«Բոլորիս համար էլ անակնկալ էր, մեկ օրվա ընթացքում, առանց պատշաճ մասնակցային գործընթաց ապահովելու և բազմաթիվ խախտումներով՝ նույնիսկ ԱԺ-ի քվեարկությամբ, ընդունեցին մի օրենսգիրք, որը չէր կարողանալու հաղթահարել Սահմանադրությամբ ամրագրված սահմանափակումները»,-այսօր Մեդիա Կենտրոնում տեղի ունեցած «Դատական օրենսգրքի ընդունումը խորհրդարանում. խնդրահարույց դրույթներ և մտահոգություններ» թեմայով ասուլիսի ժամանակ հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, հավելելով, որ Վենետիկի հանձնաժողովը այլ նախագիծ է ուղարկել , իսկ ԱԺ-ում ընդունել են մեկ այլ նախագիծ .« սա մանր կամ խոշոր խուլիգանություն է, որը այլևս զարմանալի չէ»:
Սաքունցը նշեց, որ անընդունելի է մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար ինստիտուտի՝ դատական համակարգին վերաբերվող օրենսդրական կարգավորմանը նման կերպ վերաբերվել. «առանց հանրային մասնակցության, առանց միջազգային խորհրդատվության, պատշաճ գնահատման, միաժամանակ զբաղվելով աճպարարությամբ ընդունել նման օրենսդրական փաթեթ, ցույց է տալիս գործադիր իշխանության, ինչպես նաև քաղաքական կայուն մեծամասնության վերաբերմունքը դատական իշխանության նկատմամբ, և ցավոք սրտի դատական իշխանության կողմից ծպտուն անգամ չկա»: