«Մեր պետությունն այն պետությունն է, որ միայն հայտարարությունների շրջանակներում հարցեր չեն լուծվում». Արայիկ Զալյան
10:02, November 24, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Հայտարարություններին հաջորդող քայլեր պետք է լինեն, մեր պետությունն այն պետությունն է, որ միայն հայտարարությունների շրջանակներում հարցեր չեն լուծվում, մեխանիզմներ պետք է լինեն, օրինակ ՄԻԵԴ-ի վճիռների կատարման մեխանիզմների պես, որը կապահովի այդ խախտումների բացառումը»,- նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Արայիկ Զալյանը՝ անդրադառնալով այսօր ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի բարձրացրած 2008թ. Մարտի 1-ին 10 քաղաքացիների սպանության քննության վերաբերյալ հարցին:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն այսօր բարձրացրել է 2008թ. Մարտի 1-ին 10 քաղաքացիների սպանության քննության վերաբերյալ հարցը:
Այն բարձրացվել է Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի այսօրվա նիստում՝ խոշտանգումների դեմ պայքարի կոնվենցիայով Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ իշխանության զեկույցի քննարկման ժամանակ:
Պարոն Զալյանի խոսքով, ստանձնված պարտավորությունների շրջանակում յուրաքանչյուր քննություն պետք է հանգեցնի մեղավորների բացահայտմանն ու համարժեք պատժի նշանակմանը, այս պարագայում չունենք նման կատարված քննություն. «Այն, ինչ կատարվել է, տեսել ենք Հայաստանի ներսում, որեւէ դրական տեղաշարժ չի արձանագրել, «Մարտի 1-ի» դեպքով չունենք մեղադրյալների շրջանակ, կոնկրետ մեղադրանքներ, այս տարիների հոսելու արդյունքում կարող է գա մի վիճակ, որ հետագայում այդ պատասխանատվությունն էլ նույնիսկ պետությունը բարձրացնի իրավական դաշտում, բայց առաջ գան օրինակ վաղեմության ժամկետների հետ կապված խնդիրներ:
Յուրաքանչյուր նմանատիպ դեպքում պետությունը պարտավոր էր կատարել անհապաղ քննություն, անհետաձգելի գործողություններ, որոնք տեսանք՝ չի կատարվում: Դրա կատարելն էլ ժամանակի արդյունքում ինչ-որ առումով հնարավոր է անհնար դառնա, այսինքն, ստացվում է, որ կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները, որ կյանքի իրավունքի խախտման դեպքում պետությունը ստանձնում է պարտավորություն կատարել պատշաճ քննություն, որը մատչելի կլինի զոհի ընտանիքի անդամների համար, որ կհանգեցնի մեղավորների բացահայտմանն ու համարժեք պատժին, այդ զոհերի հետ կապված արձանագրում ենք, որ որեւէ քննություն չի կատարվել»: