Խաղաղություն կրթության միջոցով
17:34, April 25, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2016թ. ապրիլի 10-18-ը Վրաստանում տեղի ունեցավ «Երիտասարդության շրջանում խաղաղության կրթության կարողությունների զարգացում» (Education for Peace- Competences for Peace Education in the Youth Field) թեմայով կրթական ծրագրի առաջին սեմինար դասընթացը, որին մասնակցում էին 3-ական ներկայացուցիչներ Եվրոպական երկրներից՝ Մեծ Բրիտանիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Լատվիա, Ուկրաինա և Հարավային Կովկասի 3 երկրներից՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան:
Ծրագիրը իրականացվում է Գերմանիայում գործող «Եվրոպական միջմշակութային ֆորում» (European Intercultural Forum) և Վրաստանում գործող «Խաղաղության և զարգացման ակադեմիա» (Academy for Peace and Development) կազմակերպությունների կողմից, Եվրոպական Միության Էրազմուս + ծրագրի շրջանակներում:
Ծրագրի միջոցով գործընկեր կազմակերպությունները փորձում են օժանդակել կոնֆլիկտային գոտիներում հասարակության և մասնավորապես՝ երիտասարդների շրջանում խաղաղասիրական կրթության զարգացմանը, բռնության դեմ պայքարին և կոնֆլիկտների ձևափոխման և խաղաղ կարգավորման հմտությունների ձեռքբերմանը, որը չափազանց կարևոր է մեկուսացված հասարակությունների միջև փոխվստահության և երկխոսության ձևավորման և զարգացման համար: Ծրագրի նպատակներից մեկն է պատրաստել երիտասարդ դասընթացարավարներ, ովքեր իրենց տարածաշրջանում կիրականացնեն խաղաղասիրությանն ուղղված դասընթացներ: Դասընթացը բաղկացած է 4 փուլերից, որոնցից 2-ը իրականացվում են առցանց, իսկ 2-ը միմյանց հետ հանդիպումների ձևով:
Բացի դրանից՝ ծրագրի միջոցով հնարավորություն է ընձեռվում կոնֆլիկտային գոտում բնակվող երիտասարդների միջև կապեր ստեղծելու և հետագայում համատեղ ծրագրեր իրականացնելու, որը կարող է խթանել առկա կոնֆլիկտների լուծմանը միայն խաղաղ ճանապարհով:
Դասընթացի առաջին օրը մեկնարկեց մասնակիցների ծանոթությամբ, որի համար օգտագործվեցին տարբեր հետաքրքիր մեթոդներ: Մասնակիցները կիսվեցին իրենց ներկայացրած կազմակերպությունների՝ խաղաղասիրական ծրագրերի իրականացման ոլորտում ունեցած փորձով:
Մասնակիցներին ներկայացվեց հետագա 7 օրերի ընթացքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ ծրագիրը, մասնակիցները ներկայացրին դասընթացից իրենց ակնկալիքները և դասընթացի ընթացքում ձեռք բերվող հմտությունների հետագա կիրառման բնագավառներն ու հնարավորությունները:
Մասնակիցների շրջանում թիմային ոգին ամրապնդելու համար անցկացվեցին բազմաբնույթ թիմային աշխատանքներ, քննարկումներ և խաղեր: Աշխատանքային քննարկումների ընթացքում ծրագրի մասնակիցները ներկայացրին տարբեր կոնֆլիկտային իրավիճակներ, որոնց հանդիպել են թե՛ անձնական մակարդակում, եւ թե՛ այնպիսի կոնֆլիկտներ, որոնք առկա են յուրաքանչյուրի երկրում կամ տարածաշրջանում: Այնուհետեւ ստացած տեսական գիտելիքների, կոնֆլիկտների ուսումնասիրման տարբեր մեթոդների հիման վրա թիմային, գործնական աշխատանքների և խաղերի միջոցով փորձեցին վերլուծել դրանք, գտնել դրանց պատճառահետևանքային կապերը: Ստացած տեսական գիտելիքների հիման վրա գործնական պարապմունքների ժամանակ երիտասարդները մշակեցին կոնֆլիկտների խաղաղ կարգավորման ռազմավարություններ:
Քննարկումներն ու համատեղ աշխատանքը ընթանում էին նաև ընդմիջումների ընթացքում:
Դասընթացի հաջորդ օրերի ընթացքում ֆիլմերի, տեսական նյութերի, հոգեբանական վերլուծությունների միջոցով մասնակիցները ծանոթացան կոնֆլիկտ, բռնություն, խաղաղություն և մի շարք այլ հասկացությունների հետ:
Դասընթացից զատ՝ մասնակիցների համար կազմակերպվել էր հետաքրքիր ժամանց:
Ծրագիրն իսկապես կայացած էր, նպատակները քայլ առ քայլ իրականացվում էին, դրա մասին շեշտում էին թե՛ մասնակիցները, թե՛ դասընթացավարները և թե՛ ծրագրի կազմակերպիչները:
Դասընթացը հնարավորություն տվեց կոնֆլիկտի մեջ գտնվող հասարակությունների երիտասարդ ներկայացուցիչներին ընդունելու միմյանց որպես խաղաղություն կառուցողների եւ ոչ թե որպես թշնամիների, որպես հնարավորություն միմյանց հետ համագործակցելու եւ իրենց ներդրումն ունենալու խաղաղասիրության մեջ:
Տես նաև՝peacecompetences.wordpress.com