ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը՝ ընդդեմ ՀՀ Գլխավոր դատախազության մերժվեց
18:44, April 25, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Տեղեկատվության եւ խոսքի ազատություն | ՀՀ Գլխավոր դատախազություն2016 թ. ապրիլի 25-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Թովմասյանի, հրապարկվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ընդդեմ ՀՀ Գլխավոր դատախազության՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործով վճիռը, որով Դատարանը վճռեց մերժել ներկայացված հայցը:
Դատարանը գտել է, որ Կազմակերպությունը խնդրել է տեղեկատվություն մի մարմնից, որն ուղղակիորեն չի հանդիսանում դիմումով խնդրարկվող տեղեկատվության տնօրինող, որպիսին կարող է հանդիսանալ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը: Միաժամանակ դատարանը գտել է, որ այն հանգամանքը, որ ՀՀ Գլխավոր դատախազի կամ նրա լիազորած դատախազների կողմից հսկողություն է իրականացվում ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվող նախաքննության նկատմամբ, չի հաստատում, որ ՀՀ Գլխավոր դատախազությունում առկա է վիճակագրություն 2013 և 2014 թթ. ՀՀ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով, 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և 341-րդ հոդվածով նախատեսված արարքների հատկանիշներով քննված քրեական գործերի վերաբերյալ: Դատարանը գտել է նաև, որ 28.06.2014թ. ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններով ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը վիճակագրություն վարելու պարտականություն վերապահելը ևս վկայում է այն մասին, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը տեղեկատվության տնօրինող չի հանդիսանում: Այդպիսով, դատարանը գտել է, որ ներկայացված հայցն անհիմն է և ենթակա է մերժման:
Հիշեցնենք, որ դատարան ներկայացված հայցադիմումով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել էր պարտավորեցնել ՀՀ Գլխավոր դատախազությանը տրամադրել Կազմակերպության 2015 թ. հուլիսի 16-ի հարցմամբ պահանջված տեղեկատվությունը, որով պահանջվել է տրամադրել 2013 և 2014 թթ. ընթացքում ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 119-րդ, 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և 341-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների քննության ընթացքում կայացված դատավարական որոշումների վերաբերյալ քանակական տեղեկություններ: