Փորձաքննությունը պնդում է՝ երիտասարդը կախվել է բանտում․ հարազատները շարունակում են չհավատալ
18:27, February 25, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ2016 թվականի հունվարի 4-ին «Արմավիր» ՔԿՀ-ում մահացած 21֊ամյա Անզոր Կարապետյանի գործով դատաքննական փորձաքնության արդյունքները հաստատել են քննության վարկածը, ըստ որի՝ երիտասարդն ինքնասպանութուն է գործել:
Չհամաձայնելով փորձաքնության արդյունքների հետ՝ Անզոր Կարապետյանի փաստաբան Անի Չատինյանն այսօր միջնորդություն է ներկայացնելու ՀՀ քննչական կոմիտե՝ պահանջելով լրացուցիչ փորձաքննություն նշանակել:
«Մենք դատաքննական փորձաքննության եզրակացության վերաբերյալ մի շարք առարկություններ ունենք՝ հատկապես մահը վրա հասնելու հանգամանքի հետ կապված։ Փորձաքննությունը հաստատել է պաշտոնական այն վարկածը, որ Անզոր Կարապետյանը ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով, սակայն մենք և Անզոր Կարապետյանի հարազատները համաձայն չենք այս վարկածի հետ: Ընտանիքը համոզված է, որ Անզոր Կարապետյանը չէր կարող ինքնասպանության գնալ: Այսօր մենք ներկայացնելու ենք միջնորդությունը, որով քննիչը որոշում կկայացնի լրացուցիչ փորձաքննություն նշանակելու վերաբերյալ», ֊ Epress.am֊ի հետ զրույցում ասել է Չատինյանը:
Ավելի վաղ ծնողներն ասել էին, որ Անզոր Կարապետյանը ուժեղ կամքի տեր անձնավորություն է եղել, և որևէ պատճառ չուներ նման քայլի դիմելու համար։ Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, նրանք նաև վկայակոչել էին դիահերձման ժամանակ Կարապետյանի մարմնի վրա բռնության հետքերը և ներքին օրգանների վնասվածքները, որոնք հերքում են ինքնասպանության վարկածը:
Հիշեցենք, 2015 թվականի դեկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքում տեղի է ունեցել ծեծկռտուք, որին մասնակցել է նաև Անզոր Կարապետյանը, որից հետո նա ներկայացել է ոստիկանություն, նրան ձերբակալել են, այնուհետև 2016 թվականի հունվարի 3-ի երեկոյան դատարանի որոշմամբ կալանավորվել է և գիշերը տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ: Համաձայն պաշտոնական վարկածի, հաջորդ օրը բանտախցում հայտնաբերվել է 21-ամյա երիտասարդին դին կախված վիճակում: