Տեղի ունեցավ «Իրավապաշտպանների վիճակը Հայաստանում 2013թ.» զեկույցի շնորհանդեսը
20:01, September 25, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն2014 թ. սեպտեմբերի 25-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Իրավապաշտպանների վիճակը Հայաստանում 2013 թ.» զեկույցի շներհանդեսը:
Զեկույցում ամփոփվել են իրավապաշտպանների նկատմամբ ճնշումների և հետապնդումների դեպքերը, գնահատվել է Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների, այդ թվում` Իրավապաշտպանների վիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի (ՀԶ) 2010թ. Հայաստանի վերաբերյալ հանձնարարականների կատարումը:
Ինչպես իր խոսքում նշեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, 2013 թ. տեղի են ունեցել բազմաթիվ վճռորոշ քաղաքական իրադարձություններ՝ ՀՀ նախագահական ընտրությունները, Ասոցացման համաձայնագրի ձախողումը և Մաքսային միության անդամակցման որոշումը, որոնք իրենց ազդեցությունն ունեցան նաև քաղաքացիական հասարակության վրա: Նա նշեց, որ զեկույցն անդրադարձել է մի քանի բնագավառների, այն է Մարդու իրավունքների ազգային ռազմավարությանը և դրանից բխող միջոցառումներին, իրավապաշտպանների և իրավապաշտպան կազմակերպությունների նկատմամբ ահաբեկումներին ու հարձակումներին, ինչպես նաև իրավապաշտպանների՝ հատկապես խոցելի խմբերի պաշտպանների վերաբերյալ ապատեղեկատվությանը և հակաքարոզին:
Զեկույցում ներկայացվում են մի շարք թվային տվյալներ, ըստ որոնց 2013 թվականին Երևանի քաղաքապետարանը ստացել է հավաքների անցկացման մասին երկու հարյուր վաթսունչորս իրազեկում: Դիմումներից երկուսը վերադարձվել է՝ սահմանված վերջնաժամկետից ուշ ներկայացվելու պատճառով, իսկ քսան դեպքում քաղաքապետարանը սահմանափակել է հավաքների երթուղին: Թեև ընդամենը 20 հավաքի դեպքում է պաշտոնապես սահմանափակում ներկայացվել, ոստիկանները հաճախ կամայականորեն անհարկի և առանց որևէ հիմքի սահմանափակումներ են կիրառել հանրահավաքների նկատմամբ` նրանց ցրելու նպատակով: 2013 թվականին անցկացրած բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանները մեծամասամբ բռնություն են կիրառել ցուցարարների և լրագրողների նկատմամբ: Բազմաթիվ դեպքերում ցույցերի մասնակիցներին ձերբակալել են, բերման են ենթարկել և ահաբեկել: Շատ անգամ ցուցարարների նկատմամբ վարչական կամ քրեական պատասխանատվության հայց է ներկայացվել:
Զեկույցում ներառված են 54 միջադեպեր, որոնց ընթացքում բազմաթիվ իրավունքներ են խախտվել:
Արթուր Սաքունցը հիշեցրեց նաև որ 2010 թ. Հայաստան այցելությունից հետո ՄԱԿ-ի իրավապատպանների հարցերով հատուկ զեկուցողը ներկայացրել է 34 հանձնարարական, որոնցից 23-ը կառավարությանը, 4-ը` Մարդուիրավունքների պաշտպանիգրասենյակին, 5-ը` միջազգային հանրությանը և նվիրատու կազմակերպություններին, և 2-ը` իրավապաշտպաններին: Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գնահատման՝ ՀՀ կառավարության կողմից կատարվելէ 2 հանձնարարական, մասնակի կատարվել է 10 հանձնարարական և չի կատարվել 11 հանձնարարական: Մադու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից կատարվելէ 1 հանձնարարական, կատարվել է մասնակի 2 հանձնարարական և չի կատարվել 1 հանձնարարական: Իսկ իրապաշտպաններին ներկայացված հանձնարակականներից 1-ը կատարվել է, իսկ մյուսը կատարվել է մասնակի:
Իր ելույթի վերջում Ա. Սաքունցը ներկայացրեց իրավապաշտպանների պաշտպանությանն ուղղված առաջարկությունները ՀՀ կառավարությանը:
Զեկույցի ներկայացման ժամանակ ելույթով հանդես եկավ Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը, ով ներկայացրեց 2013 թ. նոյեմբերի 5-ի և դրան հաջորդած ու նախորդած դեպքերը, ոստիկանների կողմից Շանթ Հարությունյանի և նրա ընկերների իրավունքների ոտնահարման փաստերը, ինչպես նաև իրականացվող քննության ժամանակ թույլատրված ակնառու օրինախախտումները:
Կանանց և ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների խնդիրները ներկայացրեց Հասարակությունն առանց բռնության ՀԿ-ի գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանը, ով առանձին դեպքերի միջոցով ներկայացրեց ոստիկանների և անհայտ անձանց կողմից կատարված խախտումներն ու ոտնձգությունները, ինչպես նաև ոստիկանության անհետևողական աշխատանքի պատճառով նշված ոլորտներում տիրող անպատժելիության մթնոլորտը:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան, փաստաբան Անի Վարդանյանն իր ելույթում անդրադարձավ ակտիվիստներին ոստիկանության տարբեր բաժիններ տանելու ոստիկանության որդեգրած պրակտիկայի առկայությանը, որը նա որակեց, որպես հավաքների ցրման հատուկ մեխանիզմ: Անի Վարդանյանը նաև ներկայացրեց դատարաններում ակտիվիստների դեմ հայցերի պրակտիկայից ուշագրավ մանրամասներ: Նա նշեց, որ բերում հասկացությունը ի հայտ է եկել 2013 թ. ամռանը՝ հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ուղղված ակցիաների ընթացքում, եբ ոստիկանությունը բերում էր իրականացնում քաղաքացիների նկատմամբ առանց որևէ հիմնավորմամբ, իսկ հետագայում էր ներկայացնում էր, թե քաղաքացին չի ենթարկվել իշխանության ներկայացուցչի օրինական պահանջին: Ընդ որում հասկանալի չէր, թե որն է այդ օրինական պահանջը: Ներկայումս բերման հիմնավորում է ներկայացվում հավաքների ազատության իրավունքի խախտումը և մտահոգիչ է, որ արդեն կա հավաքների ընթացքում բերման ենթարկված անձանց նկատմամբ քրեական գործի հարուցման նախադեպ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանն իր ելույթում ներկայացրեց ՄԻՊ գործողությունները ակտիվիստների և իրավապաշտպանների հարցերով հայտարարությունների տարածման և զեկույցների պատրաստման, ինչպես նաև իրավապաշտպանների իրավունքների խախտման ուսումնասիրության և արձանագրման վերաբերյալ: Տաթևիկ Խաչատրյանը նշեց նաև, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը միջոցներ է ձեռնարկում լրատվամիջոցների նկատմամբ աղբյուրների բացահայտման դատախազության պահանջը վիճարկելու ուղղությամբ, քանի որ այն հակասում է մամուլի ազատության միջազգային նորմերին:
Տաթևիկ Խաչատրյանը նաև անդրադարձավ «Իրավապաշտպանների վիճակը Հայաստանում 2013» զեկույցում տեղ գտած միջադեպերին և կատարեց մի քանի նկատառումներ:
Զեկույցի շնորհանդեսին ելույթով և հնչեցված հարցերի պարզաբանումներով հանդես եկավ ՀՀ Ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մերուժան Հակոբյանը, ով պնդեց, որ ոստիկանությունը պատրաստ է երկխոսության և համաձայն չէ Ոստիկանության վերաբերյալ զեկույցում հնչեցված գնահատականներին:
Զեկուցողների ելույթներին հաջորդեց բավականին ակտիվ քննարկում, որի մանրամասները կներկայացնենք առաջիկա տեսանյությում: