Սարի թաղի գործով հարցաքննվածները ցուցարարներին վերագրվող գործողությունների վերաբերյալ էական ցուցմունքներ չեն տվել, սակայն ցուցարարները շարունակում են կալանքի տակ մնալ
10:32, January 25, 2018 | Մամլո հաղորդագրություններԱյսօր՝ 2018 թ. հունվարի 25-ին՝ ժամը 16:00-ին, Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կշարունակի քննել Սարի թաղի ցույցերի մասնակիցներ Հրաչյա Բոյաջյանի, Արման Ադամյանի ու Ժորա Ավետիսյանի գործը:
Նրանք մեղադրվում են ՀՀ Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով բռնություն կիրառելու մեջ:
Հրաչյա Բոյաջյանի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը:
Մինչ օրս գործով հարցաքննված վկաները էական ցուցմունքներ չեն տվել՝ Սարի թաղի բնակիչներին վերագրվող գործողությունների վերաբերյալ, սակայն վերջիններս շարունակում են մնալ կալանքի տակ:
Դրան հակառակ՝ մինչ օրս իրավական գնահատական չի տրվել ոստիկանների գործողություններին, որոնց արդյունքում տուժել էին Սարի թաղի բնակիչները: Նրանցից որևէ մեկին դեռևս մեղադրանք չի առաջադրվել: