Տաթևիկ Սիրադեղյան. Մահացած զինծառայողի գործի քննությունը չի հանգեցրել մեղավորների բացահայտմանը
10:30, May 24, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2014 թվականի հունիսի 20-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում մահացած զինծառայող Գրիշա Խաչատրյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Հայաստան24»-ը զրուցեց Խաչատրյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի հետ:
Վերջինս նշեց, որ Գրիշա Խաչատրյանի իրավահաջորդները դիմել են ՄԻԵԴ, քանի որ սպառել են ներպետական բոլոր ատյանները: Սիրադեղյանը նշեց, որ գանգատն արդեն իսկ գրանցվել է.
«Սպառել են ներպետական բոլոր ատյանները և կոնկրետ այս դեպքում գանգատ ենք ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ունենք տեղեկատվություն, որ գանգատն իրենց մոտ գրանցվել է և իրենք կքննարկեն այն, սակայն գանգատը ընդունվել է, թե ոչ, այդ մասին տեղեկատվություն չունենք: Հստակ է այն, որ գանգատը ստացվել է դատարանում, գրանցվել է իրենց մոտ որպես գործ, և նրանք պետք է քննարկեն այն, սակայն դեռևս պարզ չէ կոմունիկացվե՞լ է, թե՞ ոչ», – տեղեկացրեց Տաթևիկ Սիրադեղյանը:
Իրավաբանը մեր առաջարկով ներկայացրեց գործի ընթացքին վերաբերող մանրամասներ.
«Դեպքի առթիվ նախ հարուցվել է քրգործ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնում, հետագայում քրեական գործի վարույթը կարճվել է, քանի որ, ըստ նախաքննության տվյալների, Գրիշա Խաչատրյանն անձամբ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու արդյունքում ստացել է հրազենային վնասվածք, այսինքն` ինքն իրեն է պատճառել վնասվածք, որն անզգուշության հետևանք է եղել: Հետագայում մենք այդ որոշումը բողոքարկել ենք դատախազություն, արտադատարան, բոլոր դեպքերում ստացել ենք մերժումներ: Մերժվել են նաև Վճռաբեկ և Վերաքննիչ դատարաններում ներկայացված մեր բողոքները», – ներկայացրեց Տաթևիկ Սիրադեղյանը` անդրադառնալով նաև ՄԻԵԴ ներկայացրած իրենց գանգատին.
«Եվրոպական դատարանում բարձրացրել ենք Գրիշա Խաչատրյանի և նրա իրավահաջորդների իրավունքների խախտման հարցը: Մեր գանգատը ներկայացրել ենք Մարդու հիմնարար իրավունքների` կյանքի իրավունքի խախտման և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտման հիմքերով:
Գտնում ենք, որ տվյալ դեպքում Գրիշա Խաչատրյանը գտնվել է պետության վերահսկողության տակ` Զինված ուժերում, և նրան նախ պետք է հասկանալի ու հասանելի ձևով բացատրվեին զենքի հետ վարվելու կանոնները, ինչպես նաև զորամասում թույլ վերահսկողություն է եղել, մարտական հերթապահությունը կատարվել է ցածր մակարդակով: Բացի այդ նաև կյանքի իրավունքի խախտման տեսանկյունից մենք հիմնավորումներ ենք ներկայացրել, որ պաշտոնատար անձինք և պետական մարմինները պետք է որոշակի քայլեր ձեռնարկեին մարդկանց կյանքը և առողջությունը պաշտպանելու ուղղությամբ, սակայն դա ըստ էության տեղի չի ունեցել: Միաժամանակ գտել ենք, որ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի տեսանկյունից, քննությունն արդյունավետ չի եղել և չի հանգեցրել մեղավորների բացահայտմանը և վնասի հատուցմանը», – եզրափակեց իրավաբանը:
Տես նաև՝ Զինծառայող Գ. Խաչատրյանի մահվան գործով գանգատը ՄԻԵԴ-ը կքննի առաջին իսկ հնարավորության դեպքում