ԴԱՀԿ աշխատակիցների անօրինական գործողությունների վերաբերյալ բողոքի քննությունը հետաձգվեց
12:24, November 24, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2016 թ. նոյեմբերի 22-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Դ. Գրիգորյանի, քննության առնվեց Անուշ Պողոսյանի կողմից ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ս. Ավետիսյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 2016 թ. օգոստոսի 12-ի որոշման դեմ ներկայացված բողոքը:
Հիշեցնենք, որ 2016 թ. ապրիլի 4-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Ավան և Նոր-Նորք բաժնի աշխատակիցների կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելու ենթադրյալ հանցագործության հատկանիշների առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:
Բողոքի քննությանը մասնակցում էին բողոքաբեր Ա. Պողոսյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, ինչպես նաև՝ վարույթն իրականացրած ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Սաշիկ Ավետիսյանը:
Կողմերի ինքնությունն ստուգելուց և բացարկի միջնորդությունների բացակայության հարցը պարզելուց հետո դատարանն անցավ բողոքի քննությանը:
Ա. Պողոսյանի ներկայացուցիչը, ներկայացնելով բողոքի հիմնավորումները, փաստարկներ բերեց ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Ավան և Նոր-Նորք բաժնի աշխատակիցների արարքում ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի, ինչպես նաև վերջիններիս և պահանջատեր Արմեն Մկրտչյանի արարքում ՀՀ Քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածով նախատեսված հանցագործության փորձի առկայության վերաբերյալ: Մասնավորապես, Տ. Սիրադեղյանը հիմնավորումներ ներկայացրեց այն մասին, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության պաշտոնատար անձանց գործունեության հիմքը միայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթն է, և որևէ դատական ակտի հարկադիր կատարումն ապահովելուց հետո ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունն իր գործունեությունը կարգավորող ՀՀ օրենսդրությամբ որևէ այլ գործառույթ կատարելու, այդ թվում նաև` արգելադրված գույքի օգտագործման հանգամանքի ստուգում կատարելու իրավասությամբ օժտված չէ, հետևաբար՝ տվյալ դեպքում նման գործողություն կատարելու իրավական հիմքերը բացակայել են՝ նույնիսկ Ա. Մկրտչյանի դիմումի առկայության պայմաններում:
Անդրադառնալով ավագ հարկադիր կատարող Կ.Պարոնյանի կողմից «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիմքով ավարտված կատարողական վարույթները սույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով վերսկսելու իրավաչափությանը՝ Ա. Պողոսյանի ներկայացուցիչը հիմնավորումներ ներկայացրեց այդ մասով ևս լիազորություններն անցնելու վերաբերյալ: Տ. Սիրադեղյանը նշեց, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կ. Պարոնյանն իր կողմից արդեն իսկ ավարտված կատարողական վարույթը վերսկսելու դրույթներով ղեկավարվելիս գիտակցել է, որ այդ գործողությունը դուրս է իր լիազորությունների շրջանակներից և հանդիսանում է հանրորեն վտանգավոր արարք:
Բողոքի շրջանակներում հիմնավորումներ էին ներկայացվել նաև ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության աշխատակիցների և Ա. Մկրտչյանի արարքում Ա. Պողոսյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտման հանցակազմի փորձի հատկանիշների առկայության վերաբերյալ: Տ. Սիրադեղյանը նշեց, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության աշխատակիցներն իրենց ցուցմունքներում բնակարան մուտք չեն գործել՝ բնակարանի դուռը ներսից փակ լինելու պատճառով, ինչից ենթադրվում է, որ բնակարանի սեփականատեր չհանդիսացող, Ա. Պողոսյանի հարևանների կողմից բնակարանի դուռը բացելու դեպքում, տեղեկացված լինելով, որ բնակարանի սեփականատերը հանդիսանում է Ա. Պողոսյանը, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության աշխատակիցները կիրականացնեին այն գործողությունը, որի նպատակով այցելել էին բնակարան:
Ներկայացնելով նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ տրված այլ խախտումներ՝ տուժող Ա. Պողոսյանի ներկայացուցիչը խնդրեց պարտավորեցնել ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ս. Ավետիսյանին՝ վերացնելու քրեական գործով տուժող Ա. Պողոսյանի իրավունքների և ազատությունների խախտումը:
Դատաանը ներկայացրեց բողոքին կից ներկայացված փաստաթղթերը, որից հետո բողոքի դեմ իր առարկությունները ներկայացրեց վարույթն իրականացրած ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ս. Ավետիսյանը, որի կարծիքով ներկայացված բողոքը հիմնավոր չէ և ենթակա է մերժման: Մասնավորապես՝ Ս. Ավետիսյանը նշեց, որ ստուգում ասվածը հարաբերական կատեգորիա է և վերաբերում է ոչ թե տնտեսվարող սուբյեկտի գործունեության ստուգմանը, այլ պահանջատեր Ա. Մկրտչյանի միջնորդությամբ նշված հանգամանքի ստուգմանը, այսինքն՝ այն հանգամանքի ստուգմանը, թե արդյոք դատարանի կողմից արգելադրված գույքն օգտագործվում է, թե՝ ոչ: Վարույթն իրականացնող մարմինը նշեց, որ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարողը իրավունք ունի ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալ, իսկ կատարողական վարույթն ավարտելու հանգամանքը դեռևս չի նշանակում, որ դատարանի կատարողական թերթի պահանջներն ամբողջությամբ կատարվել են, ուստի՝ այդ ուղղությամբ առկա է որոշակի գործընթացներ կատարելու հնարավորություն: ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ս. Ավետիսյանը հղում կատարեց «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված այն դրույթին, որ վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել: Տվյալ դեպքում, թեև կատարողական վարույթն ավարտված է եղել, սակայն այցելությունը կատարվել է պահանջատիրոջ միջնորդության հիման վրա՝ դրանում նշված հանգամանքների իսկությունը պարզելու նպատակով: Բացի դրանից՝ նշեց, որ բողոքաբեր կողմը չի ներկայացրել, թե Ա. Պողոսյանի բնակարան այցելություն կատարելով՝ նրա որ իրավունքն է խախտվել: Վարույթն իրականացրած մարմինը նշեց նաև, որ նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Ա. Պողոսյանի բնակարան որևէ մեկը չի մտել և խնդրեց մերժել ներկայացված բողոքը:
Դատարանը բողոքաբեր կողմին հարց ուղղեց այն մասին, թե ինչ կերպ է դրսևորվել բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտման հանցափորձը, Ա. Պողոսյանը և Տ. Սիրադեղյանը նշեցին, որ օրինական հիմքի բացակայության պայմաններում Ա. Պողոսյանի բնակարանում գտնվող արգելադրված գույքի ստուգման նպատակ ունենալու դեպքում անձի իրավունքները խախտվել են, ավելին՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության աշխատակիցներն իրենց ցուցմունքներում նշել են, որ բնակարան չեն մտել՝ դուռը ներսից փակ լինելու պատճառով:
Դատարանի՝ այլ դատական նիստերով ծանրաբեռնվածության պատճառով բողոքի քննությունը հետաձգվեց և նշանակվեց 2016 թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին: