Սաշիկ Սարգսյանը չի հարցաքննվել
20:03, January 25, 2016 | Նորություններ, Սեփական լրատվությունՄենք արդեն տեղեկացրել ենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2015 թվականի սեպտեմբերի 28-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ Հատուկ քննչական ծառայություն 2015 թվականի սեպտեմբերի 18-ին hraparak.am ինտերնետային լրատվական կայքում հրապարակված <<Շուտ գնա ստեղից, թե չէ դու առանց արգանդի կմնաս. հերթական միջադեպը Սաշիկ Սարգսյանի մասնակցությամբ>> լրատվական նյութի հիման վրա:
Հանցագործության մասին հաղորդման հիման վրա կայացված որոշման վերաբերյալ երեք ամիս շարունակ որևէ տեղեկություն չստանալուց հետո, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2015 թվականի դեկտեմբերի 23-ին դիմում-բողոքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ս. Նազարյանին հանցագործության մասին հաղորդման հիման վրա կայացված որոշումը հաղորդում ներկայացրած անձին տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով:
Ի պատասխան վերոնշյալ դիմումի՝ 2016 թվականի հունվարի 15-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը ուղարկել է քրեական գործ հարուցելու մասին 2015 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման պատճենը, որում նշվում է, որ Կազմակերպության ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստվել են նյութեր: Այդ ընթացքում ճշտվել է հրապարակման մեջ առկա տեղեկատվությունը, մասնավորապես՝ նշվում է, որ Հրապարակ օրաթերթի խմբագիրը հրաժարվել է բացատրություն տալուց և վերոնշյալ տեղեկությունը խմբագրությանը հաղորդած անձի տվյալները հայտնելուց: Բացատրություններ են վերցվել հրապարակման մեջ նշված սրճարանի (ընդ որում՝ ոչ թե «Քոֆե շոփ», այլ՝ «Քոֆի սթորի») աշխատակիցներից, շրջակայքում գտնվող հասարակական այլ վայրերի աշխատակիցներից և շրջակա բնակելի շենքերի՝ շուն պահող քաղաքացիներից, որոնք հերքել են վերոնշյալ հրապարակման մեջ առկա տեղեկատվությունը: Միաժամանակ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ ոչ մի խոսք չկա Սաշիկ Սարգսյանից բացատրություն վերցնելու վերաբերյալ:
Ինչպես նշված է քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ, հրապարակումը առերևույթ պարունակում է սուտ մատնության հատկանիշներ, ուստի 2015 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով (Սուտ մատնության) հարուցվել է քրեական գործ:
Հավելենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման շրջանակներում իրավասու մամինների կողմից բացատրություն վերցնելու նպատակով Կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցին բերման ենթարկելու վերաբերյալ որոշում է կայացվել:
ՀՀ Գլխավոր դատախազությունը իր գրությամբ հայտնում է, որ հանցագործության մասին հաղորդման հիման վրա կայացված որոշումը հաղորդում ներկայացրած անձին ժամանակին չտրամադրելը պայմանավորված է այն հանգամանքով, որ քրեական գործ հարուցվել է ոչ թե ներկայացված հաղորդման մեջ առկա տեղեկատվության հիման վրա, այլ մեկ այլ հանցագործության դեպքի առթիվ:
Փաստորեն, իրավասու մամինները, խախտելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա որոշում չեն կայացրել և այն հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձին չեն տրամադրել, փոխարենը՝ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնության) հատկանիշներով:
Վերը նկարագրված արատավոր պրակտիկային, ի թիվս այլոց, ՀՔԱ Վանաձորի գրասենյակն անդրադարձել է նաև իր՝ «Դադարեցնել իրավապաշտպան գործունեության նկատմամբ ակնհայտ ճնշումները» հայտարարության մեջ: