին վերջինիս հոգեբանական վիճակի մասին, ինչի պատճառով նա չի կարող ներկա գտնվել դատական նիստերին՝ Դատարանն, այնուամենայնիվ, որոշեց հետաձգել դատական նիստը՝ տուժողի իրավահաջորդին ևս մեկ անգամ ծանուցելու նպատակով:
Հաջորդ դատական նիստը նշանակված է 2015 թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 14:00-ին:
Տես նաև՝ hcav.am