Այն գործոնները, որոնց զոհը դարձան Ավետիսյանները, շարունակում են գոյություն ունենալ, հարևանները ինչ-որ բան գիտեն. ինչու է գործով երկու վկա դատակոչված և ինչ են նշանակում Պերմյակովի պատասխանները
13:40, January 25, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ավետիսյանների ընտանիքԱյն գործոնները, որոնց զոհը դարձան Ավետիսյանները, շարունակում են գոյություն ունենալ:
Նման կարծիք Shabat.am-ի հետ զրույցում հայտնեց նախորդ տարվա հունվարին Գյումրիում ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը դատական նիստին հստակ ներկայացրեց, որ մինչև իրենց տնից Ավետիսյանների տուն գալը մոտ 5 րոպեի ճանապարհ է և դա սեփական տների թաղամաս է, որը սովորաբար, մինչ այդ դեպքը, երբ ինքը պարբերաբար այցելել է, շատ մարդաշատ է եղել, իսկ այդ օրը՝ ժամը 12:00-ին մոտ, մարդիկ չկային: Ավելին՝ նաև երբ նա փորձում է թակել հարևանների դռները, երբ տեսնում է թե ինչ է կատարվել, ոչ մեկը չի բացում, իբր քնած են եղել, այսինքն մենք ունենք ակնհայտ հետևյալը, որ միանշանակ հարևանները ինչ-որ բան գիտեն: Շատ բնական է, երբ կա դժբախտության վերաբերյալ ահազանգ կամ տագնապ, պետք է արձագանքեն՝ մարդկային է, բայց երբ որևիցե մեկը չի արձագանքում, ավելին՝ նոր գալիս են այն դեպքում, երբ ոստիկաններն են այդտեղ լինում հավաքված, ռուսական զինվորականներն են լինում, որի մասին նույնպես նշեց Ռիտա Պետրոսյանը, նոր սկսում են դուրս գալ, այսինքն՝ նրանց վրա կան սպառնացող գործոններ, որոնք, ըստ իրենց ընկալման, իմ համոզմամբ, դադարել են գոյություն ունենալ, երբ արդեն եկել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները»,-ասաց իրավապաշտպանը ու հավելեց, որ անհրաժեշտ է բոլոր հարեևաններին որպես վկա լսելը և պարզելը այս հանգամանքը, այն ինչ սույն գործով դատակոչված են հարևաններից երկուսը:
«Իհարկե, հարևանների շրջանում կլինեն տարբեր զբաղմունքի տեր մարդիկ և գուցե կլինեն մարդիկ, որոնք հնարավոր չէ, որ Ավետիսյանների ընտանիքի հետ կապված իրադարձությանը՝ այդ հանցագործության վերաբերյալ, կարևոր տեղեկություններ չունենան»,-շարունակեց Սաքունցը, ով գտնում է, որ սպանության դրդապատճառների մեջ առնվազն կա ռուսական բազա և Գյումրիում տիրող իրավիճակի միջև սերտ որոշակի կապվածություն, որն էական նշանակություն է ունեցել այս հանցագործության դրդապատճառների մեջ և դա պետք է անպայման բացահայտվի:
«Մյուս կողմից, Ավետիսյանների հարևանների, այդ թվում նաև իրենց հարազատի կողմից խուսափոխությունը կամ վախը, որը ակնհայտորեն հասկացվում է, և դրա մասին դատարանում հայտարարվեց նաև Ռիտա Պետրոսյանի կողմից, այս դեպքից հետո երբ շարունակում է գործել, հանցագործությունից հետո երբ մարդիկ շարունակում են վախենալ, դա նշանակում է՝ իրենք գիտեն կամ համոզված են, որ կան գործոններ, որոնք հանցագործությունից հետո դեռ շարունակում են սպառնալ: Ուրիշ ենթադրություն չես կարող անել: Որո՞նք են այդ սպառնացող գործոնները, որովհետև հանցագործություն կատարող անձը՝ հանձինս Պերմյակովի, արդեն կալանքի տակ է, չէ՞, բայց եթե կա վախը, կա զգուշավորությունը, կա լռության մատնելու այդ պահվածքը, նշանակում է կան այն գործոնները իրենց համար, որոնք շարունակում են գոյություն ունենալ և դա հաստատ Պերմյակովը չէ»,-վստահ է իրավապաշտպանը:
Սույն գործով, Ավետիսյանների հարևաններից որպես վկա դատակոչված են ընդամենը երկու հոգի, այն դեպքում, երբ հարևանների թիվը ավելի մեծ է: Սաքունցի խոսքով՝ զարմանալի է, որ նախաքննություն իրականացնող մարմինը չի հարցաքննել բոլոր հարևաններին, քանի որ դա կարևոր նշանակություն ունի ինքնաձիգի կրակոցների ձայնի լսելու հանգամանքը պարզելու նպատակով, այն էլ այն պարագայում, որ փորձաքննության հիմա վրա՝ խլացուցիչ չի գործածվել:
Իսկ ահա դատաքննության ընթացքում Պերմյակովի կողմից տրվող պատասխանների մասով, իրավապաշտպանը հակված է այն տեսակետին, որ դա հանձնված, այլևս որևէ հույսի կամ փրկության հնարավորությունից արդեն զրկված մարդու դիրքորոշում է:
«Եթե ուշադրություն դարձնենք Պերմյակովի պատասխաններին, ապա կարող ենք միայն եզրակացնել, որ մարդը իրապես չի գիտակցում, թե ինչի մասին է խոսքը և որտեղ է գտնվում: Առաջին դատական նիստի ժամանակ դատավորի այն հարցին, թե արդյոք ինքը դատվածություն ունի՞, նա նույնիսկ պատասխանեց՝ ոչ , որը ցույց է տալիս, որ նա չի հասկանում, որ մեկ անգամ դատապարտվել է հենց զենքի ապօրինի կրման և դուրս բերման համար»,-նկատեց Սաքունցը, կարևորելով այդ գործով ռուսական կողմի քննության նյութերը:
«Դրանք ուղղակիորեն առնչվում են այն հանգամանքներին, որոնք էական նշանակություն կունենան պարզելու հետևյալը՝ արդյոք բացի Պերմյակովի ցուցմունքներից, որ իբր ինքը սեփական նախաձեռությամբ է թողել զինվորական ծառայության վայրը, չե՞ն եղել այլ հանգամանքներ, որոնք կարող էին հանգեցնել այդ գործողության կատարմանը: Եվ տարօրինակ է, որ դատարանը այդ միջնորդության լուծումը հետաձգեց: Այստեղ բուն հիմքում կա հենց հանցագործության գործիքի վերաբերյալ քննության նյութերի նշանակությունը ռուսական կողմից, որովհետև հենց այդ նույն ինքնաձիգով է նաև, որ սպանվել է Ավետիսյանների ընտանիքը: Դատարանի այս վերապահ մոտեցումը բոլորովին հասկանալի չէ, որովհետև դրանով, ըստ էության, սահմափակվում է ռուսական բազայում այն հնարավոր գործոնների տեղյակ լինելու մասին մեր հնարավորությանը, որը Էական նշանակություն կունենար ոչ միայն զենքի տեսակետից, այլ նաև Պերմյակովի վարքագիծը հասկանալու»,-պնդեց Սաքունցը:
«Եթե ռուսական բազան գտնում է, որ իրապես Պերմյակովն է միայն այդ հանցագործության կատարողը, ապա շատ տրամաբանական կլիներ Պերմյակովի ուղղակի փոխանցումը հայակական կողմին, որովհետև մտահոգման բան ուղղակի չպետք է ունենար, բայց եթե չի փոխանցվում հայկական կողմին, նշանակում է հենց այդ մտահոգող հանգամանքները և հնարավոր այդ հանցագործության մասնակից այլ մարդիկ, որոնք շարունակում են գտնվել ռուսական բազայում, առնվազն նրանք են մտահոգված, որ Պերմյակովը չփոխանցվի հայկական կողմին»,-եզրափակե Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչը: