Կոռուպցիան ունի նաև վերազգային դրսևորումներ, որոնք լուրջ մարտահրավեր են մեր ինքնիշխանությանը
10:17, July 25, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններLragir.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս խոսեց խնդրահարույց վարկային ծրագրերի մասին: Պարզվում է, որ Հայաստանը փակում է այդ վարկերը, բայց որոշ ծրագրեր կամ կիսատ են, կամ ընդհանրապես չեն իրականացվել: Ի՞նչ է կատարվել այս ոլորտում:
Ես կարծում եմ, որ վարչապետի այդ հայտարարություններն ուղղակի կապ ունեն ՀՀ կառավարության կողմից ստորագրված միջպետական տարբեր ծրագրերի հետ: Մասնավորապես, դա կարող է վերաբերել և Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությանը, Համաշխարհային բանկի կողմից կրթության ոլորտին հատկացված ծրագրերին և այլն: Ժամանակին նաև Ռուսաստանից ստացել էինք 500 մլն դոլար վարկ, որի իրացման արդյունավետությունը նույնպես հայտնի չէ: Այսինքն՝ խոսքը վերաբերում է բոլոր այն վարկային ծրագրերին, որ պետությունը որպես պարտք վերցրել է, և արտաքին պարտքի առաջացման աղբյուրներից մեկը հանդիսանում են նշված վարկային ծրագրերը, որոնց համար պետությունը մարումներ է անում: Հետևաբար, ՀՀ արտաքին պարտքի առաջացման աղբյուրների ուղղությամբ քննություն իրականացնելու մասին է խոսքը: Այդ վարկային պայմանագրերով սահմանված գործողությունների, ֆինանսական միջոցների իրացման արդյունավետության միջոցով կպարզվեն կոռուպցիոն հաջորդ փաստերը: Եթե հիշենք Լինսի հիմնադրամի հետ կապված հայտնի պատմությունները, որը ներդրում էր, վարկ չէր, նույն Հայաստան հիմնադրամի հետ կապված պատմությունը, ապա չէր կարող այնպես լինել, որ վարկային պայմանագրերով ֆինանսական հատկացումների բնագավառում այդ կոռուպցիոն ռիսկերը չլինեին: Մենք չենք տեսնում արդյունք, չենք տեսնում բարեկարգված ճանապարհներ, ենթակառուցվածքներ, բայց շարունակում ենք վճարել այդ վարկերի դիմաց՝ չունենալով որևէ արդյունք: Այսինքն՝ տպավորություն է, որ ինչ-որ վարկային պայմանագրեր են կնքվել՝ վարկային միջոցները յուրացնելու նպատակով, որոնց դիմաց վճարում ենք բոլորս:
Տարիներ շարունակ մասնագետները նաև բարձրացրել են տարբեր կոնցեսիոն պայմանագրերով պատշաճ ներդրումներ չկատարելու հարցը: Նույն խնդիրն այստե՞ղ է եղել:
Այո, խնդրի մյուս մասը վերաբերում է կոնցեսիոն կառավարմանը: Դա վերաբերում է և էներգետիկայի, և երկաթուղու ոլորտներին, որոնք հանձնվել են ռուսական կողմին: Շատ կարևոր է քննության առարկա դարձնել ռուսական կողմի կառավարմանը հանձնված տնտեսությունների ուսումնասիրության հարցը: Օրերս մենք հրապարակել ենք երկաթգծի վերաբերյալ հայտնի տեղեկանքը, որտեղ ակնհայտ կոռուպցիոն հանցագործություններ կան: Եվ մինչև հիմա տեղյակ չենք, թե իրավապահներն այդ հրապարակումների հիման վրա ինչ-որ նյութեր նախապատրաստե՞լ են կամ պատրաստվո՞ւմ են գործողություններ իրականացնել, թե ոչ: Ես հրապարակեցի նաև Ռուսաստանի սահմանապահ զորքերին Հայաստանի պետական բյուջեից հատկացվող միջոցների արդյունավետ ծախսման հետ կապված խնդիրները, խոսքը վերաբերում է կոնկրետ վառելիքին: Այսինքն՝ ես նկատի ունեմ, որ միջպետական մակարդակով տարբեր պայմանագրերը, դրանք կլինեն վարկային, թե կոնցեսիոն կառավարման, դրանց միջոցների տնօրինման, կոռուցպիոն դրսևորումների դեմ պայքարի հարցը կարևոր է, որովհետև դա երկրի ինքնիշխանության կարևոր երաշխիքներից մեկն է: Կոռուպցիան ունի ոչ միայն ներքին դրսևորումներ, այլ նաև վերազգային դրսևորումներ, որոնք բավական լուրջ մարտահրավեր են մեր ինքնիշխանությանը:
Վարկային ծրագրերով չարաշահումները, որոնց մասին խոսում է վարչապետը, միայն երկրի ներսո՞ւմ են տեղի ունեցել, թե՞ դրսի ուժեր էլ կարող են դրանց մասնակից լինել:
Նայած, թե որ վարկային պայմանագրերի մասին է խոսքը: Համաշխարհային բանկի վարկային պայմանագրերի մասով չեմ կարող նման կասկած արտահայտել, բայց Հայկական երկաթուղու հետ կապված մեր փաստերը վկայում են, որ փոխադարձ համաձայնությամբ է դա արվել: Նույնը վերաբերում է գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտին:
Կառավարության անելիքը ո՞րը պետք է լինի՝ նմանօրինակ դեպքերը բացահայտելու կամ բացառելու համար:
Պետք է շարունակվեն հակակոռուպցիոն միջոցառումները նաև վերազգային կամ միջպետական բնագավառում: