Վարչապետը նախ պետք է նեղանա ինքը իրենից. ինչպիսի հրահանգ տալիս են դատավորին, այդպիսի վճիռներ ստանում են. Արթուր Սաքունց (տեսանյութ)
23:32, August 25, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը անդրադարձել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի զայրույթին, որ նա հանձնարարել էր հաշվարկել, թե վերջին երեք տարվա ընթացքում որքան գումար է հատկացվել ՄԻԵԴ-ի վճիռների համար. «Եւ, ընդհանրապես, այս սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պետք է պատասխան տա՞, թե՞ ոչ»,- ասել է վարչապետը:
-Ի՞նչ էր դա նշանակում:
-Վարչապետը նախ պետք է նեղանա ինքը իրենից, ինչպիսի հրահանգ տալիս են դատավորին, այդպիսի վճիռներ ստանում են: Դատավորները վճիռներն արձակում են` ելնելով գործադիր իշխանության թելադրումից, դա փաստ է, եւ վարչապետը չպետք է դժգոհի, այլ պետք է դժգոհեն դատավորները իրենց հրահանգ տվողներից, որ էլ հրահանգ չտան, որպեսզի արդարադատություն իրականացնեն:
Ես ակնկալում եմ, որ դատավորներն իրենք պետք է բողոք ներկայացնեն, որ դուք այն պահանջները ներկայացնելու ժամանակ այսպիսի վճիռներ կայացնելու համար Եվրոպական դատարանը այսպիսի գնահատական է տալու, որ սխալ է եղել:
Ինձ հետաքրքիր է՝ դատավորները գոնե փորձել են դիմադրել, բացատել իրենց հրահանգ տվողներին, որ այդ որոշումը, որը հրահանգով կատարվում է, հանդիսանալու է խախտում: Այսինքն՝ վարչապետը, հանձին գործադիր իշխանության քաղաքական ղեկավարության, թող իրենցից դժգոհեն, իրենց անգրագետ հրահանգներից, որ տալիս էին դատավորներին, որոնք ընդունում էին այդպիսի որոշումները՝ ընդ որում, ելնելով իրենց քաղաքական կամ նեղ անձմական շահերից:
-Բայց դատավորները արդարանում են, թե իրենց մեղքը չէ, այլ օրենքի բաց կա, որ այս իրավիճակն է ստեղծում:
-Դատավորները պետք է հասկանան, հիշեն, որ մինչեւ նոր սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանի կողմից իրականացված, նախկին Սահմանադրությամբ կար հետեւյալ դրույթը. սահմանադրական նորմերը գործում են անմիջականորեն, եւ կիրառվում են միջազգային նորմերը, որոնց միացել է նաեւ Հայաստանը, այսինքն՝ հղում կատարել օրենքի բացերին սա արդեն իրավականորեն անգրագիտություն է:
Կրկնում եմ, որ օրենքի բացերին հղում կատարեն, դա մանկական պատճառաբանություն է, որովհետեւ միջազգային պայմանագրի նորմերը ուղղակի գործողության դրույթ ունեն մեզ մոտ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: