Արթուր Սաքունց. «Խնդիրը իրավապաշտպանի կողքին ոստիկան դնելը չէ, այլ մոտեցումը փոխելը»
20:13, September 25, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցն այսօր անդրադարձավ Հայաստանում իրավապաշտպանների գործունեությանը, նրանց նկատմամբ ահաբեկումներին եւ բռնություններին, ներկայացրեց «Իրավապաշտպանների վիճակը Հայաստանում- 2013» զեկույցը:
Ըստ Սաքունցի՝ 2013թ. տեղի ունեցան բազմաթիվ քաղաքական իրադարձություններ, որոնք իրենց ազդեցություններն ունեցան քաղաքացիական հասարակության, քաղաքացիների ակտիվության վրա: Մասնավորապես նշվեցին Երեւանում տրանսպորտային ուղեվարձի, գազի սակագների, կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված բողոքի ցույցերը:
Սաքունցն անդրադարձավ նաեւ 2013թ. տեղի ունեցած հավաքներին, դրանց անցկացման մասին իրազեկումների վիճակագրությանը: Պարզվեց, որ անցյալ տարի Երեւանի քաղաքապետարանը ստացել էր հանրահավաքներ անցկացնելու մասին 264 իրազեկում, դիմումներից 2-ը վերադարձվել էր վերջնաժամկետից ուշ ներկայացվելու պատճառաբանությամբ, 20-ի դեպքում քաղաքապետարանը սահմանափակել էր հավաքների երթուղին: Վիճակագրությունից դուրս, ըստ իրավապաշտպանի, հենց հավաքների ժամանակ է ամենից շատ բռնություն կիրառվել ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ: Ի դեպ, զեկույցում ներկայացված էր 54 միջադեպ: Արթուր Սաքունցն ասաց, որ խոսքը Երեւանի հանրահավաքների մասին է, քանի որ մարզերում հավաքների մասին խոսելն ավելորդ է: Իրավապաշտպանն անդրադարձավ նաեւ ՄԱԿ-ի իրավապաշտպանների վիճակի հարցերով հատուկ զեկուցողի Հայաստանի վերաբերյալ առաջարկությունների կատարման վիճակին, հայտնելով, որ զեկուցողը ներկայացրել է 35 առաջարկ. 24-ը՝ կառավարությանը, 4-ը՝ Մարդու իրավունքների պաշտպանին, 2-ը՝ իրավապաշտպաններին, 5-ը՝ միջազգային հանրությանը:
Զեկույցի համաձայն՝ կառավարությանը ներկայացրած առաջարկություններից կատարվել է 2-ը, մասնակի՝ 10-ը, եւ չի կատարվել 11 առաջարկություն: Ինչ վերաբերում է իրավապաշտպանների նկատմամբ բռնություններին, Ա. Սաքունցն ասաց, որ օրակարգային հարց է դարձել իրավապաշտպանների պաշտպանության հարցը, եւ խնդիրը ոչ թե նրանց կողքին ոստիկան դնելն է, այլ փոխել մոտեցումները: Իրավապաշտպանների դեմ ուղղված մարտահրավերներից էին զրպարտության դեպքերը եւ իրավական դաշտից այլ դաշտ տեղափոխելը, մասնավորապես՝ երբ իրավապաշտպանի գործունեությունը ազգային արժեքներից դուրս է դիտվում:
Արթուր Սաքունցն անդրադարձավ 2013թ. հուլիս-օգոստոսին հակախտրականության մասին օրենքի քննարկմանը. «Անբովանդակ քննարկումներ եղան, հակաքարոզչություն, կարծես մեր ազգային արժեքները չպիտի լինեն համամարդկային»: Քննարկումը շարունակվում է, այսօր անդրադարձներ կլինեն քաղբանտարկյալներ Վոլոդյա Ավետիսյանի, Շանթ Հարությունյանի եւ մյուսների գործերին: Քննարկմանը մասնակցելու են նաեւ նրանց պաշտպանները:
Աղբյուրը՝ www.aravot.am