Սարի թաղի ցուցարարների հանրային պաշտպանները կրկին դատարան չէին ներկայացել. նիստը հետաձգվեց
10:26, May 25, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունԵրեկ՝ 2018 թ. մայիսի 24-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Սարի թաղի ցուցարարներ Հրաչյա Բոյաջյանի, Արման Ադամյանի ու Ժորա Ավետիսյանի գործով դատական նիստ:
Դատական նիստի ընթացքում քննարկվելու էր Հրաչյա Բոյաջյանի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի միջնորդությունը՝ խափանման միջոցը փոխելու և խափանման այլընտրանքային միջոց 1.000.000 ՀՀ դրամ գրավ կիրառելու վերաբերյալ:
Դատական նիստին, սակայն, մյուս ամբաստանյալների հանրային պաշտպանները չէին ներկայացել և նիստը հետաձգվեց: 1.5 տարի տևած դատաքննության ընթացքում սա առաջին դեպքը չէր:
Հանրային պաշտպանների՝ դատական նիստին չներկայանալու պատճառով Սարի թաղի ցուցարարների գործով նիստերը քանիցս հետաձգվել են: Իսկ ամբաստանյալները շարունակում են մնալ կալանքի տակ:
Բացի դրանից՝ դատաքննությունը ընդհատվել է դատավոր Արթուր Օհանյանի՝ աշխատանքից ազատվելու հիմքով, ինչը ենթադրում է, որ դատաքննությունը վերսկսվելու է և կարող է տևել 1 տարուց ավելի:
Հաջորդ դատական նիստը 2018 թ. հունիսի 26-ին է: