Կրեմլը չի կարողանում իր կայսերապաշտությունն ավարտին հասցնել. Սաքունց
14:51, May 26, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ԵՄ, ԵՏՄ
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, «Եվրոպական ընտրություն» նախնական անվանումը կրող հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ Արթուր Սաքունցը:
– Պարոն Սաքունց, կայացավ նախաձեռնության առաջին աշխատանքային հանդիպումը, և այն կուսակցությունների մեծամասնությունը, որոնց դիմել էիք նախաձեռնության աշխատանքներին մասնակցելու կոչով, չեն արձագանքել կամ դեռ չեն կողմնորոշվել. ինչո՞ւ:
– Մենք այսօր ընդամենը կարող ենք արձանագրել, որ այն կուսակցություններից, որոնց եվրոպական նախաձեռնող խմբի կողմից ուղարկվել էր ուղերձը, արձագանքել է 5 կուսակցություն: «Ազատություն» կուսակցությունը հայտարարեց, որ իրենք «ոչ…ոչ» տարբերակի կողմնակից են, իսկ մնացած կուսակցությունների ներկայացուցիչները հայտնեցին, որ իրենց քաղաքական ղեկավար մարմինները պետք է քննարկեն՝ վերջնական որոշում կայացնելու համար:
Հարց է, թե ինչու մնացածը չեն արձագանքել. ավելի ճիշտ կլինի այդ կուսակցությունների ներկայացուցիչներին տալ այդ հարցադրումը: Մենք արձանագրում ենք այն, ինչ կա: Այն կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք նշեցին, որ քաղաքական մարմինները կորոշեն, ես վերագրում եմ նրան, որ շատ լուրջ են վերաբերվում նախաձեռնությանը և չեն ուզում միանձնյա որոշումներ կայացնել: Դա տրամաբանական է. իրենք պետք է իրենց մարմիններում քննարկեն: Պարզապես այստեղ շատ կարևոր է երևի ժամանակի գործոնը, որովհետև գործընթացները շատ արագ են զարգանում, և իսկապես ամեն օրվա հապաղումը, կարելի է ասել, մեզնից է գնում, և մենք կորուստներ ենք ունենում:
Մենք կշարունակենք մեր աշխատանքը: Կարևորն այն է, որ մենք ունենք մեր նախաձեռնության հայտարարությունը, նախաձեռնող խումբը կա, իսկ ինչ վերաբերում է հետագա աշխատանքներին, ապա աշխատանքային մեր հաջորդ օրակարգը կլինի ընդլայնված, այն կկազմակերպենք բոլոր մասնակիցների ներգրավմամբ՝ քաղաքացիական ակտիվիստների, հասարակական կազմակերպությունների, կամ բոլոր նրանց, ովքեր կհայտնեն միանալու ցանկություն: Իսկ քաղաքական կուսակցությունները երբ կայացնեն վերջնական որոշում, նախաձեռնությունը միշտ բաց է, և մենք որևէ նպատակ չունենք դռները փակելու:
Պարզապես նորից եմ կրկնում. ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու լիբերալ դաշտում կամ եվրոպական արժեքային դաշտում, մեր պատկերացմամբ, գործող կուսակցությունները չեն կարողանում համախմբվել մի տեղ, ես պետք է ասեմ, որ ընդհանրապես լիբերալները շատ դժվար են միավորվում, որովհետև անհատականությունը շատ կարևոր սկզբունք է, և անհատականության այդ սկզբունքների հիման վրա ինչ-որ տեղ միասնական գտնվելու կամ ինչ-որ տեղ միասին աշխատելու հանգամանքը շատ դժվար է, և հենց դա է ժողովրդավարության էությունը: Սրանով մենք նաև արձանագրում ենք այսօրվա մեր ժողովրդավարական մշակույթի վիճակը: Մենք վերստին հասկանում ենք, որ իրապես այդ մշակույթի ձևավորումը շատ երկարատև գործընթաց է պահանջում մշակույթի ձևավորման տեսանկյունից, բայց սա պրոցես է, որը մենք սկսել ենք:
– Ինչպե՞ս եք պատկերացնում «Եվրոպական ընտրության» գործունեությունը:
– Ես ասացի, արդեն այստեղ էլ նշվեց, որ դա պետք է լինի հանրային իրազեկում: Առաջին հերթին պետք է կանխարգելել Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը: Դրա համար պետք է կատարվի և հանրային իրազեկումը, և անցկացվեն հանրային մոբիլիզացիա, քննարկումներ, ակցիաներ, այսինքն՝ մենք պետք է բոլոր այն հարցերը, որոնց վերաբերյալ այսօր հանրային դաշտում պատասխաններ չեն տրվում կամ ֆրագմենալ են տրվում, այդ պատասխանները պետք է համակարգված ձևով տրվեն, պետք է մարդկանց պարզաբանվի և ոչ թե երկչոտությամբ, ոչ թե առանձին անհատական մակարդակներում, այսինքն՝ ոչ թե յուրաքանչյուր ներկայացուցիչ առանձին պատասխաններ տա, այլ պետք է տրվի համակարգված պատասխանների ձևով:
Հետագա նպատակները կիրականացնի նախաձեռնող խումբը: Այն կոլեգիալ քննարկումներով կորոշի իր անելիքները: Բայց հիմնական գաղափարը կլինի կասեցնել Մաքսային միությանն անդամակցությունը՝ նաև ձևավորելով Հայաստանի Հանրապետությունում պետական արժեքային համակարգի հասարակական պահանջարկ:
-Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցության ճանապարհին կարծես խոչընդոտ է առաջացել: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ԼՂ-ն ու ՀՀ-ն մեկ միասնական տարածք են՝ ակնարկելով, որ ՀՀ-ի ու ԼՂ-ի միջև ՄՄ-ում անցակետ չի կարող տեղակայվել: Այս դիտարկումը ռուսաստանցի փորձագետները որակում են որպես եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներից հրաժարում: Իրականում, Ձեր տպավորությամբ, որտե՞ղ պետք է փնտրել խնդիրը:
– Խնդիրը կայանում է նրանում, որ մի գործընթաց, որում չկա արժեքային համակարգ, կա միայն գաղութային, գերիշխանության հաստատման պրոցես, այդ գործընթացը, ըստ էության, ունենալու է նման հարցեր: Այսինքն՝ ոչ թե կոնցեպտուալ պատասխաններ ունեն, այլ կոնցեպտուալ թելադրանքի կամ թելադրանքը ի կատար ածելու հարցեր, Ռուսաստանը պարզապես ցանկանում է իր կայսերապաշտական գերիշխանությունը լիարժեք իրականացնել, դրա համար բան չունի առաջարկելու՝ բացի իր իշխանությունից: Ինքը միայն մեկ բան է առաջարկում՝ ենթարկվեք ինձ, իսկ այդ ենթարկվելու հետ կապված բազմաթիվ հարցեր են առաջանում թե Բելառուսի, թե Ղազախստանի կողմից: Հայաստանը այլ կոնցեպցիա չունի՝ բացի այդ որոշումներին հնազանդվելուց: Մենք բոլորովին այլ բան ենք առաջարկում՝ պետք է արժեքների նկատմամբ հասկացություն ձևավորվի, և արժեքների հիման վրա պետք է ձևավորվի պետությունը, որը խաթարված է: Եթե խաթարված չլիներ, մենք չէինք ունենա այս վիճակը: Այս նախաձեռնության նպատակն է այդ Ձեր նշած բոլոր հարցերին տալ ոչ թե պատեհապաշտ պատասխաններ, այլ համակողմանի և երկարաժամկետ պատասխաններ, ցույց տալ զարգացման ուղիները: Մեր զարգացման ուղենիշը եվրոպական արժեքների վրա պետության զարգացումն է, ձևավորումը: Սա ենք համարում միակ հնարավորությունը գործընկերային կապերի, եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության:
Աղբյուրը՝ m.1in.am