«Չպետք է այնպիսի վիճակ ստեղծել, որ խմբի համար այն անտանելի դառնա». Ա. Սաքունց
23:58, July 25, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Սասնա ծռեր» խմբի անդամներին Ազգային անվտանգության ծառայության կողմից այսօր ուղարկված թռուցիկ-կոչը լիովին համապատասխանում է Քրեական օրենսգրքի մոտեցումներին, բայց պետք է դրա իրագործման հստակ երաշխիքներ լինեն հենց այդ կոչում: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Այնտեղ նշվում է, թե որ դեպքում կարող են մարդկանց նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը: Սա հստակ է, բացառությամբ գնդապետի մահվան դեպքը, որին քննության ընթացքում պետք է գնահատական տրվի, ոչ թե կանխակալ որակումներ տրվեն: Եթե դիտարկենք սա որպես մեկուսի, որպես իրավական փաստաթուղթ, իհարկե, ինքը լիովին հիմնավորված է: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ հիմա Հայաստանում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ այդ մեկուսի իրավական փաստաթուղթն անհնար է չտեսնել կապի մեջ մնացած իրավական ու քաղաքական գործընթացների հետ»,- ասաց Սաքունցը:
Նրա խոսքով, մասնավորապես, երբ մենք տեսնում ենք Քննչական կոմիտեի ու ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդման գործելաոճը, ապա մի ձեռքով բավական անհիմն քրեական հետապնդման վարքագիծ է դրսևորվում, մյուս կողմից այդ համատեքստում տարօրինակ է երևում ԱԱԾ-ի իրավական մեթոդների առավել մեղմ ոճը:
Սա, ըստ Սաքունցի, առաջացնում է որոշակի անվստահություն, որովհետև տարբերակված մոտեցման հետ գործ ունենք: Մի դեպքում ակնհայտ ճնշում է կիրառվում ակտիվիստների ու գործիչների նկատմամբ, մյուս դեպքում էլ բավական լոյալ մոտեցում է, որն ընդհուպ մինչև քրեական պատասխանատվությունից ազատելու առաջարկ է:
«Էլ չեմ խոսում երրորդ տարբերակի մասին, որ քաղաքացիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք՝ բռնություններ, ճնշումներ, խոշտանգումներ են կիրառվել ամսի 20-ի երեկոյան: Մենք չենք տեսնում նույն հետևողական վարքագիծը ոստիկանների նկատմամբ, ովքեր կատարել են այդ գործողությունները: Այսինքն՝ իրավական դաշտում ինստիտուտների գործելակերպի միջև կան ակնհայտ խզումներ»,- ասում է իրավապաշտպանը:
Արթուր Սաքունցի խոսքով՝ ԱԱԾ-ն հենց այդ տեքստի մեջ երաշխիքներ պետք է ունենար, որոնք չկան: Տեքստում կա վերջնագրային մոտեցում, վերջնագիր է դրվում «Սասնա ծռերի» առաջ: Բայց, մյուս կողմից, մոռացության է տրվում այն, որ այդ վերջնագրով ու ընթացակարգով առաջարկվող գործողությունն ուղղակիորեն կապ ունի այն քաղաքական խնդիրների հետ, որոնց հետ ուզեն թե չուզեն պետք է հաշվի նստեն: Այն նպատակները, որոնք հռչակվել են խմբի կողմից, այն է՝ Սերժ Սարգսյանի հրաժարական ու քաղբանտարկյալների ազատ արձակում, դրանք լեգիտիմ են նաև հանրության համար: Հանրությունն աջակցում է զինված խմբի նպատակներին, մեթոդների հետ կապված այնուամենայնիվ որոշակի վերապահումներ ու տարակարծություններ ունի: Բայց միաժամանակ հանրությունն իր դիրքորոշմամբ գալիս է համոզելու, որ ինքն էլ է համաձայնել, որ քաղաքական ու իրավական գործիքների չաշխատելու հետևանքով ստեղծված անպատժելիության դեմ այս զինված մեթոդն ամենավերջին ու ծայրահեղ միջոցն է, որպեսզի որոշակի խնդիրներ լուծվեն:
«Եվ հիմա այս իրավիճակում իշխանությունը ոչ թե պետք է վերջնագրային մոտեցում դրսևորի, այլ նաև օրենքի առաջ հավասարության սկզբունքը ապահովի՝ որպես առաջին կարևոր երաշխիք, որ ամեն մեկն իր արարքի համար պատասխանատվություն կրի՝ անկախ իր պաշտոնից: Երբ այս գործելակերպը որպես երաշխիք չկա, ապա մեկուսացված այս մոտեցումը զուրկ է մնում որևէ երաշխիքից և վստահություն չի ներշնչում»,- հավելեց նա:
Իրավապաշտպանը նաև նշեց, որ իշխանության կողմից կատարվելիք քայլերից մեկը կարող է լինել այն, որ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց, փոխվի, և հնարավորություն տրվի խմբի կողմից հրապարակված հանրությանը մտահոգող հարցերի շուրջ երկխոսություն ծավալել: Բայց մենք այսօր չենք տեսնում այդ քայլերը, հետևաբար, այդ կոչն ի չիք է դարձնում որևէ վստահություն:
Իրավապաշտպանը նաև հարցադրում է անում՝ իսկ ո՞վ ասաց, որ եթե խումբը հանձնվեց, նրանց նկատմամբ քրեական հետապնդում տեղի չի ունենա: Նա նշում է, որ իրենց կամքով պատանդներին ազատ արձակելուց հետո «Սասնա ծռերը» ականատես եղավ իշխանությունների կողմից պայմանավորվածությունները խախտելուն:
“Իշխանությունն արդեն 20 ժամից ավելի է՝ ՊՊԾ գնդի տարածքը զրկել է էլեկտրականությունից, խմբի անդամներին՝ սնունդից, կապի միջոցներից: Այսինքն՝ արդեն իսկ այդ վարքագիծը կասկածի տակ է դնում այս առաջարկության նկատմամբ վստահությունը: Այսինքն՝ հենց ընթացքից արդեն խախտումներ եղան”,- ընդգծեց նա:
Արթուր Սաքունցն իշխանություններին հորդորում է փոխել իրենց գործելաոճը խմբի նկատմամբ, որովհետև ակնհայտ է, որ իշխանություններն ուժային մեթոդի կիրառումից չեն հրաժարվել: Չպետք է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ խմբի անդամների համար իրավիճակը դառնա անտանելի, որն ախուսափելիորեն նրանց մոտ կմեծացնի ագրեսիան և կդրդի կատարել այնպիսի գործողություններ, որը ֆորմալ տեսակետից իշխանությանը հիմք կտա ուժ գործադրել:
«Եվ իշխանությունը դրանով իրեն «կարդարացնի»: Բայց այս պարզունակ մեխանիզմից պետք է հրաժարվել, որպեսզի խուսափենք արյունահեղությունից», ասաց իրավապաշտպանը: