Շահեն Հարությունյանի նկատմամբ ոստիկանության սանձարձակ և խուլիգանական բռնության մասին hայտարարություն
14:28, June 25, 2016 | Հայտարարություններ, Սեփական2016թ հունիսի 25-ին Գյումրի քաղաքում Հռոմի Պապի այցելության օրը, ՀՀ ոստիկանությունը բառացիորեն առևանգել է քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին։
Շահենը գնացել էր Գյումրի մասնակցելու Հռոմի Պապին դիմավորելու և հնարավորության դեպքում նրան հանձնելու Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բանտարկյալների մասին Հայտարարության տեքստը՝ նպատակ ունենալով նրա ուշադրությունը գրավել ՀՀ-ում քաղաքական բանտարկյալների խնդրին։
Քաղաքացիական հագուստով ՀՀ ոստիկանները, գերազանցելով իրենց լիազորությունները, խախտելով օրենքի բոլոր նորմերը, բռնի ուժով նստեցրել են ոստիկանական մեքենա և հանել նրան Գյումրի քաղաքից դուրս՝ տեղափոխելով Երևան։
ՀՀ ոստիկանությունը, իրեն դնելով օրենքից դուրս, հանդես է եկել որպես կազմակերպված բանդիտական խմբավորում, որը օրը ցերեկով առևանգում է ՀՀ քաղաքացուն՝ թույլ չտալով նրան իրականացնել իր կարծիքի արտահայտման ազատության իրավունքը։
Հերթական անգամ ՀՀ ոստիկանությունը, խախտելով և սահմանափակելով մարդու իրավունքը, հանդես է գալիս որպես խուլիգանական նպատակներ հետապնդող և անձի նկատմամբ ծանր հանցագործություն կատարող կառույց։
Պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ ԱԱԾ-ից և ՀՀ ՀՔԾ-ից անհապաղ․
– միջոցներ կիրառել՝ ազատելու Շահեն Հարությունյանին ոստիկանական առևանգումից,
– հարուցել քրեական գործ ՀՀ ոստիկանապետ Վ․Գասպարյանի և այդ հանցագործությունը կատարած այլ պաշտոնատար անձանց նկատմամբ
– և ապահովել Շահեն Հարությունյանի կարծիքի արտահայտման ազատության իրավունքի վերականգնումն ու իրացումը իր նախընտրած եղանակով։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
25 հունիսի 2016թ․
Կից կարող եք տեսնել դեպքի առթիվ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը