Ցուցարար Վահրամ Պետրոսյանի գործով հակընդդեմ հայց կներկայացվի
17:01, January 26, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն2017 թ. հունվարի 26-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Հարությունյանի, կայացավ նախնական դատական նիստ՝ 2016 թ. մարտին Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքի մասնակից Վահրամ Պետրոսյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի քննության շրջանակներում:
Դատարան ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջել է Վ. Պետրոսյանին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:
Նախնական դատական նիստին մասնակցում էին հայցվոր ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ավագ իրավախորհրդատու Սոնա Մելիքյանը, պատասխանող Վ. Պետրոսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Դատարանը հայտնեց, որ պատասխանողի կողմից ներկայացված հակընդդեմ հայցադիմումը վերադարձվել է, որի վերաբերյալ դատարանի որոշումը տրամադրվել է Տ. Սիրադեղյանին: Վերջինս նշեց, որ դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո պատասխանող կողմը ցանկանում է օգտվել հակընդդեմ հայցադիմումում պետական տուրքի գումարի վճարումից ազատելու կամ պետական տուրքի գումարի վճարումը հետաձգելու միջնորդությանը կից գույքային վիճակի վերաբերյալ ապացույցի բացակայությամբ պայմանավորված թերություննեը վերացնելու և օրենսդրությամբ սահմանված ժամկետում այն կրկին դատարան ներկայացնելու իրավունքից, ուստի՝ միջնորդեց դատական նիստը հետաձգել:
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նախնական դատական նիստը նշանակվեց 2017 թ. մարտի 27-ին՝ ժամը 14:30-ին:
Հիշեցնենք՝ հավաքի մասնակիցները ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման էին ենթարկվել և տեղափոխվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ նրանց նկատմամբ իրականացվել էր վարչական վարույթ՝ հավաքի մասնակցի կողմից իր պարտականությունները չկատարելու ու հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու հիմքով: Հետագայում դատարան ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջել էր Վ. Պետրոսյանին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:
Տես նաև՝ aravot.am