Հայկ Կյուրեղյանը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը
14:51, October 24, 2015 | Նորություններ, Սեփական լրատվությունՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկացնում է, որ կազմակերպության աջակցությամբ և փաստաբան Մուշեղ Շուշանյանի միջոցով Հայկ Կյուրեղյանը 2015 թ. հոկտեմբերի 23-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2015 թ. սեպտեմբերի 15-ին իր դեմ կայացված մեղադրական դատավճռի դեմ: Սույն դատավճռով Հ. Կյուրեղյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատրազրկման՝ մեղավոր ճանաչվելով ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքները կատարելու համար
Հիշեցնենք, որ 2014 թ. հունիսի 12-ին Հ. Կյուրեղյանը, ցանկանալով խոչընդոտել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և ընկերների գործով տեղի ունեցող դատավարության ընթացքը, ի նշան բողոքի, բարձրացել էր դատարանի վարչական շենքի տարածքում գտնվող «Միցուբիշի Պաջերո իո» մակնիշի ավտոմեքենայի վրա և իր մոտ գտնվող օդամղիչ ատրճանակով կրակել տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Այնուհետև, Հ. Կյուրեղյանը ձերբակալվել և բռնության գործադրմամբ տեղափոխվել էր ոստիկանության բաժին, դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ և 258-րդ հոդվածի 4-րդ մասերով:
Տես նաև՝ armtimes.com