Սահմանին տեսադիտարկման սարքերի տեղադրման գործընթացը շարունակվում է․ ՊՆ պաշտոնյա
20:06, May 23, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ2016-ի ապրիլյան պատերազմից հետո ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին անվտանգությունը բարձրացնելու համար տեսախցիկներ են տեղադրվում, սակայն, Հայաստանի պաշտպանության նախարարությունը զինծառայողների անվտանգության համար օգտագործվող պահածոների թիթեղյա տարաներից դեռ չի հրաժարվում։ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ասում է, որ դրանք արդյունավետ են համարում։
«Դրանք թեև պրիմիտիվ միջոցներ են, բայց կարող եմ ուղղակի ասել, որ արդյունավետ են: Եթե դա աշխատում է, եթե օգուտ է տալիս, բարձր տեխնոլոգիական միջոցների կողքին կարող են լինել նաև նման միջոցներ, որոշ տեղերում դրանք անհրաժեշտ են»,- նշում է Այվազյանը:
Երեկ էլ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն էր խորհրդակցություն հրավիրել և զինուժի ղեկավար պաշտոնյաներին հանձնարարել՝ կենտրոնացնել ջանքերը դիրքապահ զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար։
Պաշտպանական քաղաքականության վարչության պետի խոսքով՝ տեսադիտարկման սարքեր այս պահին տեղադրված են սահմանի որոշ հատվածներում, և այդ գործընթացը չի ավարտվել։ Այվազյանը պնդեց՝ հսկայական աշխատանք արդեն կատարվել է, հիմնականում նման սարքեր տեղադրվել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում․ «Դա մի քանի աստիճան ավելացրել է շփման գծում վերահսկելիության, հակառակորդի շարժին հետևելու մեր հնարավորությունները»:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ղեկավարած «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակը մի քանի ամիս առաջ ապրիլյան պատերազմի մասին զեկույց էր հրապարակել, որում բազմաթիվ խնդիրներ են նշվել: Իրավապաշտպանի խոսքով՝ հասարակության համար այդպես էլ պարզ չդարձավ՝ արդյո՞ք ռազմական գերատեսչությունը վերլուծել է առկա խնդիրներն ու լուծում տվել դրանց։ Սաքունցի կարծիքով՝ 2016-ի ապրիլին բացահայտված խնդիրների պատճառը պաշտպանության բնագավառում իրականացված «ոչ արդյունավետ» քաղաքականությունն է։
«Պաշտպանության նախարարության շենքի, օլիգարխների առանձնատների անվտանգությունն այդ նույն թիթեղյա բանկաներով ապահովեք, եթե այդքան արդյունավետ է»,- խորհուրդ տվեց նա:
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի զեկույցի հիմքում ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների վկայություններն են։ Արթուր Սաքունցը պնդում է, որ որոշ դեպքերում, եթե խնդիրները լուծված լինեին, հնարավոր կլիներ խուսափել զոհերից։ Մեծ արձագանք էր գտել հատկապես թեժ կետերում դիզվառելիքի որակի, երբեմն էլ դրա բացակայության հարցը: Անգամ վարչապետ Կարեն Կարապետյանն էր խոսել այդ մասին:
Մինչդեռ՝ գլխավոր դատախազությունից իրավապաշտպանին պատասխանել են, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Սաքունցը շեշտում է՝ անիմաստ է խոսել սահմանին կատարվող բարեփոխումների մասին, երբ նախկինում բացահայտված խնդիրների համար պաշտոնյաները պատասխանատվության չեն ենթարկվել։
«20 տարվա անմիջական բացթողումների համար անմիջական պատասխանատու Սերժ Սարգսյանը, որը երկար ժամանակ պաշտպանության նախարար էր, 10 տարի էլ նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար, ինչո՞վ էր զբաղված այս ընթացքում»,- հարց է տալիս Արթուր Սաքունցը:
Վերջին օրերի հարաբերական անդորրից հետո անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրկին լարված է եղել։ ԼՂ պաշտպանության բանակի հաղորդմամբ, Ադրբեջանի զինված ուժերը հրանոթներ և ականանետեր են կիրառել։ Արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով բացի հրաձգային կրակոցներից նաև 18 արկ է արձակվել։ Լևոն Այվազյանի խոսքով՝ իրավիճակի սրումը ռազմական խնդիր չի լուծում: Պաշտոնյայի կարծիքով՝ ադրբեջանական կողմն այդպիսով փորձում է լարել իրավիճակն ու միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել խնդրի վրա։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը ողջունում է օրերս ԵԱՀԿ համանախագահների արած հայտարարությունը, որում նրանք հասցեական շեշտել են՝ Ադրբեջանն է լարել իրավիճակը։ «Ես կարծում եմ դեռ շատ կլինեն նման հասցեական հայտարարություններ, որոնք հարևան պետության ղեկավարությանը կհորդորեն ձեռնպահ մնալ նման գործողություններից»,- ասում է ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:
«Մի շարք վստահելի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռ են արձակել Շփման գծից այն կողմ` խոցելով զինտեխնիկա: Մայիսի 16-ից մինչև մայիսի 17-ը հայկական զինված ուժերը պատասխան հարվածներ են հասցրել տարբեր տրամաչափի ականանետային կրակով: Երկու կողմերի այս գործողությունները հրադադարի նշանակալի խախտումներ են, որոնք մտահոգության տեղիք են տալիս»,- հայ քաղաքագետների կողմից «աննախադեպ» որակված այդ հայտարարության մեջ նշել էին միջնորդները: