Ո՞ր օրենքով են ոչնչացվել Վիգեն Սարգսյանի փաստաթղթերը. իրողությունը կոծկելու փորձ
13:43, November 24, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ տեղեկացրել էր, որ գրավոր դիմել էր Հայաստանի զինվորական կոմիսարին՝ ստանալու այն փաստաթղթերը, որոնց հիման վրա 1993 թվականին զորակոչիկ Վիգեն Սարգսյանը ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում է ստացել։ Զինկոմը պատգամավորին տեղեկացրել էր, որ Վիգեն Սարգսյանի փաստաթղթերը ոչնչացվել են։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ ասել էր, որ պահեստազորի որևէ շարքայինի գործ չի պահպանվում նրա սպա դառնալուց հետո: «ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի սպայական հաշվառումից հետո նրա շարքայինի անձնական գործը ոչնչացվել է, ինչպես մեր զինված ուժերի բոլոր սպաներինը»,- մանրամասնել էր Արծրուն Հովհաննիսյանը:
Araratnews.am-ը գրավոր հարցում էր ուղարկել պաշտպանության նախարարություն՝ պարզելու` ո՞ր օրենքով եւ ի՞նչ հիմնավորմամբ են ոչնչացվել եւ ոչնչացվում այդ փաստաթղթերը, ինչպես նաև` վերջին 25 տարիներին քանի՞ պաշտոնյայի, քանի՞ քաղաքացու ժամկետային զինծառայության համար տարկետում ստանալու փաստաթղթեր են ոչնչացվել:
Տասն օր անց պաշտպանության նախարարությունը մեզ տեղեկացնում է, որ փաստաթղթերի պահպանման եւ ոչնչացման կարգը, պայմանները եւ ժամկետները սահմանված են «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքով եւ դրանից բխող ենթաօրենսդրական ակտերով (ներառյալ նշված օրենքի գործող եւ օրենքի հիման վրա ուժը կորցրած ճանաչված ակտերով):
Վերը նշված ակտերով սահմանված կարգով պահպանվել եւ ոչնչացվել են զինվորական ծառայություն անցած եւ/կամ օրենքով սահմանված կարգով պահեստազորում հաշվառված բոլոր անձանց անձնական գործերը:
Ինչ վերաբերում է մեր մյուս հարցին, թե վերջին 25 տարիներին քանի պաշտոնյայի, քանի քաղաքացու ժամկետային զինծառայության համար տարկետում ստանալու փաստաթղթեր են ոչնչացվել, ՊՆ-ը տեղեկություն չի տրամադրել՝ հղում անելով «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասին, «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի 2015 թ. հուլիսի 9-ի N 9-Ն հրամանով հաստատված ցանկի 19-րդ կետին եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին:
Որքանո՞վ է ՊՆ-ի այս պատասխանը հիմնավորված` մեկնաբանություն ստացանք իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից: Պարզվում է՝ «Արխիվային գործի մասին» օրենքի համապատասխան դրույթի համաձայն՝ զինվորական հաշվառման հետ կապված գործերը պահվում են 50 տարի ժամկետով: Պաշտպանության նախարարությունը պետք է նշեր ոչ թե «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքը, այլ համապատասխան հոդվածը:
Մեր դիտարկմանը, թե պաշտպանության նախարարությունն օրե՞նք է խախտել, ոչնչացնելով Վիգեն Սարգսյանի փաստաթղթերը, Արթուր Սաքունցը հարցրեց.
Անդրադառնալով ՊՆ-ի այն պատասխանին, ըստ որի՝ տարկետում ստանալու փաստաթղթերի ոչնչացման դեպքերի մասին տեղեկությունը չեն կարող տրամադրել «Տեղեկատվության ազատության մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքների եւ «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի 2015 թ. հուլիսի 9-ի N 9-Ն հրամանով հաստատված ցանկի 19-րդ կետի համաձայն, իրավապաշտպանն ասաց. «ՊՆ-ը պետք է հղում աներ նաև կառավարության որոշմանը, որով սահմանվում են գաղտնի տեղեկությունները՝ ըստ ոլորտների»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարի կարծիքով՝ լրատվամիջոցին տրամադրած ՊՆ-ի տեղեկությունն իրողությունը կոծկելու պատասխան է: