Փոխանակ բանակում հոգեբան սպաների թիվն ավելացնենք, հոգեւորականների թիվն եք ավելացնում. Սաքունց
17:24, January 26, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՈչ մարտական գործողությունների պայմաններում բանակում գրանցված մահվան դեպքերը պաշտպանական համակարգի կազմակերպիչների համար մտահոգիչ են: Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, «Մարդու իրավունքները զինված ուժերում. 2016-ի ամփոփում» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ նշել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանը՝ անդրադառնալով իրավապաշտպանների պնդմանը, որ 2016թ-ին, երբ պատերազմական գործողություններ են եղել, բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի թիվն ավելացել է գրեթե 4 անգամ:
Նա ընդգծեց, որ իրենք մտադիր չեն հակառակվել քաղաքացիական հասարակության բարձրաձայնած խնդիրներին ու ավելին, արձագանքում են դրանց: «Պետք է հաշվի առնել հետպատերազմյան սինդրոմը. Պատերազմական անմիջական վտանգի անցումից հետո անգամ շարունակում են լինել սոցիալ-հոգեբանական լուրջ խնդիրներ, կուտակված սթրեսը դուրս է մղվում ինչ-որ ձեւով եւ ի հայտ են գալիս լուրջ խնդիրներ», -ասաց Ավետիսյանը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը համաձայնեց, որ պատերազմից հետո սթրեսային վիճակն ուժեղանում է, ապա հավելեց. «Բայց փոխանակ հոգեբան սպաների թիվն ավելացենք, հոգեւորականների թիվն եք ավելացնում: Մեզ հոգեւորականներ պետք չեն, այդ երեխաները խայտառակ սթրեսային վիճակում են ապրում: Հոգեւորականները թող գնան իրենց գործերով զբաղվեն»,- ասաց Սաքունցը:
Ի պատասխան Ալիկ Ավետիսյանն ասաց, որ հոգեբանի հաստիքը լրացուցիչ հաստիք է: «Որակյալ, լավ հոգեբանները չեն ցանկանում ներգրավվել, քանի որ դա վտանգավոր, ծանր ծառայություն է. Այժմ դիտարկվում է ռազմական հոգեբանության կրթական բաղադրիչը ներդնելու մասին հարցը»: