Ոստիկանությունը ձեռք է բերել 8 ԲՏՌ․ իշխանությունը պատրաստվում է հետընտրական պրոցեսներին
13:12, March 25, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ոստիկանություն«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ երեկ կառավարության նիստի ժամանակ գաղտնի պայմաններում քննարկված հարցերից մեկը եղել է ոստիկանության կողմից 8 նոր ԲՏՌ ձեռք բերելու հարցը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հրաժարվեցին մեզ որևէ տեղեկություն տրամադրել՝ նշելով, որ դա կառավարության գործառույթն է և կառավարության որոշումը:
Թե հենց այս ժամանակահատվածում ինչու է հանկարծ ոստիկանությանը անհրաժեշտ եղել ձեռք բերել ևս 8 ԲՏՌ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ շատ պարզ բացատրություն կա: Իշխանությունները պատրաստվում են հետընտրական զարգացումներին:
«Իշխանությունները շատ լավ պատկերացնում են, որ հասարակության մեջ դժգոհ և բողոքավոր մասսան անհամեմատ մեծ է, հետևաբար իրենց ռեսուրսներն էլ պետք է համապատասխան լինեն: Դրա համար էլ ավելացնում են իրենց զինատեսակները: Դա միանշանակ կապ ունի ընտրությունների հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սաքունցը:
Իրավապաշտպանի խոսքով՝ իշխանությունները այս շրջանում ներքին հարցումների և այլ միջոցներով պարզել են, որ իրենք բացարձակ վստահություն չունեն, շատ ձայներ ստանալու հույս չկա, դրա համար էլ պետք է դիմեն անհամեմատ մեծ կեղծիքների, որպեսզի հաղթանակ ցույց տան:
«Կեղծիքների մեծ ծավալի դեպքում բողոքավոր մասսան ևս մեծ է լինելու, և իրենք հիմա ապահովագրում են իրենց»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ հետընտրական զարգացումներ իրապես կլինեն, բայց այս անգամ իշխանությունները չեն գնա ուժի կիրառման՝ ինչպես 2008-ի Մարտի 1-ին:
«Սերժ Սարգսյանը հիմա չունի այն վստահությունը, ռեսուրսը, որ գնա ուժի կիրառման: Կլինեն սպառնալիքներ, մարդկանց վախեցնելու փորձեր, բայց ոչ ուժի կիրառում՝ ինչպես Մարտի մեկին, քանի որ համապատասխան ռեսուրս և վստահություն չունեն, որ ուժի կիրառումից հետո շարունակեն կառավարել երկիրը»,- նշեց Սաքունցը: