«Սարիթաղցիների մի մասը բղավում էր, որ գազ ու ջուր չունի, մի մասն էլ ուզում էր ՊՊԾ գնդի տղերքին միանալ». վկա-ոստիկան
18:00, January 25, 2018 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սասնա ԾռերԷրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Սարի թաղի բնակիչներ Ժորա Ավետիսյանի, Արման Ադամյանի եւ Հրաչյա Բոյաջյանի գործով հերթական դատական նիստն էր: Նրանք մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:
Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ Սարի թաղում ջուր եւ գազ չի եղել, դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի կողմ տանող ճանապարհն էլ փակ է եղել(տարածքը գրավված էր «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից), ինչի պատճառով բնակիչները դուրս էին եկել փողոց բողոքելու. նրանց եւ ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել, մոտ 10 անձ էր կալանավորվել:
Այսօրվա նիստում որպես վկա հարցաքննվեց հերթական ոստիկանը՝ Ռազմիկ Խառատյանը: «ՊՊԾ գնդի գրավման օրերին քաղաքացիներին հորդորում էինք դուրս չգալ: Արդեն վիճաբանություն էր սկսվում»:
«Չգիտեմ ինչու, բայց քաշքշուկ եղավ, քաղաքացիները հետ քաշվեցին ու սկսեցին քարերով հարվածել»,-դատարանին պատմեց Ռազմիկ Խառատյանը:
Թե ինչու ոստիկանները քաղաքացիներին թույլ չէին տալիս իջնել դեպի Խորենացի փողոց, վկան այսպես բացատրեց. «Գնդից հաճախ անկանոն կրակահերթեր էին տեղի ունենում, քաղաքացիները կարող էին տուժել: Նրանք փորձում էին առաջ գնալ, մինչդեռ ելումուտն արգելված էր՝ նրանց իսկ անվտանգությունից ելնելով: Մի մասը բղավում էր, որ գազ ու ջուր չունի, մի մասն էլ ուզում էր ՊՊԾ գնդի տղերքին միանալ»: