«Տարօրինակ է, որ սպանությունից 13 օր անց նախաքննական մարմինը պաշտոնապես չի հրապարակել՝ Պերմյակովը մենա՞կ է եղել, թե՞ նրա հետ գործող այլ անձինք եւս կան». Սաքունց
10:30, January 26, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ խորհրդավոր սպանության վերաբերյալ անպատասխան մնացած հարցերը գնալով ավելանում են, իսկ նախաքննական մարմինները փոխանակ հասարակական հնչեղություն ունեցող նման գործի վերաբերյալ որոշակի տվյալներ հրապարակեն, այնպիսի հրապարակումներ են անում, որ ավելի են խորանում կասկածներն ու ավելանում են հարցերը: Նա օրինակ է բերում՝ ասելով՝ այն համր մի քանի վայրկյանանոց տեսանյութը, որ Քննչական կոմիտեն տարածեց, շատերի մոտ նոր հարցեր առաջացրեց.
«Տեսանյութից հստակ երեւում էր Պերմյակովի դեմքը եւ նաեւ հստակ ցույց է տրվում նրան հարցաքննող քննիչի դեմքը, իսկ երկու այլ անձանց դեմքեր թաքցված են: Եթե դիտարկենք նախաքննության կանոններից, ապա հարցաքննության ժամանակ այդ սենյակում գտնվելու իրավունք պիտի ունենային Պերմյակովի փաստաբանը եւ թարգմանիչը: Բայց նրանց դեմքերը նախաքննության գաղտնիք չէին կարող համարվել: Ենթադրենք մեկը թարգմանն է, մեկը՝ պաշտպանը: Այդ դեպքում ինչո՞ւ է նրանց դեմքը փակվել: Ինձ մոտ օրինակ հարց է ծագում՝ արդյոք փաստաբան ու թարգմանիչ են նրանք եւ որպես թարգմանիչ ու փաստաբան ովքե՞ր են ներգրավված: Դրանք նախաքննության գաղտնիք չեն: Կարող է եւ կարծիք ձեւավորվել, որ նրանք հատուկ ծառայության ներկայացուցիչներ են, որոնց ներկայությամբ քննությունը չի կարող օբյեկտիվ լինել: Եվ արդյոք այնպիսի անձինք չեն այդ մարդիկ, ովքեր ուղղակի ազդեցություն ունեն Պերմյակովի վրա եւ քննիչի վրա: Հարցերն ավելանում, քան պակասում են»,- ասում է իրավապաշտպանը:
Բացի այդ, ըստ Սաքունցի, տարօրինակ է, որ սպանությունից 13 օր անց նախաքննական մարմինը պաշտոնապես չի հրապարակել՝ Պերմյակովը մենա՞կ է եղել, թե՞ նրա հետ այլ անձինք են եղել, ինչը նրա կարծիքով վաղուց արդեն հայտնի պետք է լիներ:
«Հստակ բան չեն ասում այդ մասին, փոխարենը նկատվում է ինֆորմացիայի արտահոսք, որը ես համարում եմ ավելի շատ ուղղորդված: Եվ քանի որ անձը գտնվում է ռազմաբազայի հսկողության տակ, արդեն իսկ կարելի է տրամաբանել, որ նման տեղեկատվության արտահոսքը համաձայնեցված է նրանց հետ եւ ապակողմնորոշող է:
Մեկ վարկածի մասին է խոսք գնում՝ պաշտոնական աղբյուրներից դուրս հորդած, դա այն է, որ իբրեւ Պերմյակովը միակ ենթադրյալ հանցագործն է: Կրկնում եմ՝ կանխակալ եւ կանխամտածված արտահոսք է սա:
Ռուսական կողմը հենց ի սկզբանե գիտեր ինչ է եղել. քանի հոգի է ռազմական բազայի տարածքը զենքով թողել, քանի հոգի է դուրս եկել: Եվ գումարած դրան՝ իրենք այդ ամենի մասին պատշաճ չեն իրազեկել ՀՀ իրավապահ մարմիններին:
ՀՀ իրավապահները օպերատիվ հետախուզական գործողությունները 10:30 հետո են միայն սկսել, այնինչ եթե սպանության ենթադրյալ ժամանակը 06:06:30-ն է, նշանակում է՝ իրենք ռազմաբազայի տարածքը թողած պիտի լինեն ժամը 5-ի շրջանում:
Միանշանակ է, որ հինգ ժամ ՀՀ իրավապահ մարմինները տեղեկություն չեն ունեցել զինվորների դուրս գալու մասին: Ռուսական կողմն այս ամենը լավ գիտի եւ ի սկզբանե որոշված էր՝ ինչ ուղղությամբ պետք է տանեն գործի քննությունը:
Դրա համար շատ կարեւոր էր, որ ի սկզբանե Պերմյակովը գտնվի իրենց տիրույթում, որ ի սկզբանե մշակված վարկածը ուղղակի իրականացնեն՝ իհարկե դրա համար ունենալով համապատասխան թիկունք. քաղաքական ղեկավարության մասին է խոսքը»:
Ըստ Ա. Սաքունցի՝ այլ բան կլինի, եթե իրականությունը հանրությունն իմանա: Նրա խոսքերով՝ գործը եւ մեղադրյալը եթե լինեին ՀՀ իրավապահների ձեռքին, ապա քրեակատարողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամները, որոնցից մեկն էլ ինքն է, գոնե իրավունք կունենային հանդիպելու մեղադրյալին, որոշ մանրամասների ծանոթանալու: Իսկ հիմա գործը ամբողջովին փակ է՝ ռուսական կողմի ձեռքում:
«Գիտենք, որ մշտապես մեր ռազմական ուժերում էլ է այդպես. շատ առանձին հանցագործություններ, որոնք կարող են բացահայտել շատ համակարգային խնդիրներ, կոծկվում են, տեղափոխում նեղ շրջանակներում: Դա արվում է նրա համար, որ տվյալ ինստիտուտի նկատմամբ հանրության վերաբերմունքը չփոխվի: Իրական պատկերի ներկայացման պարագայում վերաբերմունքը լուրջ կլինի: Պատկերացնու՞մ եք ինչ կլիներ, եթե ասեն՝ մի ամբողջ խումբ է փախել այդ գիշեր զինված… դա ոչ միայն կնշանակի, որ բեսպրեդել է ռազմաբազայում, այլ որ ՀՀ իշխանությունների նկատմամբ նրանք բացահայտ արհամարհական եւ անպատասխանատու վերաբերմունք ունեն»,- գտնում է իրավապաշտպանը:
Աղբյուրը՝ galatv.am