«Տարեկան քառասուն աղանդավոր վերջ է տալիս կյանքին». Ինքնասպանություններ կրոնական հողի վրա. ձեռնտու առասպե՞լ, թե՞ իրական պատկեր
10:03, November 25, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ25-ամյա Տիգրան Բաբայանի ինքնասպանության լուրն այս տարվա սեպտեմբերի 9-ին մամուլում հայտնվելուց հետո սոցիալական ցանցերում զանազան մեկնաբանություններ սկսեցին գրվել այն մասին, թե ինչն էր երիտասարդին դրդել ինքնասպանության: Երիտասարդն ինքնասպան էր եղել՝ նետվելով 10-րդ հարկի պատուհանից:
Facebook սոցիալական ցանցում օգտատերերից ոմանք հարցադրում արեցին՝ «կարո՞ղ է հոգևոր կառույցի անդամ է եղել»:
Սա միակ դեպքը չէ, երբ Հայաստանում ինքնասպանություն գործած անձի մասին եւ մամուլում, եւ սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվում, թե տվյալ անձն այս կամ այն կրոնական կազմակերպության անդամ է, թեման միանգամից քննակումների եւ շահարկման առիթ է դառնում:
Երբ օգոստոսի 30-ին ոստիկանների կողմից կանխվեց հերթական ինքնասպանությունը, Yerkir.am կայքը տեղեկություն տարածեց, թե ինքնասպանության փորձ կատարած աղջիկը հարել է «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությանը:
Որպես տեղեկատվության հիմք նշվում էր այն, որ իրավապահները նրա տնից հայտնաբերել էին «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության դպրոց ընդունվելու վերաբերյալ հարցաթերթիկ:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 397 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ինքնասպանություն գործածների թիվն ավելացել է 74-ով կամ 22.9 %-ով: Վերջին տասնամյակի ընթացքում Հայաստանում, ինչպես ցույց է տալիս «Մեդիալաբի» հոդվածը, չնայած արտագաղթի մեծ հոսքին, երկրում ինքնասպանությունների եւ ինքնասպանությունների փորձերի առնվազն կրկնակի աճ է արձանագրվել:
Սակայն, որեւէ տվյալ, թե ինչ դրդապատճառներով են մարդիկ ինքնասպանության գնում, գոյություն չունի: Չնայած պարբերաբար շահարկումներին եւ հրապարակումներին՝ չկա նաեւ առանձին վիճակագրություն այն մասին, թե տարեկան գրանցված ինքնասպանությունների քանի տոկոսն է կրոնական հողի վրա կատարվում:
«Մեդիալաբի» գրությանն ի պատասխան, թե կա՞ հստակ վիճակագրություն ինքնասպանությունների պատճառների մասին, որի վրա հիմնվելով կարող ենք հասկանալ՝ այդ դեպքերի քանի տոկոսն է կրոնական հարցերի հետ կապված, ՀՀ ոստիկանությունը պատասխանել է, թե վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում կրոնական հողի վրա ինքնասպանության դեպքեր չեն գրանցվել:
«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը, սակայն, հակառակն է պնդում:
Նրա խոսքով՝ կրոնական կազմակերպությունների անդամների շարքում շատ տարածված են ինքնասպանության դեպքերը։
«Նախկինում մեկ տարվա ընթացքում Հայաստանում աղանդավորների շարքում ինքնասպանություն է գործել շուրջ 40 մարդ, իսկ այսօր այդ թիվը կրկնակի աճել է։ Քսան տարում ավելի քան 700 աղանդավոր ինքնասպանություն է գործել, այդ թիվն արդեն վտանգավոր է»,- ասում է Ամարյանը:
Իրավապաշտպան, ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը, սակայն, նշում է, որ այդ թվերը փաստող ապացույցներ չկան:
«Նման պնդման համար որևէ հիմանվորում բացարձակապես գոյություն չունի: Ավելին, նման պարզունակ տրամաբանության ու մոտեցման դեպքում պետք է եզրակացնենք հետևյալը՝ քանի որ բնակչության գերակշիռ մասը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են, հետևաբար ինքնասպանությունների մեջ մեծ թիվ են կազմում հենց Առաքելական եկեղեցու հետևորդները»,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը:
Նրա խոսքով՝ նույն տրամաբանությամբ եթե շարժվենք, եթե ինքնասպանություն է գործում որևէ գործարար կամ որևէ քաղաքացի, ով վարկերի պատճառով է այդ քայլին գնացել, այդ դեպքում էլ պետք է ասել, որ իշխանությունների մեղքով է եղել:
Նա նշում է, որ ինքնասպանությունների խնդիրը Հայաստանում խորապես ուսումանսիրված չէ:
«Ավելի շատ շահարկվում է այդ դժբախտությունը՝ ելնելով քաղաքական կամ կրոնական նպատակահարմարությունից: Մինչդեռ, եթե ամեն կոնկրետ դեպք դիտարկենք, ապա կտեսնենք, որ հենց ինքնասպանություն կատարող անձինք պատճառների մասին ընդհանրապես որևէ տեղեկություն չեն հաղորդել, որոնք հիմք կտային պնդելու, որ դա կատարվել է՝ ելնելով նրա կրոնական համզամունքից կամ այլ պատճառներից»,- նշում է Սաքունցը:
Հոգեբան Կարինե Նալչաջյանն նշում է, որ ինքասպանություն գործելու պատճառները տարբեր են, մարդուն դեպի ինքնասպանություն տանող պատճառների մի ամբողջ համախումբ է աշխատում:
Բայց, նրա խոսքով, տարբեր կրոնական կազմակերպությունների անդամներն այս առումով ռիսկի խումբ են համարվում:
«Առանց կասկածի կարելի է ասել, որ աղանդների մեջ ներգրավված մարդիկ ռիսկային խմբին պատկանող մարդիկ են: Եվ կան բազմաթիվ փաստեր, նույնիսկ հայտնի տարբեր երկրներում աղանդավորների խմբակային ինքնասպանություններ, ինքնավնասումներ: Աղանդի մեջ ներգրավված մարդու հոգեկան աշխարհում այնպիսի փոփոխություններ են լինում, որոնք ինչ-որ հանգմանքներում, ինչ որ դրդիչների ազդեցության տակ, այո, կարող են մարդուն տանել դեպի ինքնասպանություն»,- «Մեդիալաբին» ասում է Կարինե Նալչաջյանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը նույնպես պնդում է, որ տարբեր կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ հակված են ինքնասպանություն գործելու, բայց ասում է, որ փաստեր չունի:
«Դժբախտաբար ես փաստեր չունեմ, բայց այդ երևույթն ավելի շատ տարածված է այն անձնաց մոտ, ովքեր այս կամ այն աղանդի հետևորդներն են: Հիմնականում ինքնասպանությունները, երբ բացահայտվում են, պարզվում է, որ տվյալ անձը պատկանում է ոչ ավանդական եկեղեցու, այլ ինչ-որ աղանդի»,- «Մեդիալաբին» ասում է Կոմիտաս Վարդապետը:
Հիշեցնենք, որ Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը նախկինում ևս փաստեր չէր կարողացել ներկայացնել իր հայտարարությունների վերաբերյալ: Իր ասուլիսներից մեկում նա ասել էր, թե Ուկրաինայից Հայաստան է ներթափանցել մի աղանդ, որը խրախուսում է ինքնասպանությունը, մանկապղծությունը, այլասերություն եւ նույնասեռականություն քարոզում: Նմանատիպ հայտարարություններով նա նաև հանդես է եկել դրան հետևած հեռուստատեսային տարբեր հեռուստաշոուների, բանավեճերի ժամանակ` առանց որեւէ հիմնավորում եւ փաստեր ունենալու:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը փետրվարին դիմել էր ԱԱԾ՝ խնդրելով ստուգել Կոմիտաս Վարդապետ Հովնանյանի կողմից հրապարակված տվյալների իսկությունը և դրանք չհաստատվելու դեպքում իրավական գնահատական տալ նրա գործողություններին՝ հիշատակելով ՀՀ քրեական օրեսնգրքի 226-րդ հոդվածը (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը):
Մեր հարցմանը ի պատասխան, թե կոնկրետ ո՞ր կրոնական կազմակերպությունն է Հայաստանում ինքնասպանություն քարոզում՝ Հովնանյանը պատասխանեց, թե կարիք չկա ինքնասպանություն քարոզելու, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է քրիստոնեությունը մատուցվում:
«Ես չեմ ուզում անունները տալով այդպես խոսել, բայց կան այդպիսի կազմակերպություններ, որոնք քարոզում են, որ ժամանակն է, որ դու անմիջապես միանաս երկնավոր հորը: Դա էլ դեռ հարցական է, որ ոչ մի քարոզիչ ինքը չէ, որ որոշում է, թե ով պիտի միանա: Նույնիսկ երբ Հիսուսին հարցրեցին նման հարցերի շուրջ, նա ասաց՝ ես չգիտեմ , գիտի իմ երկնավոր հայրս, որը երկնքում է: Այնպես, որ նմանատիպ քարոզները կարող են բացասական ազդեցություն ունենալ, որոնք վստահեցնում են իրենց հետևորդներին, թե՝ քանի որ դու մեր հետևորդն ես, վերջ, քեզ համար երկնքում արքայությունը պատրաստ է և դու կարող ես այն ժառանգել: Մարդիկ, հավատալով այդ խոսքերին, դառնում են նահատակներն այդ սխալ և սին քրոզչության»,- ասաց նա:
Կոմիտաս Վարդապետ Հովնանյանի խոսքով՝ որպես փաստ ինքը կարող է նշել «Էմո» շարժումը, որի հիմքում ինքնասպանության պահանջ կա:
«Եթե գաղափարախոսությունը կարող է քրիստոնեական գաղափարախոսություն չլինել, նշանակում է աղավաղված կրոնական շարժում է դա, որին հետևելով՝ մեր երիտասարդները հայտնվում են ոչ ցանկալի իրավիճակում ու կարգավիճակում»,- հավելեց նա:
Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասում է, որ շատ է հանդիպել դեպքերի, երբ ինքնասպանություն գործած անձանց ներկայացրել են որպես այս կամ այն կրոնական կազմակերպության անդամ: Բայց կոնկրետ փաստեր չկան:
«Միայն ասեկոսեներ են, իսկ դա հերթական անգամ կրոնական անհանդուրժողականության մթնոլորտի քարոզ է: Կա շատ մի պարզ հարց. եթե իսկապես Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների թվում լինեին այնպիսիք, որոնք դրդեին ինքնասպանության, և այդ փաստերն իսկապես հայտնի լինեին իրավապահներին, ապա պաշտոնական մակարդակով դա կասվեր և տեղեկատվություն կներկայացվեր, թե որ կրոնական կազմակերպությունից ինչքան մարդ է ինքասպանություն գործել և կներկայացվեին պատճառները: Քանի որ Հայաստանում պետությունն ու իշանությունը, մեղմ ասած, կրոնական կազմակերպությունների անունով չեն երդվում, դա հիանալի գործիք կլիներ իշխանության ձեռքին՝ այդ ամենը ներկայացնելու»,- «Մեդիալաբին» ասում է Իշխանյանը:
Նրա խոսքով՝ քանի որ իրավասու մարմիններն այդ մասին փաստեր չեն ներկայացնում և չեն խոսում, ապա պարզ է, որ բոլոր նման խոսակցություններն ընդամենը բամբասանք են:
Իշխանյանը նշում է, որ չի բացառում՝ ինքնասպանության գործած անձանց թվում կարող են լինել նաև այս կամ այն կրոնական կազմակերպության անդամները: Բայց դա դեռ չի նշանակում, որ ինքնասպանություն են գործել հենց այդ պատճառով:
«Եթե այդ տեսանկյունից վերցնենք, կարո՞ղ ենք ասել, որ մնացածը Հայ առաքելական եկեղեցու հետևորդներն են, ովքեր ինքնասպանություն են գործում»,- հարցադրում է անում նա:
Արթուր Սաքունցն էլ կարծում է, որ այս հարցում պետք են սոցիոլոգիական ու հոգեբանական լուրջ ուսումնասիրություններ, բայց ընդհանուր կարող ենք եզրակացնել, որ ինքնասպանությունների մի մասը պայմանավորված են սոցիալական, ներընտանեկան խնդիրներով: Հենց ուսումնասիրությունների բացակայությունն էլ, նրա խոսքով, նպաստում է այդ թեմայի տարաբնույթ շահարկմանը:
Թե ինչո՞ւ է լրատվամիջոցներում ու սոցցանցերում այս հարցը շահարկվում, Ավետիք Իշխանյանը պատասխանում է, որ մեր հասարակությունն ասեկոսներին հավատալու հակում ունի, չի մտածում՝ այդ հրապարակումներում ճշմարտություն կա, թե ոչ, ամեն ինչ հալած յուղի տեղ է ընդունում: Դրան նպաստում է նաև այն մթնոլորտը, որ կրոնական կազմակերպությունների դեմ քարոզ է տարվում:
«Վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպություններից ոչ մեկը ինքնազոհաբերության կամ զոհաբերության մղումներ ու ծրագրեր չունի»,- նշում է իրավապաշտպանը:
Աղբյուրը՝ medialab.am