Սրտի խնդիր ունեցող զորակոչիկը զորակոչից կարճ ժամանակ անց մահացել է. հանձնաժողովի բժիշկը պատշաճ տվյալներ չէր արձանագրել
21:09, December 25, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր«Զորակոչիկների իրավունքների խախտումները 2016-2017 թթ. զորակոչերի ընթացքում» զեկույցի արդյունքները ցույց են տալիս, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին դիմած զորակոչիկների հարազատների ու զորակոչիկների թիվն աճել է:
«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը տեղեկացրեց, որ 2016-ի ձմեռային և 2017-ի ամառային զորակոչի ընթացքում արձանագրված խախտումների համար իրենց դիմել է 59 հոգի՝ զորակոչիկներ և նրանց հարազատներ. «Եթե նախորդ տարիներին գերակշռում էին հարազատների դիմումները, հիմա զորակոչիկներն իրենք են դիմում իրենց իրավունքների պաշտպանության հարցով: Մեր աջակցության արդյունքում 7 հոգու տրամադրվել է պարտադիր զինծառայությունից տարկետում, երեքը ճանաչվել են ժամանակավորապես ոչ պիտանի՝ այսինքն՝ երեք տարով տարկետում է տրվել: Երեք հոգի մինչև մեկ տարի ժամկետով տարկետում է ստացել, մեկ հոգու տրվել է մեկ տարով տարկետում»:
Արմինե Սադիկյանն ասաց. «Խնդիրների գերակշռող մասն, ինչպես նախորդ զորակոչին, առողջական են, երբ քաղաքացիները ենթարկվում են բժշկական զննության և համաձայն չեն լինում իրենց առողջական վիճակի վերաբերյալ տրված եզրակացություններին: Բժշկական եզրակացությունները լինում են հակասական: Փոխարենը ուղարկելու գոնե երրորդ բժշկական հաստատության ժխտման կամ հաստատման, անմիջապես պիտանելիության մասին որոշում են կայացնում: Շատ տարածված խնդիր է, երբ կիրառվում է ակնհայտորեն ոչ համարժեք հոդված այս կամ այն զորակոչիկի համար: Այսինքն՝ բժշկական փաստաթղթերն ասում են մեկ բան, սակայն վերջնական որոշման մեջ տրվում է բոլորովին այլ որոշում, որը հակաօրինական է: Ոչ միշտ են զորակոչիկների գանգատները հաշվի առնում բժշկական հանձնաժողովները: Երբ զորակոչիկը ցանկանում է ճշտել իր առողջական վիճակը մեկ այլ հաստատությունում՝ քաղաքացիական բժշկական հաստատությունում, նրան հրաժարվում են բուժզննության ենթարկել: Սա նշանակում է, որ կա հրահանգավորում և բժիշկներին, և բժշկական հաստատություններին, որ զորակոչիկներին չընդունեն»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, անդրադառնալով «Ազգ-բանակ» գաղափարախոսությանն, ասաց. «Չէինք ակնկալում, որ «Ազգ-բանակի» առաջադրումը կլինի, քանի որ այն չի համապատասխանում մարդու իրավունքների վերաբերյալ մտահոգություններին և չի տալիս համակարգային լուծումներ, այլ ուրիշ դաշտ է տեղափոխում, որի պարագայում առանձին փոքր փոփոխություններ կարող են կատարվել, բայց էական փոփոխություն՝ ոչ: Ուստի զինծառայության առումով մի շարք խնդիրների լուծման բացակայությունը մնում է մտահոգիչ»:
Պարոն Սաքունցը տեղեկացրեց, որ իրենց ներկայացրած՝ միայն մեկ առաջարկությունն է ընդունվել: Համաձայն դրա՝ բժշկական քննության կարգը և հիվանդությունների ցանկը, որը նախկինում սահմանվում էր ՊՆ նախարարի հրամանով, և իրենք պնդում էին, որ չպետք է լինի հրամանով, այլ օրենքով, հիմա կորոշվի կառավարության որոշմամբ: Սակայն ըստ Արթուր Սաքունցի՝ մի շարք սկզբունքային խնդիրներ այդպես էլ լուծում չեն ստացել. «Առաջին հերթին քրոնիկ մի քանի հիվանդությունների համակցությամբ պիտանելիության մերժման հարցն է: Ըստ ներկայիս օրենքի, եթե անձն ունի հինգ հիվանդություն, որոնցով ճանաչվում է սահմանափակումով պիտանի, ապա մեկ տարի տարկետում են տալիս: Ւսկ ինչո՞ւ հինգ և ոչ երկու: Մենք գտնում ենք, որ մեկից ավելի հիվանդությունների դեպքում պետք է անհապաղ տարկետում տրվի անձին: Ունենք դեպքեր, երբ զորակոչիկը սրտի հետ կապված խնդիր ուներ և ճնշումը բարձր էր, զորակոչային հանձնաժողովի բժիշկը պատշաճ տվյալներ չէր արձանագրել, և զորակոչվելուց կարճ ժամանակ անց զորակոչիկը մահացել էր: Մի շարք զորակոչիկներ կան, որ զորակոչվելուց կարճ ժամանակ հետո տեղափոխվում են զինվորական հիվանդանոց»:
Ամփոփելով՝ պարոն Սաքունցը կարևորեց այն, որ զորակոչիկներին զորակոչի ընթացքում թե զորակոչիկների, թե քաղաքացիական բժշկական հանձնաժողովները պետք է ոչ միայն իրենց սահմանված գործառույթներն իրականացնեն, այլ պարտավոր են յուրաքանչյուր զորակոչիկի իրազեկել նրա իրավունքների մասին, նաև բացատրել նրա՝ բողոքարկման իրավունքները: