«Եղել է բժշկական համապատասխան հիմնավորում». ՊՆ խոսնակը՝ Շահեն Հարությունյանի՝ հոգեբուժարանի ուղեգրի մասին
10:02, May 25, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպան Արթուր Սաքունցը սպասում է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանի՝ հոգեբուժարանում բժշկական ստուգումների եզրակացությանը: Այն ստանալուց հետո, ըստ իրավապաշտպանի, պարզ կդառնա, թե ինչքանով է հիմնավորված եղել նրան այդ հետազոտությունը նշանակելն ու ինչ նպատակով:
Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանը զինվորական կոմիսարիատից ուղեգիր է ստացել հոգեբուժարանում բժշկական ստուգում անցնելու վերաբերյալ:
Ըստ իրավապաշտպանի, պետք է բժիշկները նշած լինեին՝ ինչի հիման վրա են Շահեն Հարությունյանին հոգեբուժական ստուգման ուղեգիր տվել ու ինչով է պայմանավորված նրա հետազոտության նշանակումը. «Անպայման չէ, որ դա կապված լինի հոգեկան առողջության խնդիրների հետ, կարող է կապված լինի նյարդային համակարգի հետ կամ մտահոգիչ հարցեր լինեն: Ոչ թե ուղեգիրը կամ նման հետազոտության անցկացումն եմ համարում կասկածելի, այլ դրա հիմնավորվածության հետ կապված եմ խնդիր տեսնում, մանավանդ որ ժամանակին նրա հոր նկատմամբ հոգեբուժական հաստատությունն օգտագործել են որպես հետապնդման միջոց: Կան կասկածներ՝ արդյոք նույն ձեռագիրն ու մոտեցումն է, այս պահին դժվարանում եմ ասել: Երբ կստանանք եզրակացությունը, կարող ենք վերջնական կարծիք կազմել՝ ինչքանով է դա եղել հիմնավոր»:
Պարոն Սաքունցը նաեւ նկատեց, որ Շահեն Հարությունյանի նկատմամբ կա դատական որոշում. «Պատիժը պայմանական է կիրառվել, այսինքն, պատիժը ազատության մեջ է կրում: Մյուս հարցն այն է, թե ինչքանով է հիմնավոր, որ երբ անձի նկատմամբ կա դատարանի որոշում, նրա նկատմամբ կիրառել զորակոչային գործընթացը, եթե նա գտնվեր անազատության մեջ, նրան ինչպե՞ս էին զորակոչելու, հիմնական խնդիրը սա է»:
Aravot.am-ը ՊՆ-ից հետաքրքրվեց, թե ինչ հիմնավորմամբ են Շահեն Հարությունյանին զինվորական կոմիսարիատից ուղեգիր ուղարկել հոգեբուժարանում բժշկական ստուգում անցնելու վերաբերյալ: Ի պատասխան ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ստուգման նշանակումը լինում է ըստ անհրաժեշտության ու որոշում է բժիշկների հանձնաժողովը. «Առանց հիմնավորման հոգեբուժական ստուգման չեն ուղարկում, եղել է բժշկական համապատասխան հիմնավորում»: