Մանկահասակ Լիա Միսակյանի մահվան գործով վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել
17:51, April 25, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Երեխաների իրավունքներ, Կյանքի իրավունք | Լիա Միսակյան2013 թ. հունվարի 3-ին Արաբկիր բժշկական կենտրոնում մահացած երկու տարեկան երեք ամսական Լիա Միսակյանի գործով տուժողի իրավահաջորդի ներայացուցիչ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից 2016 թ. հունվարի 22-ին ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ Վճռաբեկ դատարանի 2016 թ. ապրիլի 19-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:
Հիշեցնենք, որ 2015 թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, քննության առնելով Լիա Միսակյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների և ամբաստանյալների պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքները, մերժեց դրանք:
Դատարանի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաքունցը գտել է, որ դատարանը ճիշտ չի գնահատել ամբաստանյալների գործողությունները, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները՝ այդպիսով թույլ տալով գործի ելքի համար էական նշանակություն ունեցող դատական սխալ, և պահանջել է բեկանել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 2015թ․ դեկտեմբերի 22-ի դատական ակտը, փոփոխել ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ սահմանված ազատազրկման ձևով պատիժը, նրանց նկատմամբ սահմանելով համապատասխանաբար՝ 3 տարի և 3 տարի 6 ամիս ժամկետով պատիժ:
Վճռաբեկ բողոքով պահանջվել է նաև ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ նշանակել լրացուցիչ պատիժ՝ նրանց զրկելով որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից համապատասխանաբար՝ 3 տարի և 2 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ 2 տարեկան 3 ամսական Լիա Միսակյանն «Արաբկիր» ԲԿ ընդունվել էր 2012 թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, որտեղ էլ 2013 թ. հունվարի 3-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, մահացել էր: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել «Արաբկիր» ԲԿ–ի հերթապահ բժիշկներ Լիլիթ Վարդանյանին և Զարինե Այվազյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասով:
ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քամաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015 թ. հունիսի 15-ի վճռով Լիլիթ Վարդանյանը և Զարինե Այվազյանը դատապարտվել են ազատազրկման՝ համապատասխանաբար 2 տարի և 2 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց լրացուցիչ պատժի նշանակման:
Միաժամանակ, ամբաստանյալների նկատմամբ կիրառվել է ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ընդունված համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետը, և նրանք ազատվել են պատժի կրումից: