«Ապրիլին զոհվածների մահվան հանգամանքները պետք է ներկայացվեն հարազատներին». Սաքունց
13:48, January 26, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԻրավապաշտպան Արթուր Սաքունցը համոզված է, որ զինված ուժերում մարդու իրավունքների վիճակը չի բարելավվել, այդ մասին են վկայում մահացության դեպքերի եւ կարգապահական տույժերի ավելացման թվերը:
«Արվե՞լ են այն համակարգային փոփոխությունները, որ մարդու իրավունքների վիճակը վատթարացնող գործոնները նվազեն: Ցավոք, ոչ: Զորակոչի կազմակերպումից սկսած՝ առողջական լուրջ խնդիրներ ունեցող զորակոչիկների հետ կապված խնդիրները մնում են: Հասկանալի չէ, թե ինչպես կարող է ոչ ստանդարտ կոշիկներով զինվորը ծառայության մեջ գտնվել: Այդ գործը դատարանում է»,-«Մեդիա կենտրոնում» այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Արթուր Սաքունցը:
Նրա նշեց, որ մարդիկ վախենում են բողոքել եւ վստահ չեն, որ բողոքելու համար հետապնդման չեն ենթարկվի:
Սաքունցը կրկին պնդեց, որ ապրիլյան պատերազմի ընթացքում մահացության դեպքերի հանգամանքները ոչ միայն պետք է ուսումնասիրվեն, այլեւ ներկայացվեն զոհերի հարազատներին եւ հանրությանը: «Գաղտնիության շղարշը չի կարող արդարացում ունենալ ՊՆ-ի համար: Այդպես էլ չտեսանք ռազմական օմբուդսմենի ուղղությամբ հիմնադրման քայլեր: Այդ ինստիտուտի ներդրումը լուրջ փոփոխության գրավական կլիներ»,-նկատեց իրավապաշտպանը:
Տես նաև՝ Անթույլատրելի է, երբ զինվորներին նայում են որպես մահացության սուբյեկտների. իրավապաշտպան